Բելառուսի ներկայացուցիչն ավելի է գոհացնում Փաշինյանին, քան Հայաստանի ներկայացուցիչը

Բելառուսի ներկայացուցիչն ավելի է գոհացնում Փաշինյանին, քան Հայաստանի ներկայացուցիչը

Երեկ Երեւանում անցկացվեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խոսնակները կամ փոխխոսնակները։ Մինչ նիստի մեկնարկը, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին նախ իր մոտ ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հյուրերի առջեւ ունեցած իր ելույթում, որը հետո հաղորդագրության տեսքով տարածվել է, մեր ուշադրությունը գրավեց հետեւյալ հատվածը․ «Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է համաձայնության հասնել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, եւ նշել, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի իրավական փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կարգավորումներում, որպեսզի կոնկրետ նախատեսված լինեն բոլոր իրավիճակները՝ հստակ լուծումներ գտնելու համար: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ դա եւս կբարձրացնի կազմակերպության արդյունավետությունը»։

Փորձեցինք հասկանալ՝ ե՞րբ է ձեռք բերվել այդ համաձայնությունը եւ ո՞ւմ շուրջ է ձեռք բերվել, ո՞վ պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինի Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, որին ՀՀ նոր իշխանությունները վաղաժամ հետ կանչեցին՝ Մարտի 1-ի գործով նրան մեղադրանք առաջադրելով։ Հիշեցնենք․ 2018 թ․ նոյեմբերի 2-ից Խաչատուրովն այլեւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չէ, նրա պաշտոնը թափուր է մինչ օրս, մինչդեռ նրա պաշտոնավարման ժամկետը պետք է լրանար 2020-ին։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախընտրեց նրան հետ կանչել ու քրեական հետապնդման ենթարկել՝ ժամկետից շուտ կորցնելով ՀԱՊԿ-ում այս կարեւոր պոստը։ Հիմա այս պոստը, ռոտացիոն կարգով, պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը։
Այս եւ այլ հարցերի պատասխանն ստանալու համար կապ հաստատեցինք վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ։ Կարապետյանը նախ հիշեցրեց, որ դեռեւս մայիսի 28-ին, երբ վարչապետը Հայաստանում ընդունում էր Բելառուսի ներկայացուցչին, արդեն հայտարարվել է համաձայնության մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ։ Իսկ ինչո՞վ է դա մեզ գոհացնում, ավելի ճիշտ՝ վարչապետին, որ մեր փոխարեն ժամանակից շուտ Բելառուսի ներկայացուցիչն է ղեկավարելու այդ կառույցը։

«Իսկ ի՞նչ էիք դուք մտածում, որ քրեական հետապնդման հանգամանքը ճիշտ կլիներ, որ անտեսվե՞ր։ Մեր հանրությունը դա ճիշտ կհամարեր, որ այդ հանգամանքն առկա լինելով՝ մենք ա՞չք փակեինք դրա վրա»,- ասաց Կարապետյանը՝ զրույցը տեղափոխելով այլ հարթություն։ Նկատեցինք, որ մենք արձանագրում ենք փաստը, իսկ մնացածը թող հանրությունը գնահատի, եւ կրկնեցինք հարցը՝ վարչապետին ի՞նչն է գոհացրել․ որ ժամկետից շուտ մենք կորցրինք այդ կարեւոր պո՞ստը, թե՞ որ Բելառուսն է հիմա նախագահելու։

«Մենք բազմիցս ասել ենք, որ մեր կարեւորագույն նպատակը կազմակերպության էֆեկտիվության գործունեության բարձրացումն է։ Այսինքն՝ որքան ավելի գործունյա լինի, որքան ավելի նպաստի բոլոր երկրների անվտանգության բարձրացմանը, այդքան Հայաստանը, ջանքեր գործադրելով այդ ուղղությամբ, կհամարի իր մասնակցությունն առավել օգտակար։ Այդ առումով, համաձայնության ձեռքբերումը, որեւէ հարցի շուրջ կոնսենսուսի գալը, բնականաբար, չի կարող չգոհացնել»,- ասաց վարչապետի խոսնակը։

- Այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ Բելառուսի ներկայացուցչի ընտրությունն ավելի էֆեկտիվ կդարձնի այդ կառույցի աշխատանքը, քան եթե Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

- Չէ, էդքան էլ ճիշտ չհասկացաք։

- Այդ դեպքում ի՞նչ է նշանակում Ձեր ասածը, եթե մերը լիներ այդ պոստը․․․

- Ո՞վ է մերը, կներեք։

- Կարեւոր չէ՝ ով էր, կարեւորը՝ Հայաստանի ներկայացուցիչն էր, այս դեպքում՝ Խաչատուրովը։

- Ես Ձեզ ասում եմ, որ ամենակարեւոր հանգամանքը կազմակերպության էֆեկտիվությունն է եւ այն, որ դրա ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, դա միանշանակ դրական զարգացում է։

- Հենց դա եմ ուզում հասկանալ՝ Բելառուսի ներկայացուցչի ընտրությունն ավելի՞ էֆեկտիվ կդարձնի մեզ համար այդ կառույցի աշխատանքը, քան Հայաստանի ներկայացուցչի դեպքում։

- Մենք ունենք, չէ՞, օրինակ, ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայացուցիչն է գլխավորում (խոսքը ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասին է՝ խմբ․), եւ դրա շուրջ կա լիարժեք փոխըմբռնում բոլոր ղեկավարների մոտ։ Հիմա մենք դեռեւս մայիսին հայտարարել ենք, որ քաղաքական համաձայնությունը ՀԱՊԿ-ի մասով ձեռք է բերվել, եւ դա միանշանակ դրական զարգացում է։