ԿԳ նախարարի՝ հեծանիվով բացահայտումը 1 տարի անց քրգործի տեսք ստացավ 

ԿԳ նախարարի՝ հեծանիվով բացահայտումը 1 տարի անց քրգործի տեսք ստացավ 

Տարիներ շարունակ Էրեբունու բնակիչները իմացել են, որ Վարդավառի այգին, որն առավել հայտնի է «Թոխմախի գյոլ» անվանումով, ըստ էության, մասնավոր է:

Մի օր, դեռ հեղափոխությունից առաջ, այն ժամանակ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հեծանիվով գնացել էր Վարդավառի այգի, ու այնտեղ Հարությունյանին ասել էին, որ լճի զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է:

Արայիկ Հարությունյանն էլ անմիջապես նամակ էր գրել Տարոն Մարգարյանին, ով պատասխան գրությամբ հայտնել էր, թե 1313 քմ մակերեսով շինություններ ու շուրջ 17 հեկտար տարածք զբաղեցնող այգին դեռեւս 2009 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է «Բիդեք» ՍՊԸ-ն, որի անունը նույնպես կապվում է Մհեր Սեդրակյանի հետ:

Ի դեպ, Սեդրակյանի առանձնատունը գտնվում է հենց այս լճի ափին: Եվ, ահա, հեղափոխությունից մեկ տարի անց այլեւս ԿԳ նախարարի ահազանգը կարծես թե տեղ է հասել․ Երեւան քաղաքի դատախազությունում, ինչպես հայտնի է, հարուցվել է քրեական գործ՝ 2004-ին Երեւանի Էրեբունի համայնքի ավագանու եւ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ։

Հիշեցնենք, որ 2004 թվականին Էրեբունու թաղապետը Մհեր Սեդրակյանն էր, ով Վարդավառի այգում ունի առանձնատուն։ Ինչպես հաղորդվել էր՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004թ. օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խախտվել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետը եւ ՀՀ կառավարության 2003 թ․ հաստատած՝ բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը: Իսկ «Էրեբունի համայնքի ղեկավարը, ավագանու որոշումների դեմ առարկություններ ներկայացնելու եւ դրանք դատական կարգով բողոքարկելու փոխարեն, իր որոշումներով օտարել է «Վարդավառ» զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ կազմող նշված ողջ հողատարածքը»։ Ըստ դատախազության՝ համայնքի ավագանու այդ որոշումներով քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա՝ Երեւան քաղաքի Էրեբունու թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող «Վարդավառ» զբոսայգու տարածքում գտնվող 84 քմ ընդհանուր մակերեսով գարեջրի սրահը՝ իր 2245,5քմ մակերեսով, սպասարկման հողամասով, 780 հազար ՀՀ դրամով օտարվել է Վ. Ս․-ին, 748,45քմ մակերեսով շինությունները եւ դրա սպասարկման համար 5600 քմ մակերեսով հողը 1 մլն 550 հազար ՀՀ դրամով՝ «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ին, 18 քմ մակերեսով շինությունն իր 1890 քմ մակերեսով սպասարկման հողամասով 108 հազար ՀՀ դրամով՝ Դ. Ս․-ին:

Իսկ 1807 քմ ընդհանուր մակերեսով շինությունները եւ դրա սպասարկման համար 2300 քմ մակերեսով հողամասն անհատույց նվիրատվությամբ տրվել է Վ. Ս․-ին: Ինչպես փոխանցեցին աղբյուրները՝ գործով անցնող Վ․ Ս․-ն, Դ․ Ս․-ն Մհեր Սեդրակյանին առնչվող անձինք են։ «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ն էլ պատկանում է Մհեր Սեդրակյանի ընտանիքին։ Այգին տնօրինող«Բիդեք» շինարարական ընկերության տնօրեն Գառնիկ Ավետիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքեց, թե առնչություն ունեն Մհեր Սեդրակյանի հետ, թեեւ մի փոքր անց ուղղեց իրեն՝ «այնքանով, որքանով»։

Պարզվեց, որ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթը, նրա ընկերն է, Սեդրակյանին էլ ճանաչում է, սիրում եւ հարգում։ Այգու մասով տնօրենը չէր հիշում՝ որքան ժամանակով է այն իրենց տրված վարձակալության, միայն ասում է՝ երկարաժամկետ։ «Ինչի մասին որ Դուք խոսում եք, թվերը, որ նայեք, կտեսնեք՝ 2004-ի մասին է խոսքը։ Եվ մենք էլ պայմանագիրը կնքել ենք 2009-ին՝ Երեւանի քաղաքապետարանի հետ՝ վարձակալելով այն, ինչ կար»,-մանրամասնեց տնօրենը։

Նա նաեւ հանդիսավոր ասաց, որ իրենց վարձակալությունից հետո արդեն այս այգուց ոչ մի սանտիմետր հող չի օտարվել։ Տնօրենը նաեւ հայտնեց, թե կարող է վաղն իսկ քաղաքային իշխանություններին հետ տալ տարածքը, որը բարեկարգել է, շուրջ 300 հատ ծառ է տնկել, ու որի վրա ամեն ամիս հսկայական գումարներ է ծախսում՝ առանց բիզնես նպատակներ հետապնդելու։ Հարցին, թե ինչու են այդ դեպքում բարեգործությամբ զբաղվում, տնօրենը պատասխանեց՝ շատ ենք սիրում մեր այգին։