Իշխանություն-ՍԴ. հաջորդ ռաունդին սպասելիս

Իշխանություն-ՍԴ. հաջորդ ռաունդին սպասելիս

Սահմանադրական դատարանը նվաճելու իշխանության բազմաթիվ փորձերը տապալվելուց հետո նոր սցենարներ են մշակվում։ Իշխող մեծամասնությունն օրերս տեղի ունեցած հավաքի ժամանակ խոստովանել է, որ զավթողական գործընթացն անորոշ ժամանակով հետաձգվում է մի պարզ պատճառով, որ նոր սցենար չկա։ Իշխանության հույսն այս պահին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնի դիմումն է, որի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում, մարդկանց կալանավորում, բայց մեծ հույսեր չունեն, որ դա հիմք կտա ի վերջո Հրայր Թովմասյանին ձերբակալելու որոշման համար։ Մինչդեռ իշխանական պատգամավորները մեկ-մեկուկես ամիս առաջ գրազ էին գալիս, որ մինչեւ դեկտեմբերի վերջը Թովմասյանի հարցը լուծված կլինի, եւ նա կհեռանա։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է` իշխանությունը հնարավոր եւ անհնար տարբերակներով, երբեմն բացահայտ հետապնդումներով փորձում է վերցնել Սահմանադրական դատարանը։ Իշխանականները հրապարակային տարբեր պատճառներ են ներկայացնում՝ ՍԴ-ն լեգիտիմ չէ, ՍԴ նախագահը նախկին ՀՀԿ-ական է, Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումն են հիշատակում, սակայն դատելով մյուս նախկինների նկատմամբ տածած սիրուց (Տիգրան Մուկուչյան, Արթուր Դավթյան, Ֆելիքս Ցոլակյան, Տավիթ Տոնոյան եւ այլք)` հասկանում ես, որ պատճառներն այլ են։

Ըստ ոմանց` Նիկոլ Փաշինյանը «սեփական» ՍԴ-ն է ուզում ձեւավորել` աղմկահարույց ծրագրերը կյանքի կոչելու համար՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, Արցախի հարց եւ այլն։ Իշխանության գործողություններից պարզ է դառնում մի բան․ իրավապահ մարմինները կարծես «մնացել» են վարչապետի  հայտարարության տակ եւ ամեն գնով ուզում են նրա «ճիշտը» հաստատել, հակառակ պարագայում մեկ-երկու խայտառակ քրգործից հետո օպերացիան կդադարեցնեին։ Բայց դեռեւս այս տարվա հուլիսին՝ մինչ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը, Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե Հայաստանը 2019-ին պետք է ունենա 2019-ին հարիր Սահմանադրական դատարան։ «Մենք էսօր ունենք իրողություն, որ ունենք 2019 թվի Հայաստան, բառիս թե՛ բուն, թե՛ փոխաբերական, թե՛ սահմանադրական իմաստով, թե՛ հեղափոխության իմաստով, թե՛ ժամանակի իմաստով, բայց, ըստ էության, ունենք 1995 թվականի Սահմանադրական դատարան: Ահա՝ տեղի ա ունեցել Սահմանադրական դատարանի էսպիսի սեփականաշնորհում: Եվ էսօր նույնիսկ Սահմանադրական դատարանը զրկված է ինքն իր համար նախագահ ընտրելու իրավունքից մինչեւ 2035 թիվը, չնայած Սահմանադրության մեջ հստակ գրած է, որ ՍԴ նախագահն ընտրվում է դատարանի կազմից»,- հայտարարել էր Փաշինյանը։ Ոմանք վարչապետի հայտարարությունն անուղղակի ուղերձ ընկալեցին՝ ուղղված բարձր դատարանին։

