Ես այն մարդը չեմ, որ անցնեմ կշեռքի ծանր կողմը․ ինչո՞ւ էին համայնքապետին կանչել ԱԱԾ

Ես այն մարդը չեմ, որ անցնեմ կշեռքի ծանր կողմը․ ինչո՞ւ էին համայնքապետին կանչել ԱԱԾ

Երեկ, երբ Գեղարքունիքի մարզում մարտական գործողություններ էին, ԱԱԾ էր կանչվել Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։ Մեզ հաջողվեց կապվել Ավետյանի հետ, նախ հարցրինք, թե ինչպիսի՞ն է սահմանային իրավիճակը այս պահին․

«Այս պահին հանդարտ է, կրակոցներ, ճիշտն ասած, չենք լսել, կարող է եղել են, չենք լսել, բայց այս պահին ակտիվ գործողություններ չկան»,- ասաց Ավետյանը։

- Ձեզ ինչո՞ւ էին կանչել ԱԱԾ։

-  Դա մի թեթևակի բան էր, լուրջ բան չկար, բացարձակ լուրջ բան չկար, կարիք չկա այդ մասին խոսելու։ Անկեղծ եմ ասում, որ եթե լուրջ բան լիներ, ես ոչինչ կուլ չեմ տալիս, շատ լուրջ պատասխանում եմ։

- Ինչ-որ քրեական գործի շրջանակներո՞ւմ էին կանչել։

- Չէ-չէ, որևէ այդպիսի լուրջ բան չկար։

- Գուցե սահմանային իրավիճակի համա՞ր էին կանչել։

- Չէ, թեթև զրուցել ենք, որի մասին կարիք չկա ասելու, բայց ասում եմ, որ լուրջ որևէ բան չի եղել։

- Ձեր քաղաքական դիրքորոշումների հետ կապված ճնշումներ կա՞ն ձեր նկատմամբ իշխանությունների կողմից։

- Նախ ասեմ, որ ինձ վրա ոչ մի ճնշում չի կարող ազդել, որովհետև ես ամեն հարցին պատասխան տալիս եմ։ Ճնշումներ, պարզ է, որ կլինեն, փորձեր եղել են , բայց դա ինձ մոտ ոչ մի բան չի փոխել։

- Ձեզ ԱԱԾ հրավիրելը այդ փորձերի՞ց էր։

- Չէ, երեկվա ԱԱԾ կանչելը․․․,  բացարձակ ոչ մի լուրջ բան չկար, ուղղակի թեթևակի զրույց էր, որի մասին կարիք չկա խոսելու, ասում եմ՝ որևէ լուրջ բան չի եղել։

- Դուք և Ձեր կողմից մոբիլիզացվող ուժերը ներգրավվա՞ծ են սահմանների պաշտպանությանը։

- Ցանկացած դեպքում մենք կարևոր չենք համարում՝ թղթով ինչ-որ տեղ գրանցվա՞ծ ենք, թե՞ չէ, ես անմիջապես գնում եմ առաջնագիծ և ինձ հետ շատ-շատերը, որոնք կամավոր, պատրաստակամ մասնակցում են ամեն ինչին, դա պատերազմի ժամանակ էլ է այդպես եղել, այս ընթացքում էլ, ցանկացած միջադեպերի ժամանակ մենք միշտ առաջիններից ենք, որ հասնում ենք։

- Սյունիքի համայքապետերն էլ էին այդպես վարվում, հիմա կալանավորված են։ Մտահոգություն չունեք, որ Ձեր նկատմամբ էլ նման բաներ կլինեն։

- Շատ հավանական է, որովհետև ես ասում եմ․․․, նախ իմ դեմ լինելը ոչ թե ինչ-որ անձանց է վերաբերում, օրինակ՝ վարչապետի անձն էլ, նախարարինն էլ, շատերինն էլ, ես իրենց անձը հարգում եմ, բայց ես դեմ եմ եղել այս իրավիճակին, որն ինձ համար անընդունելի է, հիմա էլ ես նույն կարծիքին եմ, ինձ մոտ ոչինչ չի փոխվել, ես էլ այն մարդը չեմ, որ անցնեմ կշեռքի ծանր կողմը, որ տեսնեմ, թե ինձ համար որտեղ ապահով կլինի։ Ես ինձ համարում եմ 18 գյուղի համար պատասխանատու մարդ ու չեմ կարող անտարբեր լինել այդ գյուղերում և մեր սահմանի հհետ կապված ցանկացած իրավիճակի նկատմամաբ , ու նաև ես իմ դիրքորոշումը միշտ շատ հստակ ասում եմ՝ անկախ նրանից, թե ում դուր կա, ում դուր չի գա։ Ես հիմա էլ եմ նույն կարծիքին։