«Հրապարակ». Միքայել Նարիմանյանին որոշել են խոշտանգե՞լ, թե՞ շարժվել օրենքով

«Հրապարակ». Միքայել Նարիմանյանին որոշել են խոշտանգե՞լ, թե՞ շարժվել օրենքով

Ապրիլի 6-ին Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, 71-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանի առողջական վիճակը դատարանի նիստերի դահլիճում կտրուկ վատացել էր, եւ նրան ծանր վիճակով տեղափոխել էին «Աստղիկ» ԲԿ։ Ընդ որում, մեր տեղեկություններով, մեկ անգամ ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել, սակայն քիչ անց ավելի է վատացել, եւ ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց:

Ըստ տեղեկությունների, նախկինում Նարիմանյանը ծանր ինսուլտ է տարել, ապա քովիդով հիվանդացել եւ առողջական վատ վիճակում էր գտնվում, որի մասին իրավապահները տեղյակ էին: Հիշեցնենք, որ Միքայել Նարիմանյանին մեղադրանք է առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակության համար: Այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ համալսարանի արհմիության ղեկավարն ու Արմեն Աշոտյանը։ Գործը վերաբերում է 2015 թվականին Բժշկական համալսարանի կողմից ձեռք բերված գույքին, ԵՊԲՀ-ն 2015-ին իր աշխատակիցների համար Սեւանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք էր ձեռք բերել՝ հյուրանոցային 6 սենյակ եւ կոնֆերանս-դահլիճ, որի դիմաց մոտ 200 միլիոն դրամ էին վճարել Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հանգստյան տան տնօրինությանը։ 2017 թվականից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այստեղ հանգստանալու հնարավորությունից, իսկ 2018-ին ՊՎԾ-ն գտել է, որ գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով, եւ ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի։ Արմեն Աշոտյանին էլ այդ նույն գործի շրջանակներում մեղադրում են փողերի լվացման մեջ։ Իսկ Միքայել Նարիմանյանի նկատմամբ այս գործընթացը մի նպատակ ունի՝ Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելը, որը վաստակաշատ բժիշկը հրաժարվում է տալ։

Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ այս պահին Նարիմանյանին կալանավորելու հարց չի քննարկվում։ «Անձի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստը դեռ չսկսված, եւ նա տեղափոխվել է բուժհաստատություն։ Այս պահի դրությամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի քննարկվում»,- պատասխանեցին ՔԿ-ից։

Հարցին, թե կալանքի միջնորդությունն այս պահին դատարանո՞ւմ է, թե՞ հետ է կանչվել, հաշվի առնելով, որ մեղադրյալի առողջական վիճակը վատ է եւ կալանքի հետ անհամատեղելի, դատախազությունից համառորեն չպատասխանեցին։ Հավանաբար, Աննա Վարդապետյանը դեռեւս որոշում չի կայացրել՝ հերթական վատառողջ մարդուն կալանավորել ու խոշտանգե՞լ, թե՞, այնուամենայնիվ, շարժվել օրենքով ու իրավունքով։