Ընտրությո՞ւն, թե՞ ընտրության իմիտացիա

Ընտրությո՞ւն, թե՞ ընտրության իմիտացիա

Հայաստանի ազգային պատկերասրահում նախօրեին տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակներում հայտարարված մրցութային հայտերի ցուցադրությունը: Երեւանի քաղաքապետարանը դեռեւս անցած տարի հայտարարել էր հուշարձանի համար բաց մրցույթ, բայց, ինչպես հայտնի է, ներկայացված 37 հայտ էսքիզներից եւ ոչ մեկը չէր ընտրվել` որակական եւ գեղարվեստական մի շարք հանգամանքներից ելնելով: Դրանից հետո հայտարարվեց նոր մրցույթ, ավելին` քննադատությունների ալիքի ներքո քաղաքապետարանը տեղի տվեց եւ կատարեց նաեւ արձանի տեղադիրքի փոփոխություն՝ արձանի տեղադրման վայրը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխելով Ազնավուրի անվան հրապարակ` «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ:

Օրերս ամփոփվեցին նաեւ նոր մրցույթի արդյունքները: Ընդհանուր առմամբ, ստացվել էր 60-ից ավելի հայտ, մրցույթին մասնակցել էին նաեւ արտերկրից, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում էին 100-ը, որոնք ներկայացվել էին Ազգային պատկերասրահի` Միջնադարյան որմնանկարների սրահում: Նախ նկատենք, որ ցուցադրության վայրը շատ անհամապատասխան էր ընտրված, բոլոր աշխատանքները` 100-ից ավելի մանրակերտ, ներկայացված էին մի սրահում, գրեթե իրար գլխի շարված, որոնց մոտենալու համար պետք է այնքան զգույշ քայլեիր, որ որեւէ նմուշի չդիպչեիր: Բացի այդ, սրահի որ անկյունից էլ նայում էիր ներկայացված աշխատանքները, պատերի մեծածավալ որմնանկարները դոմինանտ էին ու պարտադրող, այն աստիճան, որ չէիր կարողանում միջավայրում ընկալել Ազնավուրին պատկերող աշխատանքները: Մի հանգամանք, որ շփոթության մեջ էր գցել նաեւ հանձնաժողովի անդամներին, որովհետեւ հետուառաջ անելով կա՛մ բախվում էին մյուս ցուցանմուշներին, կա՛մ փորձում այդ խայտաբղետության մեջ կողմնորոշվել:

Իսկ կողմնորոշվելը հեշտ չէր, որովհետեւ հենց տեղում, առավելագույնը մեկ ժամվա ընթացքում հանձնաժողովի անդամները նախ պետք է ծանոթանային բոլոր ներկայացված գործերին, դրանց նկարագրություններին, պարամետրերին, մանրակերտերին, ապա` քվեարկեին: Ի դեպ, հանձնաժողովի անդամները խուսափում էին կարծիք հայտնելուց, նախ` քանի որ իրենք էլ, ինչպես լրագրողները, նոր էին ծանոթանում ներկայացված գործերին, եւ հետո` ակնհայտ էր, որ շփոթված են ու դարձյալ հիասթափված ներկայացված աշխատանքների գեղագիտական լուծումներից, քանի որ Ազնավուրին պատկերող քանդակների մեծ մասը ծաղրանկարային էր ստացվել եւ ծանր միջավայրային լուծումներով` բարձր պատվանդան, խխունջներ հիշեցնող քարեր եւ այլն:

Հանձնաժողովականների գործը հեշտացավ նրանով, որ հանձնաժողովի նախագահ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը ժյուրիի մյուս անդամների հետ, այդ թվում` Ազնավուրի որդու եւ հարսի, արագ շրջեց սրահում եւ վերջում եկավ կանգնեց մի քանդակի մոտ, որն Ազնավուրին պատկերում էր թաշկինակը ձեռքին, հանդիսատեսի ծափահարող ձեռքերով շրջապատված: Այլ կերպ ասած` բոլորին հասկացրեց, որ իր ընտրությունը սա է, թեպետ տեղում հանձնաժողովի անդամներից մեկը նկատեց, որ մասշտաբի, չափերի խնդիր կա, ձեռքերը շատ մեծ են, բայց քաղաքապետարանից մեկը հուշեց, որ չարժե տեսախցիկների առաջ շատ մանրանալ, եւ դրանով հարցուպատասխանը սահմանափակվեց, իսկ քննարկումը տեղափոխվեց փակ դռների հետեւում: 

Քննարկման գնալուց առաջ, հարցին՝ եթե այս անգամ էլ Ազնավուրին արժանի արձան չընտրվի, ի՞նչ են անելու, նոր մրցո՞ւյթ են հայտարարելու, Տ. Ավինյանն ասաց, որ կքննարկեն ու կգան վերջնական որոշման, քանի որ «կարեւոր է ինչ-որ փուլում մի որոշում կայացնելը»: Սրանից հետո արդեն իսկ պարզ էր, որ, այսպես ասած, «լավ ու վատին» նայող չի լինելու, հատկապես որ դրա համար ժամանակ էլ չկա, եւ պետք է արագ ընտրվի մի աշխատանք, որն այս տարի` Ազնավուրի 100-ամյակի շրջանակներում, կանգնեցվի մայրաքաղաքի սրտում: Մեծ հաշվով, այդպես էլ արվեց, կարճ քննարկումից հետո հայտարարվեց, որ հաղթել է այն քանդակը, որի մոտ վերջում երկար կանգնել էր Ավինյանն ու Ազնավուրի ընտանիքի անդամների տարակուսած հայացքի ներքո պտտում էր քանդակը՝ ներկայացնելով այն իր բոլոր դիրքերով: Այլ կերպ ասած` տեղի ունեցածը ոչ թե ընտրություն էր, այլ ընտրության իմիտացիա: 

Պարզվեց` հաղթող արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է, ով նաեւ Արամ Մանուկյանի հուշարձանի հեղինակն է, որը ժամանակին մեծապես քննարկվեց ու քննադատվեց իր լուծումների համար։ Ինչ վերաբերում է Ազնավուրի արձանին, ապա հանձնաժողովականներն ընտրել են այն` հետագայում որոշակի փոփոխություններ անելու պայմանով: Ավելին` տպավորություն էր, որ այս անգամ էլ ընտրությունն արվեց վատի ու վատագույնի միջեւ, հատկապես որ ճարտարապետական համայնքում արդեն իսկ սարկազմիկ հումորներ են անում, թե քանդակագործն Ազնավուրի կերպարից միայն «պադտյաժկան» է ֆիքսել: