Հերթական փուչիկի պայթելը

Հերթական փուչիկի պայթելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գտնվում էր Մերձավանի մոտակայքում գտնվող IMG ընկերության գործարանում, որտեղ սկսել են առաջին անգամ Հայաստանում արտադրել էլեկտրատեխնիկա։ Այսօր գործարանի պաշտոնական բացումն էր։ Արտադրելու են հեռուստացույց, սառնարան և լվացքի մեքենա։ Գործարանը հիմնվել է հայ-լիբանանա-իրանական ներդրումներով, 4.5 ԱՄՆ դոլարի ներդրում է տեղի ունեցել։ Առաջիկայում տեղի է ունենալու զուտ հավաքման գործըթնացը, այսինքն՝ մասերը ներմուծելու են դրսից, հավաքեն՝ Հայաստանում, իսկ հետագայում պլանավորում են արդեն ամբողջական արտադրություն կազմակերպել։ Հեռուստացույցներն արդեն կրում էին G-Guard ապրանքանշանը։

Վերևում մեջբերված պարբերությունը վերցված է «Հրապարակ»-ի 2018 թ.-ի դեկտեմբերի 5-ի հրապարակումներից մեկից: Դա դեռ էյֆորիկ ժամանակաշրջան էր, ու հայաստանցիների մեծամասնությունը հավատաց, որ այսուհետև մեր երկրում ևս կարտադրվեն այդօրինակ ապրանքներ: Հատկապես որ սառնարանի արտադրության փորձն առկա էր խորհրդային ժամանակներում: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այն փուչիկ էր, ու նույնիսկ դեռևս «դուխով» Նիիկոլի այցելությունն արադրամաս չկարողացավ փրկել այն պայթելուց: Դրանից 5 տարի անց ոնց որ թե պայթում է երկրորդ փուչիկը. այս անգամ արտադրության ավելի բարձր մակարդակում: Խոսքը մեքենաների ատադրության կամ հավաքման մասին է, որի փորձը ևս կար Խորհրդային Հայաստանում:

Ժամանակին Ջանեզ Ավետյան անուն-ազգանունով գործարարը որոշել էր հարավկորեական ընկերություններից մեկի պատրաստած պահեստամասերից մեքենաների հավաքման արտադրամաս հիմնել: Ստեղծել էր «Սեպուհ 1» անվանումով ընկերություն ու նույնիսկ հասցրել է հավաքել մեկ տասնակ մեքենա: Բայց հետո կանգ էր առել, քանի որ ծագել են արտադրատեխնիկական ու փաստաթղթային բազմաթիվ խնդիրներ: Ոչ միայն կանգ է առել, այլև արդեն հավաքված մեքենաներից երեքը պետք է սրտի կսկիծով վերածի մետաղաջարդոնի: Դրանք պետք է ենթարկվեն փորձարկումների. մեկը հարված ստանա մեկ այլ մեքենայից, մյուսը հարվածի պատին, երրորդն էլ ընկնի ձորը: Եվս 2-3 մեքենա էլ ստիպված է եղել քանդել ու կրկին հավաքել:

Այն, որ արտադրամասի սեփականատերը ծանոթ չի եղել այդ և այլ խնդիրներին, լավ չէ, սակայն դժբախտություն չէ: Դժբախտությունն այն է, որ Հայաստանի կառավարությունում առկա է էկոնոմիկայի նախարարություն, որը կարող էր գործարարին համապատասխան խորհրդատվություն տրամադրել: Սակայն, ինչպես երևում է, չի արել: «Հրապարակ»-ի ընթերցողների զարմանքն ավելի կմեծանա, եթե հայտնեմ, որ դեռևս 2021 թվականի գարնանը վերը նշված նախարարությունում մշակվել էր ««Հայաստանի Հանրապետություն ներկրված կամ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման մասին» որոշման նախագիծը : Դրա ընթերցանությունից այնպիսի տպավորություն ես ստանում, որ այն մշակվել է հենց «Սեպուհ 1» ՍՊԸ-ի համար: 

Ընթերցողների զարմանքը կրկնակի ու եռակի կմեծանա, եթե հայտնեմ, որ այդ որոշման նախագծում խոսվում է 2018 և 2020 թվականներին «Սեպուհ 1»-ի կողմից արդեն հավաքված 10 մեքենաների մասին: Այո, նույն այն մեքենաների, որոնց հավաքման մասին պաշտոնապես հայտարարվեց 2023 թվականի հուլիսի սկզբին էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Իսկ նախորդ օրն էլ հայտարարարվեց ծագած խնդիրների մասին: Ինչպես երևում է, ունենք այնպիսի ապաշնորհ կառավարություն, որպիսին այլևս առկա չէ որևէ այլ տեղ աշխարհում: