Ով որտեղ է դիրքավորվում

Ով որտեղ է դիրքավորվում

Ապրիլի 5-ին երկրում սպասվում է համապետական ու քաղաքական նշանակության իրադարձություն՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Մենք փորձեցինք Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական ուժերի դիրքավորումների պատկերը ստանալ՝ եթե ոչ արդարադատության նախարարությունում գրանցված 80 կուսակցությունների կտրվածքով, ապա գոնե մի քանի առանցքային կուսակցությունների մասով, որոնք նախկինում ակտիվ մասնակցություն են ունեցել ԱԺ եւ նախագահական ընտրություններին, 2015-ի «այո»-«ոչ» ռեալիթի շոուին։

Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ զրույցները հստակ պատկեր են արձանագրում՝ «ոչ»-ը միանշանակ է, «այո»-ն՝ կամուկացով, վերապահումներով ու կիսատ-պռատ։ Իրավիճակը լավագույնս նկարագրում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը․ «Պետության այս իրավիճակում գնալ նման շռայլության՝ մի ինչ-որ կոնկրետ հարց լուծել մարդկանց խմբի կամ պետական կառավարման խմբի․․․ դրա փոխարեն պետք էր կատարել Սահմանադրության ամբողջական փոփոխություն եւ հասցնել մի հանգրվանի, որ մի կողմը պետք է ասի՝ «ոչ», որի առանցքը կլինեն, իշխանությունների ձեւակերպմամբ՝ «սեւերը», մյուս կողմից կլինի իշխանությունը։ Մեր նմանները պետք է հասկանան՝ որտեղ հայտնվեն, ինչ դիրքորոշում ասեն։ Դրա համար մեր դիրքորոշումը կասենք, բայց որ իմ անձնական կարծիքով՝ «ոչ»-ում լինելը բացառված է, որովհետեւ մենք 20 տարի պայքարել ենք էդ խմբի դեմ, հիմա նույն թիմի մեջ հայտնվելը բացառված է, բայց «այո»-ն էլ ճիշտ չէ, սխալ է, ժամանակավրեպ է»։ Այս հարցով շաբաթվա վերջում սպասվում է կուսակցության քաղաքական խորհրդի նիստ՝ կքննարկեն։

«Ազատ դեմոկրատների» պաշտոնական տեսակետը՝ հանրաքվեի հետ կապված, կլինի առաջիկա օրերին, սակայն երեկ այս հարցերով քննարկում կուսակցությունում եղել է։ Խաչատուր Քոքոբելյանը, մինչեւ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, որոշ հստակեցումներ մտցրեց՝ ասելով․ «Բայց մենք գտնում ենք, որ սահմանադրական հանրաքվեի հետ կապված՝ նախապես պետք է արված լինեին սահմանադրական, Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, ցուցակների մաքրում, ինչը մինչ այս պահը չի արվել։ Անկախ ամեն ինչից, մենք գտնում ենք, որ Սահմանադրության մեջ այնպիսի բացթողումներ կան, ինչպիսին այն է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր չկա։ Երկրորդ կարեւոր բանը՝ որ Հայաստանը չունի ոչ պատերազմական իրավիճակում գերագույն գլխավոր հրամանատար, իսկ Հայաստանը երբեք պաշտոնապես պատերազմի մեջ չի եղել, բայց երբեք պատերազմից դուրս չի եղել։ Եվ երրորդ ամենակարեւոր խնդիրը․ սահմանադրական փոփոխությունների նախկին քննարկումների մեր առաջարկն է եղել, որը, ցավոք, անտեսվել է, վերաբերել է որակյալ փոքրամասնության կողմից կառավարություն ձեւավորելուն»։ Քոքոբելյանը չմասնավորեց, թե որտեղ են իրենք լինելու, բայց ակնհայտ է, որ նույնիսկ «այո»-ի դեպքում այս կուսակցությունում եւս բազմաթիվ վերապահումներ ու «բայց»-եր կան։ Տեղեկացանք, որ կուսակցությունում քննարկումը բավականին բուռն է եղել, եւ եղել են դեմ ու կողմ կարծիքներ՝ «այո»-ի ու «ոչ»-ի հետ կապված։ 

