Քննչական կոմիտեն ինչո՞ւ է կարևորել ինքնահռչակ խմբին

Քննչական կոմիտեն ինչո՞ւ է կարևորել ինքնահռչակ խմբին

ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդեց, որ «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանի մասնակցությամբ միջադեպի հետ կապված ՀՀ քրօր․ 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ «Պարզվել է, որ 2020թ. հունիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի Տիչինայի փողոցում մի խումբ անձինք «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին ձեռքերով, ոտքերով հարվածներ են հասցրել»: 

Խուլիգանության մեջ մեղադրվողները՝ Վահե Նազարյանն ու Գոռ Բաղդասարյանը, սակայն, վստահեցնում են, որ կռիվն իրենք չեն սկսել, այլ առաջինն իրենց վրա հարձակվել է Հայկ Ստեփանյանը՝ ընկերների հետ ավտոճանապարհային միջադեպից հետո, քանի որ նրան ճանապարհ չեն տվել: Նրանք վնասվածքներ են ունեցել․ մեկի ձեռքն է կոտրված, մյուսի մարմնին կապտուկներ կան: Նրանց փաստաբան Սասուն Ռաֆայելյանն ասում է, որ այս հաղորդագրությամբ ոչ մի նոր բան չեն ասել: «Ուղղակի մեղադրանք առաջադրելու 7-օրյա ժամկետն ավարտվել է, կանչել են իմ վստահորդներին եւ մեղադրանք են առաջադրել»: Նա ասաց, որ իր վստահորդները մանրամասն ներկայացրել են, թե ինչ է կատարվել, որ «Օպելի»՝ իրենցից ճանապարհ պահանջող վարորդը, բացելով պատուհանը, գոռացել է, պարզաբանում է պահանջել, թե ինչու ճանապարհ չես զիջում: «Գոռը բացատրել է, որ մեծ «գռուզավիկ» էր, որին վազանց է արել, նոր կարողացել աջ կողմում տեղավորվել, ի՞նչն է խնդիրը: Ի պատասխան, Հայկ Ստեփանյանն ասել է՝ լավ չի, արա, էսի, աջ քաշի, կանգնի մի հատ»:

Դրանից հետո Հայկ Ստեփանյանն ընկերների հետ ծեծի է ենթարկել Գոռին ու Վահեին: Ըստ Ռաֆայելյանի, իր վստահորդները ոստիկանությունում հաղորդում են տվել իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ․ «Նրանք պնդել են իրենց ցուցմունքները»: Տղաները չեն ժխտում, որ Աշտարակի մայրուղում տեղի ունեցած վիճաբանությունից հետո իրենք են ծեծել Հայկին, արդեն իրենց տարածքում՝ «Բանգլադեշ» թաղամասում: Իսկ Ստեփանյանը ներկայացնում է, որ ինքն ընտանիքի հետ է երթեւեկելիս եղել, ոչ մեկին չի ծեծել, որ վիճաբանության մեջ մեղավոր են Վահեն ու Գոռը, որոնք երեկոյան արդեն Տիչինայի փողոց են իրեն կանչել ու 40-50 հոգով ծեծի ենթարկել: Ըստ նրա, կա տեսագրություն, սակայն թե ով է արել այն, Ստեփանյանը չի ասում: 

ՀԳ․ Ի դեպ, ովքե՞ր են «հեղափոխության պահապանները», այդ ի՞նչ ինքնահռչակ խումբ կամ խմբավորում է, որեւէ տեղ գրանցվա՞ծ է այն, իրավաբանական գրանցում կարծես թե չունի․ պետռեգիստրում նայեցինք՝ չկար նման անունով գրանցված որեւէ կազմակերպություն։ Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն կարեւորել այս ինքնահռչակ խմբի գոյությունը, որ իր հաղորդագրության մեջ հատուկ շեշտել է «հեղափոխության պահապաններ» անունը։ Սա ի՞նչ տերմինոլոգիա է։ Քննչական կոմիտեն ու նրա նախագահը, փաստորեն, ընդունում են, որ Հայաստանում կան հեղափոխությունը տապալողներ եւ այն «պահպանողներ»։