Գալով իշխանության՝ երեք տարվա ընթացքում կվերադարձնենք մեր բոլոր հողերը․ Արտակ Գալստյան

Գալով իշխանության՝ երեք տարվա ընթացքում կվերադարձնենք մեր բոլոր հողերը․ Արտակ Գալստյան

Hraparak.am-ը զրուցել է «Հայոց հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Արտակ Գալստյանի հետ։

- «Հայոց հայրենիք» կուսակցությունը միացե՞լ է Ազատության հրապարակում Արցախի փրկության կոչով և Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին։

- «Հայոց հայրենիք» կուսակցությունը, այո, միանում է այսօր Արցախի փրկության կոչով և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքին։ Պարզապես Ազատության հրապարակում մենք միանում և սատարում ենք «Սև հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանին, ով մեզնից մեկն է և ով, ի դեպ, Ազատության հրապարակում էր՝ մինչ  Արթուր Վանեցյանի ու մնացած այսօր բողոքի ակցիա իրականացնողների նստացույց սկսելը։ Սերոբ Գասպարյանն իմ ընկերն է, մեզ հետ միասին «Հայրենիքի կանչ» աշխարհաժողովի շարժման մեջ է, բնականաբար, մենք բոլոր գործողություններով սատարում ենք նրան։ Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանին, ես երեկ չէ, առաջին օրը եղել եմ Ազատության հրապարակում՝ իմ և «Հայոց հայրենիք» կուսակցության անունից, մոտեցել եմ հենց այն պահին, որտեղ կանգնած էր գեներալ Սեյրան Օհանյանը։ Վերջինիս հարցրել եմ՝ որ այստեղ եկել-հավաքվել են, նպատակն Արցախը փրկելն է, ճի՞շտ է, նա պատասխանեց՝ այո։ Ես նրանց մեկ տարի առաջ էլ և այդ օրն էլ կրկին ասել եմ, որ պետք չէ մանդատները վայր դնեն, քանի որ համարում եմ նրանց սոցիալական վիճակը չի ների դրան, որ իրենք միլիոն կամ մեկուկես միլիոնից հրաժարվեն։ Բայց եթե ուզում են Արցախը փրկեն, կարող են 7 հոգով չթողնել, որ Նիկոլը ստորագրի։ Ասել եմ, թե ինչպես՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը նախատեսում է, որ Ազգային ժողովում պետք է մնա երեք խմբակցություն, որից երկուսը` ընդդիմադիր։ Ես առաջարկել եմ` լուծարեն խմբակցությունը, դառնան անկախ, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ոչ մի բան չի կարողանալու ստորագրի։ Ասել եմ նաև` թող գան կանգնեն Սերոբ Գասպարյանի և մեր կողքին։ Նիկոլ Փաշինյանի ամեն ստորագրության տակ դրված է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և, ինչու չէ՝ իր ստորագրությունը։ Այսօր նրանք 7 հոգով կարող են կանգնեցնել Արցախի հանձնման պրոցեսը։ Ինչ կլինի վեց ամիս հետո, թող լինի, կարևորը՝ այսօր Փաշինյանը չկարողանա ստորագրի ոչինչ։ Սա պետք է արվի, ոչ թե Ազատության հրապարակ գալով և նստացույց անելով։ Ասեմ՝ եթե անգամ Քոչարյանը նրանց չմիանա, կարող են մի ֆրակցիայի լուծարումով այդ ամենն անեն։ Մենք կարող ենք գնալ Ազատության հրապարակ, Սերոբը կարող է գնալ, որովհետև մենք չունենք այլընտրանք, բայց իրենք իրենց լծակն ունենալով՝ չեն անում դա։ Ես իրենց էլ եմ ասել, նրանք դա չեն էլ անելու, որովհետև Նիկոլին երկրորդ անգամ իշխանություն բերողները հենց  իրենք են։ Ի դեպ, մեր կուսակցության անդամներից Վարդան Ղուկասյանն էլ Արթուր Վանեցյանի նստացույց հայտարարելու հաջորդ օրը լայվով ելույթ ունեցավ և ասաց, որ  կմիանա Վանեցյանի արված հայտարարություններին և կոչ կանի ժողովրդին` միանալ նրանց՝ մի պայմանով, որ վերջինս չխաբի և չգնա տուն։ Հիմա մենք տեսնենք, թե Արթուր Վանեցյանը քանի օր է մնալու Ազատության հրապարակում։ Նա Ազատության հրապարակում գտնվում է միմիայն Նիկոլ Փաշինյանի հոգեվարքը երկարացնելու և Արցախը հանձնելու նպատակով։

-Երեկ Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները հանդես են եկել համատեղ 30 կետանոց հայտարարությամբ։ «Հայոց հայրենք» կուսակցությունն ի՞նչ կարծիքի է այդ կետերի վերաբերյալ։

-  Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին բերել է իշխանության միայն մի նպատակով՝ Արցախը հանձնելու։ Տրամաբանական է, որ այնտեղ որևիցե մի կետ չէր լինելու Արցախի հարցով։ Այս պարագայում մեղադրել Ռուսաստանին, թե ինչու այնտեղ Արցախի մասին խոսք չկա, կներեք, եթե Հայաստանի Հանրապետությունն այդ փաստը չի բարձրացնում, կարծում եմ` ռուսների համար շատ բարդ կլինի բարձրացնել Արցախի հարցը։ Այս ամեն ինչի արդյունքը վերջում լինելու է այն, որ ռուսը մի օր հայտարարելու է, որ եթե Հայաստանին Արցախը պետք չի, այ, կներեք ինձ, թուրքեր ջան, ձեզ չեմ տալիս, ես կվերցնեմ ինձ։

- Ձեր կուսակցությունն ունի՞ Արցախի փրկության հարցով հստակ ծրագիր։

- Այո, ունենք մեր աշխարհաժողովի ծրագիրը։ 12 էջանոց ծրագիրն իր մեջ պարունակում է Նիկոլ Փաշինյանից ազատվելու ամբողջ ծրագիրը։ Մենք առաջարկում ենք հետևյալը՝ վերադառնում ենք Անկախության հռչակագրին, չեղարկում ենք 1995 թվականի սահմանադրությունը, որի մասին հենց ինքը՝ Նիկոլն էր գոռում, որ դա եղել է կեղծարարություն։ Բոլոր տարիների 4 ղեկավարներին պետք է լուծարել։ Պատմությունը ցույց է տվել, որ մինչև 2018 թվականն ունեցել ենք 11 հազար քառակուսի կմ-անոց Հայաստան, որը հետո դարձել է 30 հազար քմ։ Մենք միանշանակ ասում ենք, որ Արցախը լինելու է հայկական։ Այն պահից, երբ որ մենք կգանք իշխանության, իսկ դա անխուսափելի է, ես վստահ եմ, որ երեք տարվա ընթացքում ոչ միայն Արցախը, այլև ամբողջ հայկական հողերը պիտի վերադարձվեն։