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն ասում է․ «Մենք դեռեւս քննարկում չենք արել, ամենամոտ ապագայում վարչության նիստ կհրավիրենք, կքննարկենք, մեր որոշման մասին կտեղեկացնենք, բայց, ամեն դեպքում, հանրաքվեն մեզ մոտ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս։ Առայժմ՝ այսքանը»։

«Սասնա ծռեր» կուսակցությունը պատրաստվում է հայտարարություն տարածել։ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ ասաց․ «Մարտին կուսակցությունում կքննարկենք եւ հայտարարություն կտարածենք այդ մասին»։
«Քաղաքացու իրավունք» կուսակցությունից Սուրեն Սահակյանն էլ հայտարարել է, որ, այո՝ այդ «սահմանադրական հանրաքվեն պետք է լինի 7 հոգու հեռացման մասին», սակայն ոչ այն պատճառով, որ այդպես Նիկոլ Փաշինյանն է ուզում, այլ այն ամենի համար, ինչ արել են երկրի ու Սահմանադրության հետ։ Իսկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ դեռ չեն քննարկել հարցը։ Մոտավորապես նույն դիրքորոշումն ունի նաեւ ՀԱԿ-ը։ «Հանրապետություն» կուսակցությունն էլ է դիրքավորվել իշխանական ճամբարում, որոշ անդամներ անգամ Ֆեյսբուքում արդեն քարոզչություն են սկսել՝ իրենց ֆեյսբուքյան էջի հետնապատկերում տեղադրել կարգախոս՝ «այո» հանրաքվեին։
Դաշնակցության ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ դեռ չեն քննարկել, 1-2 օրվա ընթացքում քննարկումները կավարտվեն։ «Իսկ հնարավո՞ր է, որ «այո»-ի դաշտում լինեք» հարցին Արծվիկ Մինասյանը միանշանակ պատասխանեց՝ «չի կարող «այո» լինի»։

«Երկիր ծիրանի» կուսակցությունը եւս կուսակցական մակարդակով ժողով չի արել, սակայն ակնհայտ է, որ այստեղ նույնպես «ոչ»-ի դաշտում են։ Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ներկայացնելով իր անձնական կարծիքը, ասաց․ «Չեմ կարծում, որ հանրաքվեն առաջնահերթ, թիրախավորված գործընթաց է, որը չի բխում մեր ազգային շահերից։ Եթե Հրայրը նախկին ռեժիմն է, ապա ո՞վ է Արմեն Սարգսյանը։ Եթե կեղծիքով են անցկացրել, բա նա կեղծիք չի՞ արել։ Ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել (Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված), ինչո՞ւ ընթացք չի տրվել, թե՞ նրանը նպաստավոր ծառայություն է»։

«Ոչ»-ի դաշտում են լինելու նաեւ «Ադեկվադները», «Ազգային օրակարգը», Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն, «Մեկ Հայաստան»  կուսակցությունը (կուսակցությունից հայտնեցին, որ հայտարարությամբ հանդես կգան)։ Բնականաբար՝ Հանրապետականը։ Բայց արդյոք այս ուժերը պատրա՞ստ են ձեւավորելու «ոչ»-ի միասնական շտաբ։ Այս հարցին ՀՀԿ-ականները խուսափում են պատասխանել՝ տարբեր պատճառաբանություններով։ ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, օրինակ, առաջարկեց այդ հարցով դիմել կուսակցության լրատվական վարչություն։ Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հստակեցրեց․ «Մենք դեռ քննարկում ենք մեր ռազմավարությունը այս հակասահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Չեմ բացառում կոնսուլտացիաներ նաեւ այլ քաղաքական ուժերի եւ միավորների հետ»։