Իշխանությունն ունի՞ պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ` դրանք երբվանի՞ց են, ի՞նչ ծավալի են

Իշխանությունն ունի՞ պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ` դրանք երբվանի՞ց են, ի՞նչ ծավալի են

«Հրապարակի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ, քաղաքական-հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը։

- ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում քննարկվում էր ՄԻՊ թեկնածուի հարցը, խորհրդարանական ընդդիմությունից ներկա էր միայն հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Ճի՞շտ էր արդյոք խորհրդարանական ընդդիմության կողմից առաջադրված՝ սեփական թեկնածուին մենակ թողնելը։

- Ես կարծում եմ, որ Հայաստանում իսկապես առաջնահերթությունների խնդիր գոյություն ունի, եւ, միանշանակ, այսօր դա չէ կարեւորը` ընդդիմադիրները կայի՞ն հանձնաժողովի նիստին, թե՞ չկային։ Այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հարցն է ամենակարեւորը, եւ բոլոր մնացած հարցերը պետք է ածանցվեն այդ հարցին։ Այս փոփոխական եւ դինամիկ զարգացող աշխարհում, երբ հսկայական քաղաքական տեկտոնական տեղաշարժեր են տեղի ունենում, այն, ինչ կատարվում է Հայաստանում, ավելի շուտ հիշեցնում է ջայլամի վարքագիծ, երբ գլուխդ մտցնում ես ավազի մեջ՝ չնկատել տալու համար, թե ինչ է կատարվում շուրջդ։ Ակնհայտորեն, քաղաքական դաշտում գործող ներկայացուցիչներն այսօր չեն ապահովում այդ խնդիրների լուծումը՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում իրենց միջեւ, բացարձակ կապ չունի այն մարտահրավերների հետ, որոնք ծառացած են Հայաստանի առջեւ։ Հանձնաժողովում տեղի ունեցածը շատ տհաճ էր, բայց ակնհայտ է, որ իշխանությունները մի ուղղությամբ են շարժվում, հռոմեական հայտնի ասացվածքով, երբ հացի բացակայության պարագայում, իսկ այս դեպքում հացն անվտանգությունն է, պետք է տեսարանները շատանան, եւ այդ տեսարանների հետ կապված մեկ դրվագ էր այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում։ 

- ՔՊ-ական պատգամավորների վարքն ինչպե՞ս եք գնահատում։ Միջազգային հանրության ընկալումներում ինչպիսի՞ երեւույթ է սա, ու ժողովրդավարական երկրում նման պահվածքից հետո ի՞նչ գործընթացներ կսկսվեին։

- Այն, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չի դարձել ու բավականին ճանապարհ պիտի անցնի, որ այդպիսին լինի՝ հստակ է։ Ժողովրդավարական կարող է կոչվել երկիրը, որն ունի ժողովրդավարական, ինստիտուցիոնալ կառույցներ, համակարգեր, որտեղ անձի դերակատարումը կամ իր՝ միայնակ որոշում ընդունելու որոշումը սահմանափակվում է օրենքներ ընդունելու շրջանակում, եւ կա հակակշիռների եւ զսպումների մեխանիզմ: Մենք բավականին հեռու ենք դրանից։ Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, ակնհայտորեն մեր ներկա իրավիճակի տրամաբանության շրջանակում էր։ Իսկ թե ինչ ազդեցություն այն ունի միջազգային գործընկերների վրա, ապա` ազդեցություն ունի միայն տվյալ պետության կշիռը: Թե այն որքանով է կարողանում իր առջեւ ծառացած մարտահրավերները լուծել, եւ արդյոք այդ երկիրն ադեկվա՞տ է իրեն պահում տվյալ պահին ծառացած մարտահրավերների առջեւ։ Ակնհայտ է, որ որեւէ ձեւով իշխանությունն այս պարագայում իրեն ադեկվատ չի պահում։ Գռեհկաբանությունը ցանկացած դեպքում անընդունելի է՝ լեզուն կտրելուց սկսած, վերջացրած այլ դրվանգներով: Բայց դա սովորական է այս խորհրդարանի համար։ Մենք տեսել ենք այս խորհրդարանում մեծ ծեծկռտուքներ` առանց որեւէ պրոցեսի, ընդամենը թեթեւ լեզվակռիվ՝ շոուի մակարդակ ապահովելու համար։ Մեկ բանում, կարծում եմ, համոզված ենք բոլորս՝ այս խորհրդարանը սպառել է իրեն, այս իշխանությունը սպառել է իրեն, այդ թվում որոշակիորեն կարող ենք ասել խորհրդարանական ընդդիմության մասին։ Անհրաժեշտ են նոր, բովանդակային քայլեր, եւ այդպիսին, իմ կարծիքով, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունն է, որը պետք է երկիրն իսկապես պատրաստի բովանդակային կառավարման եւ ոչ թե շոուների եւ պոպուլիզմի քայլեր իրականացնող իշխանություն ձեւավորի։

- Ալեն Սիմոնյանի եւ կանադահայի միջադեպից հետո ի՞նչ պետք է աներ իշխանությունը, եւ ինչպե՞ս եք գնահատում Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այս մասով։