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ «ՀԱՆՑԱԳՈՐԾ» ՇՐՋԱՊԱՏԸ

Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու իշխանությունների առաջին քայլերը սեպտեմբերին էին՝ ԱԺ-ն հայտարարեց Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմում կազմելու մասին։ Հիմքում չորս պատճառ էր՝ սկսած Թովմասյանի ու ՀՀԿ-ի եւ առհասարակ՝ նախկինների հետ ունեցած կապերից, մինչեւ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի քավորը լինելու փաստը, ուստի սրանով պայմանավորված՝ գործին ՍԴ նախագահի՝ Քոչարյանի գործի քննությանը մասնակցության անհնարինությունն արձանագրվեց։ Մինչ խորհրդարանը կպատրաստեր դիմումը, իրավապահները գործի անցան, որս սկսվեց նրա շրջապատի, մասնավորապես, սանիկների շրջանում՝ մի կողմից հոգեբանական ճնշում գործադրելու, մյուս կողմից, Թովմասյանի դեմ ցուցմունք կորզելու նպատակով։

Այս պահին կալանավորված են նրա 2 սանիկները։ Առաջինը Քոչար Խաչատրյանն էր՝ Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը, որին ձերբակալեցին սեպտեմբերի 19-ին, ու մինչ օրս նորություն չկա սույն գործով։ Նա կասկածվում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման,  ԱԺ նախագահի կողմից տրվող մեդալների նյութը կեղծելու մեջ․ 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր  ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների եւ հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են պղնձից պատրաստված մեդալներ եւ հուշամեդալներ։

Մյուս սանիկը՝ Նորայր Փանոսյանը, ձերբակալվեց սեպտեմբերի 28-ին։ Համաձայն գործի նյութերի, Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու ժամանակ Փանոսյանը, զբաղեցնելով արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը, նույն նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում նոտարներին տրված բանավոր կարգադրություններով եւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ աշխատանքից ազատելու սպառնալիքով, էական վնաս է պատճառել պետության, Երեւան համայնքի, ինչպես նաեւ նշված նոտարների շահերին, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Խոսքը նոտարական գրասենյակի տարածքը սեփականաշնորհելու, ապա նոտարներին օգտագործման տրամադրելու մասին է։

Երկու օր առաջ մենք գրել էինք, որ այս գործով իրավապահներին հաջողվել է շանտաժով ցուցմունք կորզել մի գործարարից, ով նշել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը ձեռք բերելու նպատակով, իր բարեկամի առաջարկությամբ, հանդիպել է Թովմասյանի հետ, ով ասել է, որ նման տարածք է վաճառում, սակայն հետագայում ինքը հրաժարվել է տարածքը ձեռք բերելու մտադրությունից։ Ավելին, նշված հանդիպման փաստը ժխտող բարեկամի՝ Նորայր Փանոսյանի հետ առերեսման ժամանակ գործարարը նշել է, որ չի հիշում Թովմասյանի հետ հանդիպման ո՛չ վայրը, ո՛չ ժամը, ո՛չ էլ այլ մանրամասներ։ Նշված գործարարը ՍԴ նախագահի դեմ ցուցմունք է տվել չորրորդ անգամ անընդմեջ հարցաքննվելիս, քանի որ հարցաքննությունից առաջ նրան են ներկայացրել մեկ այլ քրեական գործով իր կողմից փողերի լվացման հիմքով ձերբակալելու մասին որոշում եւ սպառնացել 6-10 տարվա ազատազրկմամբ։ Գործարարը, փաստաբանի խորհրդով, 30 րոպեով խնդրել է հետաձգել հարցաքննությունը, ապա վերադառնալով՝ ընդունել է Թովմասյանի դեմ ցուցմունք տալու առաջարկը եւ նշել, որ հանդիպել է Թովմասյանին, ով բանակցել է տարածքի վաճառքի հետ կապված, բայց չի հիշում հանդիպման վայրն ու մանրամասները։ Որից հետո նրան ձերբակալելու որոշման տեքստը պատռվել է։

Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու խորհրդարանի դիմումը բարձր դատարանում վարույթ չընդունվելուց հետո Հրայր Թովմասյանի դեմ նաեւ քրեական գործ հարուցվեց՝ Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը յուրացնելու կասկածանքով: Դատախազությանն այս հաղորդմամբ դիմել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ըստ նրա՝ ՀՀԿ-ի հետ համագործակցությամբ ամեն ինչ արվել է, որպեսզի Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ՝ մինչեւ 2015-ին փոփոխված Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, որպեսզի պաշտոնավարի ոչ թե 6 տարի, այլ մինչեւ 65 տարեկանը, ինչը դատական իշխանության յուրացման փորձ է, այն էլ՝ խմբակային, մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ։ Գործի շրջանակներում պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով հոկտեմբերի 21-ին ձերբակալվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Համաձայն գործի՝ վերջինիս «հանցանքն» այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մարտի 2-ի դիմումը Մալբրի համակարգում տեղադրվել է մարտի 5-ին, ինչը հիմնավոր կասկածներ է առաջացրել, որ Գագիկ Հարությունյանը մարտի 2-ին չի գրել դիմումը։ Չնայած Հարությունյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարեց, որ դիմումը գրել է մարտի 1-ին, ու ՍԴ-ից այն դուրս է եկել մարտի 2-ին, եւ այդ մասին նաեւ իր հարցաքննության ժամանակ է հայտնել։ Արա Բաբլոյանն էլ ասաց, որ իր աչքերով է մարտի 2-ին կարդացել դիմումն ու հրապարակել, եւ նա էլ է ցուցմունք տվել այդ մասին։ Ավելին՝ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն էլ մեր թերթին տված հարցազրույցում ասաց, որ անձամբ է 2-ին դիմումն ուղարկել ԱԺ, այդուհանդերձ, Բաբայանին երկամսյա կալանքի տակ վերցրին թերեւս մի պատճառով, որ նա Հրայր Թովմասյանի մտերիմն է։ 

ԱԱԾ քննիչները 2 շաբաթ առաջ հայտնվեցին նաեւ Թովմասյանի հայրական տանը, նրանք հետաքրքրված էին տանիքով։ Հետո պարզվեց, որ Թովմասյանի նախարար աշխատած տարիներին արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված շենքերից մեկի 855 մլն դրամ արժողությամբ վերակառուցման, ինչպես նաեւ «Աբովյան» ՔԿՀ եւ Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում առերեւույթ յուրացումներ են հայտնաբերվել, Քրդատ․ օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվող նյութերի շրջանակներում տվյալներ են ստացվել նշված շինաշխատանքներն իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից պաշտոնատար անձին անհատույց շինանյութ հատկացնելու եւ շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի հետ կապված՝ բացատրություն է ստացվել ՍԴ նախագահի հորից՝ Վարդան Թովմասյանից: Եվ վերջապես, ամենախայտառակ փաստը՝ ԱԱԾ-ն հարցաքննության հրավիրեց Թովմասյանի դուստրերին: «Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերեւույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ»,- իբրեւ թե պարզաբանեցին ԱԱԾ-ից։ Դրանից հետո, մի քանի շաբաթ է՝ նորություն չկա, ինչպես որ չկան իրավական այլ «հայտնագործություններ»՝ «Ընդդեմ Թովմասյանի» օպերացիայի շրջանակներում։

Մեր աղբյուրները չեն բացառում, որ այլեւս բացահայտ գործողություններ չձեռնարկվեն ՍԴ նախագահի դեմ՝ նկատի ունենալով նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ անցած շաբաթ հնչեցրած կոշտ գնահատականները։ ՍԴ նախագահի դեմ պայքարի հաջորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա դատաիրավական բարեփոխումների փաթեթն ընդունելուց, մասնավորապես ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին նախագիծն ընդունելուց հետո․ իշխանությունները նորից «աշխատանքներ» կտանեն ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու համար։ Եթե այս անգամ էլ չստացվեց, իշխանության երազանքների ՍԴ-ն այդպես էլ կմնա երազանք։