Հաշված ժամեր են մնացել․ հայկական ակումբը Չեմպիոնների լիգայում հերթական խաղը կանցկացնի

Հաշված ժամեր են մնացել․ հայկական ակումբը Չեմպիոնների լիգայում հերթական խաղը կանցկացնի

Այսօր՝ հուլիսի 18-ին, Երևանի «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղի շրջանակում մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու բոսնիական «Զրինսկիի» հետ։ Երևանյան ակումբը, հիշեցնենք, օրերս դիմակայության տնային խաղում ցավալի պարտություն կրեց 0-1 հաշվով։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։00-ին։ «Առաջին ալիքը» ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է խաղը, որը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական կազմը։ Խաղի գլխավոր մրցավարը կլինի Պետեր Կյեսգորը։ Նրան կօգնեն Յեսպեր Դալն ու Վիկտոր Սկիտեն, չորրորդ պաշտոնյան կլինի Յակոբ Կառլսենը:

«Գիտենք, որ նրանք շատ լավ են խաղում ստանդարտ դիրքերում։ Մինչև վերջ պայքարելու ենք և փորձելու ենք հաղթանակի հասնել։ Շանսեր միշտ էլ կան, մինչև վերջին վայրկյանը։ Ինչպես գիտեք՝ մի քիչ ուշ եմ սկսել մրցաշրջանը, բայց ինձ լավ եմ զգում։ Մրցակիցը շատ լավ պաշտպանվում է, բայց մենք մի փոքր ավելի արագ ենք և կարծում եմ՝ այդ դեպքում կարող ենք վտանգ ստեղծել»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասել է «Ուրարտուի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։