- Այն, ինչ տեղի ունեցավ, իհարկե, տգեղ էր, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չմոռանանք, անկախ Հայաստանի առաջին խորհրդարանի նախագահն է նաեւ եղել, իր վերաբերմունքը, կարծում եմ, կմեկնաբանեն հենց իր կուսակիցները։ Կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել, Ազգային ժողովի նախագահին հարիր չէ, եւ ցանկացած պարագայում սա այն քննարկման նյութը չէ, որ մենք պետք է քննարկենք։ Անընդհատ նման կեղծ թիրախների հետեւից ընկնելով, որ անընդհատ նետելու է իշխանությունը, մենք սխալ ուղու վրա կգտնվենք եւ բովանդակային հարցեր լուծելու փոխարեն կընկնենք ժամավաճառության հետեւից։

- Տեղ գյուղում ադրբեջանցիները հերթական առաջխաղացումն են իրականացրել, սրանով կավարտվե՞ն նման զարգացումները։

- Այստեղ իսկապես խոր մտահոգության տեղ կա, որովհետեւ, ակնհայտորեն, իշխանություններն իրենց լիազորություններից բարձր եւ իրենց նախընտրական ծրագրից դուրս քայլեր են իրականացնում, որոնք անմիջականորեն ազդում են Հայաստանի անվտանգային հարցերի վրա, եւ հստակ խոսվում է, որ այդպիսի պայմանավորվածություն է եղել դեռեւս անցյալ տարի։ Այսինքն, հասարակության եւ պետության թիկունքում իշխանություններն ինչ-ինչ քայլեր են իրականացնում՝ ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի հովանավորության ներքո, որոնք ավելի խոցելի են դարձնում մեր անվտանգային հարցերը։ Եթե մենք փոքրիշատե իրավական պետություն ունենայինք, այսպիսի իշխանությունն անմիջապես իրավապահ համակարգի ուշադրության առջեւ կկանգներ։ Բազմաթիվ քրեական գործեր կարելի էր հարուցել, որովհետեւ, ըստ Սահմանադրության, Հայաստանի տարածքային փոփոխություն որեւէ մեկն իրավունք չունի իրականացնել` առանց հանրաքվեի։ Իսկ այստեղ ոչ թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին է խոսքը գնում, այլ ՀՀ տարածքի փոփոխության։ Էլ չեմ խոսում, որ իշխանության թիվ մեկ պարտականությունն անվտանգային հարցերն են, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ, եւ այդ պարտականությունը դրված է իրենց վրա։ Ինչպես 2020 թվականին իրենք չկարողացան լուծել այդ հարցը, այնպես էլ՝ հիմա։ Ուղղակի մեր քաղաքացիները, նախորդներից «ահաբեկված», որովհետեւ դա օգնություն էր այս իշխանություններին, գնացին, նորից ընտրեցին պարտված իշխանությանը։ Բայց դա արդարացում չէ, այստեղ մենք ունենք շատ լուրջ խնդիր, իշխանությունն ունի՞ պայմանավորվածություններ, եւ այդ պայմանավորվածությունները երբվանի՞ց են, ի՞նչ ծավալի են՝ չգիտենք, եւ հենց դա հետաքննության առարկա պետք է դառնա։

- Իշխանությունը հայտարարեց, թե Արցախին կապող նոր ճանապարհի շինարարությունն ավարտվել է՝ մոռանալով նշել, որ բլոկադան շարունակվում է։ Այս տեղեկատվական մանիպուլյացիայի նպատակը ո՞րն է։

- Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, սպասելի էր։ Այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց 2020 թ. նոյեմբերի 9-ին, նախապատրաստական շատ պարարտ հող էր ձեւավորում Ադրբեջանի համար, որպեսզի հետագայում այդպիսի քաղաքականություն իրականացնի։ Նկատի ունեմ Քարվաճառի եւ Բերձորի շրջանների հանձնումը հատկապես, եւ պարզ է, որ Ադրբեջանը վաղ թե ուշ օգտվելու էր դրանից, հատկապես երբ տեսնում ենք, որ Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, անընդհատ միջամտում է, եւ Ադրբեջանը ստանում է Ռուսաստանի աջակցությունը։ 

- Աննա Հակոբյանը հայտարարեց, որ 11 հազար դասալիք ենք ունեցել։ Ի՞նչ իմաստ ուներ նման հայտարարությունը։

- Առաջին դեմքերի ամուսինները պետք է զբաղվեն կա՛մ հասարակական, կա՛մ մասնագիտական գործունեությամբ։ Չեմ ցանկանում մեկնաբանել ընտանիքի անդամին։ Ուղղակի իմ պատկերացումն այն է, որ ընտանիքի անդամը պետք է ընդամենը օգնի ամուսնուն, որպեսզի նա իրականացնի իր ծառայողական պարտականությունները, եւ ոչ թե պետական գաղտնիք հայտարարի կամ ստահոդ լուրեր տարածի։ Ես այն համոզումն ունեմ, որ Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաեւ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները պատրաստ էին պայքարել մինչեւ վերջ, Հայաստանի Հանրապետությունում ուղղակի հերթեր են եղել զինկոմիսարիատների առջեւ, դրա համար խոսել դասալքության մասին, ես կարծում եմ՝ ճիշտ չէ, եւ որեւէ ձեւով չի կարելի առանց այդ էլ խիստ բարեփոխումների կարիք ունեցող բանակի մասին նմանատիպ հայտարարություններ տարածել։ Կարծում եմ, իրավական երկիր լինելու պարագայում այս դեպքով եւս պետք է զբաղվեին իրավապահները։