Ով է Արշալույս Բարսեղյանը, որ իրեն դատավորի տեղ է դրել

Ով է Արշալույս Բարսեղյանը, որ իրեն դատավորի տեղ է դրել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վրացական factcheck.ge կայքը համագործակցություն է սկսել «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» հետ, և գրաքննություն է իրականացնում հայաստանյան լրատվամիջոցների նկատմամբ՝ սահմանափակելով ֆեյսբուքում մեր տարածումը, արգելելով գովազդը եւ փակելով որոշ էջեր։ Այս հարձակման ներքո է հայտնվել նաեւէ «Հրապարակը», որի ֆեյսբուքյան 220 հազար հետեւորդներն այսօր զրկված են մեր հրապարակումներն ընթերցելու հնարավորությունից։ «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» media.am կայքը ստանձնել է հայաստանյան լրատվամիջոցների «դատավորի»առաքելությունը եւ անչափ վիճելի եզրակացություններ է ուղարկում նշված վրացական կայքին, ինչի հիման վրա էլ ֆեյսբուքը կիրառում է տարբեր սահմանափակումներ։ Հայկական մամուլի բազմաթիվ հրապարակումներ ճանաչվում են «կեղծ» եւ ոտնահարվում է լրատվամիջոցների ազատ գործունեության սկզբունքը, որը երաշխավորված է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով, թե՛ միջազգային պայմանագրերով։

Ստորև անդրադառնանք hraparak.am-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պատճառ դարձած հրապարակմանը, որի հիման վրա սահմանափակվել է մեր գործունեությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում։ media.am կայքի «վճիռներից»մեկը «Դավադրության տեսություն․ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը վերահսկում է Հայաստանի հետհեղափոխական կառավարությունը» վերնագիրն ունի, որի հեղինակը հայ ընթերցողին եւ հայաստանյան հասարակությանն անհայտ ոմն Արշալույս Բարսեղյանն է, ով իրեն թույլ է տվել «կեղծ լուր» որակել 13 տարվա գործունեություն ծավալած «Հրապարակի»մի հրապարակում։ Խոսքը Ֆինանսիստ և «Ջերմոլիո» բարեգործական ասոցիացիայի նախագահ, շվեյցարահայ Թերեզա Մխիթարյանի՝ Hraparak TV-ին տված հարցազրույցի մասին է, որտեղ, ըստ Արշալույս Բարսեղյանի, Թերեզա Մխիթարյանը սխալ տեղեկություններ է հաղորդել։ Սա թերեւս պատմության մեջ միակ դեպքն է, որ հարցազրույցում ասված կարծիքի համար պատասխանատվություն է կրում ոչ թե խոսքի հեղինակը, այլ նրան հարթակ տրամադրած լրատվական ընկերությունը։

Նման հոդված գրողին, իհարկե, պետք է լրագրության այբուբենը բացատրելուց սկսել, բայց հարկ ենք համարում ընդամենը մի քանի նկատառում հայտնել։ 

1. Hraparak.tv- ի եթերում հրապարակվածը լուր չէ, այլ ծավալուն հարցազրույց, որի ընթացքում հյուրը արել է դատողական-գնահատողական բնույթի հայտարարություն, մինչդեռ լուրը լրագրային այլ ժանր է, որի հիմնական խնդիրը հանրությանը տեղի ունեցած որևէ իրադարձության մասին կարճ և համառոտ տեղեկություն հասցնելն է։

2. hraparaktv-ի հյուրի հայտարարությունները դատողական- գնահատողական, երբմեն նաև հուզազգացական բնույթի են, այսինքն՝ գործնականում դրանք ապացուցելի կամ հերքելի չեն։ Օրինակ, այն հայտարարությունը, որ «ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը վերահսկում է Հայաստանի հետհեղափոխական կառավարությանը», որևէ կերպ ապացուցել կամ հերքել չի կարելի։ Հեղինակ Արշալույս Բարսեղյանը դա համարել է «դավադրության տեսություն», սակայն որևէ կերպ չի կարողացել հերքել մեր զրուցակցի այդ հայտարարությունը և հիմնավորել իր կարծիքը, քանի որ այն որևէ մեկը չի կարող ո՛չ հերքել, ո՛չ ապացուցել։ Մեր զրուցակիցն այդ դատողությանն է հասել՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության նախկինում ցուցաբերած վարքագիծը, ՀՀ կառավարությունում ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող անձանց առկայությունը և այլն։ Թ․Մխիթարյանը տարբեր գործոնների ազդեցության տակ, տարբեր տեղեկատվություն համադրելով եկել է նման դատողական եզրահանգման, և նրա այս հայտարարությունը որևէ կերպ չի կարող համարվել լուր, առավել ևս «կեղծ լուր»։

