Ոստիկանական խոշտանգումների տեսանյութի քննությունը ԱԱԾ-ն կբացահայտեր մի քանի ժամում

Ոստիկանական խոշտանգումների տեսանյութի քննությունը ԱԱԾ-ն կբացահայտեր մի քանի ժամում

Երեկ համացանցով մեկ տարածվեց տեսանյութ, որում գարշելի մանրամասներով ներկայացված է ոստիկանների կողմից ծեծուջարդով, հակագազի ու մահակի միջոցով ցուցմունք կորզելու մեթոդը։ ՀՀ դատախազությունը եւ ոստիկանությունն ուղարկել են այն Հատուկ քննչական ծառայություն, իսկ վերջինս արդեն իր իսկ նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրել տեսանյութը։

«Տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերեւույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Խոշտանգման առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր»,- երեկ հաղորդեց ՀՔԾ-ն։ Առաջին հարցը, որ հուզում է հանրությանը, այն է, թե որ իշխանությունների օրոք է նկարված նյութը։ Երկրորդ՝ արդյոք մարդիկ, ովքեր պատկերված են տեսանյութում, այսօր է՞լ են աշխատում։

Ըստ սկզբնաղբյուր կայքի՝ newsmedia.am-ի, որն առաջինն է տեղադրել այն, տեսանյութը նոր չէ։ «NewsMedia.am լրատվական գործակալությանն էլեկտրոնային տարբերակով փոխանցվել է այս խայտառակ տեսաձայնագրությունը, որը, ըստ մեզ տրամադրված տեղեկատվության, նախկին իշխանությունների օրոք տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքներից մեկում»,- գրում է կայքը:

Հայտնի սոցցանցի օգտատերերի մեծ մասը, որոնք հարյուրավոր մեկնաբանություններ են երեկ թողել, հակված է կարծելու, թե տեսանյութը հին է, նշում են՝ 4 տարվա վաղեմության։ Ոմանք այդ եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով ոստիկանների հագուստը։
Վերջին խոսքը, իհարկե, իրավապահներինն է, սակայն, դատելով նրանից, թե որ մարմնին է հանձնարարվել քննությունը, կարող ենք եզրակացնել, որ ճշմարտությունը չի բացահայտվելու։  
Տեղեկություն ունենք, որ ծառայությունը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ չի տիրապետում այն տեխնիկական միջոցներին, որոնք անհրաժեշտ են տեսանյութի հերոսներին իդենտիֆիկացնելու համար։ Ո՛չ ծեծողների, ո՛չ ծեծվողի դեմքերը չեն երեւում։ Սարքավորումներ, որոնք կարող են իդենտիֆիկացնել մարդկանց ըստ ձայնի, ունի միայն Ազգային անվտանգության ծառայությունը։

Քրեական հետապնդման մարմինների բոլոր սենյակներն ԱԱԾ-ականներին ծանոթ են։ ԱԱԾ-ում գոյություն ունի ձայների ճանաչման գերհզոր բազա։ Դրանով են հայտնաբերում նաեւ հեռախոսային ահաբեկիչներին անգամ այն դեպքում, երբ ձայնը նույնիսկ քողարկվում է տեխնիկական կամ մեխանիկական աղմուկով։ Ձայները ԱԱԾ սարքավորումների միջոցով կարելի է ճանաչել րոպեների ընթացքում։ Նյութը ներբեռնողին դժվար չէ ֆիքսել համակարգչային բազայի տվյալներով։ ԱԱԾ-ն գործը կբացահայտեր մի քանի ժամվա ընթացքում։ Իսկ եթե ԱԱԾ չեն ուղարկել, ուրեմն սա այն հանցանքներից է, որի բացահայտումը ցանկալի չէ։