Քաղաքական ինքնասպանություն կգործեն․ «Շիրակ» կենտրոնի նախագահը՝ «Բալասանյան դաշինքի» եւ ՔՊ-ի միավորման մասին

 Քաղաքական ինքնասպանություն կգործեն․ «Շիրակ» կենտրոնի նախագահը՝ «Բալասանյան դաշինքի» եւ ՔՊ-ի միավորման մասին

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի համար այնքան էլ անակնկալ չէին։

«Ինձ համար 70 տոկոս սպասելի էր պատկերը, ես թիմերի հետ հանդիպումներ էի ունենում, եւ կանխատեսում էի թե նման արդյունք, թե մասնակցության ցածր ցուցանիշ։ Մի փոքր անակնկալ էր իշխող կուսակցության ցուցանիշը, այդքան ռեսուրսներ օգտագործելուց հետո ցածր էր, իսկ բոյկոտը հաշվարկել էի, ընտրողների 15-20 տոկոս մասնակցությունն էի կանխատեսել, բայց չէի կարծում, որ դա այդչափ կազդի նաև ընտրության արդյունքների վրա։ Իսկ իշխող ուժի պարտությունը իրենց թիմի պառակտվածության կամ քաղաքապետի թեկնածուի թույլ լինելու հետ մի կապեք, այդ թիմի ամենապարկեշտ թեկնածուն էր առաջին համարը։ Բա ինչ էիք ուզում, որ գյումրեցին ուրիշ ինչ աներ․․․

Չմոռանամ ասել, որ այսպես ասած նախկինների չմասնակցելը ևս ազդեց քաղաքում նորմալ ընտրության կայացմանը»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց կենտրոնի նախագահը՝ ավելացնելով․  

«Տարբեր շրջանակների մոտ խոստացել էի, որ այլ ելքի դեպքում՝ Գյումրու գրանցումից դուրս եմ գալու և Ալեքսանդրապոլ-Գյումրու հարուստ արխիվիցս հրաժարվելու եմ։ Հիմա, բնականաբար, նման բան անելու պատճառ չունեմ, ավելին պարտք ունեմ և հանուն Գյումրիի ավելին եմ անելու»։ 

«Շիրակ» կենտրոնի նախագահից հստակեցրինք՝ ո՞րն էր այդ ելքը՝ իշխող ուժի հաղթանա՞կը ․«Ոչ միայն, այնտեղ այլ ուժեր էլ կային, որոնց քաղաքը հանձնելը սխալ էր» ։

Հարցին՝ ընտրության արդյունքներից գո՞հ է, պատասխանեց․«Այո, գյումրեցիներն իրենց պարկեշտ պահեցին։ Գյումրեցիների մասնակցությունից և քվեարկությունից ես անձամբ գոհ եմ, կասեի մի բան էլ ավելին է ստացվել․․․ 

Ընտրությանը չմասնակցելու մի քանի պատճառ կար։ Չկար այն թեկնածուն, որին իսկապես ուզում էին տեսնել, մյուսը՝ քաղաքական որոշ ուժեր փորձում էին կոմեդիայի վերածել ընտրությունները,հիմա թող հետևություն անեն, քանի որ ստացան այն, ինչին արժանի էին։ Հիմա գոնե պիտի հասկանանք, որ քյալի ու խաշի սեղանի շուրջ օգտագործվող բառապաշարով դաշինքների անվանումներ չի կարելի ստեղծել, գյումրեցին գուցե սիրում է, քյալա, խաշ ու հումոր, բայց Գյումրին եղել է, կա և մնալու է մշակութային, արվեստների ու արհեստների, կադրային հզոր պոտենցիալի, ազգային ավանդույթներով հարուստ քաղաք։Քվեարկությունից կարելի է հետևություն անել, որ Գյումրիում ձևավորվում է նոր և ազդեցիկ հասարակական-քաղաքական շարժման, միավորի հասարակական պահանջարկ: Մի միավոր, որում համախմբված անհատները կունենան ընդդիմադիր, սակայն կառուցողական հայացքներ ու մոտեցումներ և կթելադրվեն տեղական շահերով ու խնդիրներով:Բնականաբար, առավել հետաքրքիր ընտրություններ կստացվեր, եթե մի քանի հիմնական քաղաքական հայտնի խաղացողներ ևս մասնակցեին»։

Վահան Թումասյանից հետաքրքրվեցինք՝ եթե, այնուամենայնիվ, «Բալասանյան դաշինքը» եւ ՔՊ-ն կոալիցիա կազմեն, ինչպե՞ս կդիտարկի։«Չեմ կարծում, որ դա կլինի, եթե գնան դրան, ոչ միայն «Բալասանյան դաշինքը», այլև իշխող ուժը ևս՝ երկուստեք  քաղաքական ինքնասպանություն կգործեն: Մեկը  կլինի խլող,մյուսը՝ տվող, չէ որ հասարակությունը վստահել է նրանց»,-ասաց մեր զրուցակիցը ։ 

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՔՊ-ն արդեն իսկ շանտաժի է ենթարկում «Բալասանյան դաշինք»-ին քաղաքային իշխանությունն իրենց զիջելու համար։ «Ես այդ լուրերին 100 տոկոսով չեմ վերաբերում, բացի այդ, ես իմ աղբյուրներն ու վերլուծություններն ունեմ, եւ ապրելով Գյումրիում, ինչպե՞ս կարող եմ մամուլից ինֆորմացիա վերցնել»,-շրջանառվող լուրերի հետ կապված ասաց նա ։