3. Մեր զրուցակցի հայտարարության մեջ չկա որևէ մեկի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հասցեին որևէ տեսակի զրպարտչական և վիրավորական արտահայտություն, չկա ատելության և այլ անօրինական խոսք, հետևաբար ՀՀ օրենսդրությամբ մեր զրուցակցի խոսքն ամբողջովին օրինական է, և ԶԼՄ-ն՝ տվյալ դեպքում Hraparaktv-ին որևէ էթիկական կամ օրենսդրական նորմ չի խախտել՝ այն հեռարձակելով։

4. Հեղինակի խոսքը՝ կապված մարիխուանայի և թմրամիջոցների, ինչպես նաև արտադրական կանեփի հետ, արտահայտում են հանրային տիրույթում առկա տրամադրություններն ու վախերը, և մեր զրուցակիցը օգտվելով իր՝ խոսքի ազատության իրավունքից և մեր տրամադրած բաց հարթակից, արտահայտել է իր մտահոգությունները՝ գուցե դրանք ուռճացնելով կամ չափազանցնելով, որի իրավունքը ունի քաղաքացին։ Գուցե քաղաքացու նման մտահոգությունների պատճառը կառավարության նկատմամբ անվստահությունն է կամ թեմայի վերաբերյալ ոչ պատշաճ և բավարար ինֆորմացիան։ Ամեն դեպքում, քաղաքացու հայտարարությունն այս թեմայով հանրային քննարկում եւ բանավեճ է խթանում, որ հետագայում դրա մասին ավելի շատ և ավելի հանգամանալից տեղեկատվություն հաղորդի կառավարությունը։

5. Ինչ վերաբերում է Ջորջ Սորոսին և «Բաց հասարակությունների հիմնադրամ» կազմակերպությանը վերաբերող հայտարարություններին, ապա դրանց պատասխանատուն եւս լրատվամիջոցը չէ, այլ այդ հայտարարություններն անող քաղաքացին, և եթե դրանց մեջ կան զրպարտչական բնույթի հայտարարություններ, ապա դրանք պետք է ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննվեն դատարանում, և եթե դատարանը բավարարի հայցը, ապա այն հրապարակած ԶԼՄ-ն պարտավորվում է ընդամենը տպագրել հերքում։ Տվյալ դեպքում դատավորի գործը ստանձնել է Արշալույս Բարսեղյանը, մինչդեռ վերջինս օրենքով նման լիազորություններ չունի։ Առավել եւս, որ դատարանում պատասխանողին հնարավորություն են տալիս հակափաստարկներ ներկայացնել, իսկ Բարսեղյանն ու իր հարթակը անգամ նման հնարավորություն չեն ընձեռում լրագրողներին։

6. ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերը արգելափակելը մենք համարում ենք հարված խոսքի ազատությանը։ Մենք ևս շահագրգռված են կեղծ լուրերի և ապատեղեկատվության դեմ պայքարով, որովհետև դա առաջին հերթին վնասում է հենց ԶԼՄ-ներին՝ իջեցնելով վերջիններիս հեղինակությունը, նվազեցնելով ընթերցողների եւ գովազդատուների քանակը եւ ի վերջո՝ վտանգելով նրանց գոյությունը։ Սակայն ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմները որևէ կերպ չպետք է սահմանափակեն ԶԼՄ-ների գործունեությունն ու ազատ խոսքի իրավունքը։ Աշխարհի տարբեր երկրների տարբեր լրատվամիջոցներում ամեն օր հյուրընկալվում են տարբեր մարդիկ, լրատվամիջոցները փողոցներում հասարակ քաղաքացիների շրջանում իրականացնում են հարցումներ և լրատվամիջոցը այդ կերպ ստուգում է հանրային տրամադրությունները, այլ ոչ թե զրուցակիցների խոսքը ներկայացնում որպես բացարձակ իրականություն։ ԶԼՄ-ները չեն կարող կիսել իրենց հյուրերի կարծիքները, հեետևաբար չեն կարող դառնալ որևէ արտահայտության պատասխանատու։ Մեր հյուրերը իրենց տեսակետները հայտնելուց առաջ չեն ճշտում խմբագրության տեսակետը եւ մենք պարտավոր չենք նրանց տեսակետը կիսել կամ նրանց խոսքի համար պատասխան տալ։ ԶԼՄ-ն պատասխանատուն չէ հանրության մեջ առկա տրամադրությունների եւ տեսակետների համար, և չի կարող այդ հիմքով զրկվել աշխատանքային հարթակ համարվող ֆեյբուքում նյութերը տարածելու հնարավորությունից։