Արեւմուտքին, Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել տանդեմին անհրաժեշտ է արագ ստանալ որեւէ փաստաթուղթ, որի անունը «խաղաղության պայմանագիր» կլինի

Արեւմուտքին, Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել տանդեմին անհրաժեշտ է արագ ստանալ որեւէ փաստաթուղթ, որի անունը «խաղաղության պայմանագիր» կլինի

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

- Նույնիսկ ԱՄՆ-ում են ահազանգում, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմ է նախապատրաստում, սակայն միջազգային հանրությունը կարծես չի շտապում խանգարել Ադրբեջանին։ Ինչո՞ւ։

- Իրավացի եք։ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ/կամ Արցախի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստության մասին կան վկայող բազմաթիվ դրվագներ, սկսած ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Օղուզի՝ Ադրբեջան այցելությունից մինչեւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության միջազգային հանդիպումներն ու ուղերձները։ Նշանակալի են հատկապես Իսրայելի ներկա ու նախկին պաշտոնյաների հետ հանդիպումները, դրանց ուղերձները, ինչպես նաեւ Արեւմուտքի հետ շփումներում Ադրբեջանի ներկա անկաշկանդ խոսույթը։ Սրանք, բնականաբար, տեսանելի կողմն են, իսկ թե հետախուզական ծառայություններն ինչ տվյալների են տիրապետում, դա արդեն ենթադրելի վստահությամբ կարող ենք ասել։ Սակայն Իրանի դեմ Իսրայելի ռազմաքաղաքական դեմարշը, որն ունի ԱՄՆ անքննելի աջակցությունը, բարձրացնում է տարածաշրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի նշանակությունը։ Ադրբեջանի էներգետիկ նշանակությունն այս դեպքում սակավ նշանակություն ունի, քան ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական նշանակությունը։ Արեւմուտքի համար Ադրբեջանը նախ հակաիրանական, ապա գուցե հակաչինական պլացդարմ է լինելու, որի համար, կարծում եմ, Արեւմուտքին պետք է հնարավորինս «փչված» եւ ինքնավստահ Ադրբեջան, որը կունենա չափազանց մեծ ախորժակ՝ հատկապես Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ։ Եվ սա այսօր անթաքույց իրականացնում է Բաքվի քարոզչամեքենան։ Ուստի ստեղծված պայմաններում Արեւմուտքը փորձելու է ցանկացած գնով Հայաստանից ստանալ «խաղաղության պայմանագիր», ապագայում՝ ռեգիոնալ մեծ վերադասավորումների ժամանակ, Հայաստանը չեզոքացնելու եւ Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել տանդեմի թիկունքն ապահովելու նպատակով։ Կարծում եմ, հենց այստեղ պետք է փնտրել Արեւմուտքի երկդիմի քաղաքականության պատճառների առնվազն մի մասը։

- Փաշինյանը եւս նշում է, որ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումներ է անելու, «խաղաղության պայմանագիրն» էլ Հայաստանին 100 տոկոսանոց անվտանգություն չի երաշխավորելու․ այդ դեպքում ո՞րն է նման պայմանագրի տրամաբանությունը։

- Հիմա Արեւմուտքին, Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել տանդեմին անհրաժեշտ է հնարավորինս արագ ստանալ որեւէ փաստաթուղթ, որի անունը «խաղաղության պայմանագիր» կլինի։ Սակայն այստեղ որոշակի բախում կա այն իմաստով, որ Ադրբեջանը, օգտվելով իր նշանակալի կարգավիճակից, փորձում է ե՛ւ այս ընթացքը երկարացնել, որպեսզի հակաիրանական դավադրության մեջ մտնելուց առաջ առնվազն վստահ լինի իր հաղթանակի մեջ, ե՛ւ միեւնույն ժամանակ փորձում է առավելագույնը ստանալ։ Այժմ փորձ է արվում առնվազն 3 ռազմավարական ուղղություն զարգացնել․ ա) Արցախի խնդրի վերջնական լուծում՝ «վերաինտեգրում» անվան ներքո, բ) Սյունիքի տարածքով կապվել Թուրքիայի հետ եւ գ) Հայաստանը ողողել, այսպես կոչված, վտարանդիներով, որոնց անվտանգության ապահովման նպատակով պահանջում են չեզոք երկրի զինված ուժեր։
Արցախի խնդրի վերջնական լուծումը, բնականաբար, իրենց համար ենթադրում է վերջնականապես Արցախը հայաթափել, եւ այսուհետ նրանց բոլոր գործողությունները հենց այս տրամաբանության մեջ են։ Սյունիքի միջոցով Թուրքիայի հետ կապը նպատակ ունի ապահովել ռազմավարական ճանապարհ՝ հնարավոր հակամարտության դեպքում ցամաքային ճանապարհով մատակարարումներ ստանալու համար։ Հնարավոր հակաիրանական դավադրության դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանի մատակարարումները թիրախավորվելու են, ինչի համար փորձում են ստեղծել դիվերսիֆիկացված մատակարարումներ, կոմունիկացիաներ։ Իսկ, այսպես կոչված, վտարանդիների «վերաբնակեցումը» նպատակ ունի Հայաստանը, որպես ֆունկցիոնալ պետություն, թաղել ներքաղաքական անկայունության մեջ, մի բան, որը 1918-1920-ականներին էին անում։ Հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացում թուրքական կողմը միջնաժամկետ հեռանկարում փորձելու է հենց այդ չեզոք երկրի դերը ստանալ, որով եւ հնարավորություն կստանա Հայաստանի տարածքում ազերի մահմեդականների պաշտպանության պատրվակով տեղակայել, այսպես կոչված, «խաղաղապահ ուժեր։
Ահա թե ինչու են բոլոր կողմերը փորձում ստանալ «խաղաղության պայմանագիր», որը ֆունկցիոնալ առումով չի կարող լինել այդպիսին։

- Ռուսաստանն Ադրբեջանի հետ արդեն տնտեսական ծրագրեր է իրականացնում, նաեւ՝ Արցախի օկուպացված տարածքներում։ Կրեմլում լա՞վ են գիտակցում Հայաստանն ու Արցախը կորցնելու հետեւանքները։

- Ցավոք, ՌԴ-ն իր արտաքին քաղաքական օրակարգը, ինչպես ցույց է տվել հետխորհրդային ամբողջ ընթացքը, կառուցել է իրավիճակային դիվանագիտության վրա, դրա սիմվոլ կարելի է նշել հենց ԱԳ նախարար Լավրովին, ով ժամանակի ընթացքում ամբողջովին յուրացրեց կոշտ դիվանագիտական լեզուն, ինչի վրա էլ կառուցվեց ռուսական արտաքին քաղաքականությունը։ Ցավոք, այսօր Ռուսաստանը դարձյալ ինչ-ինչ հետեւանքների դեմ է փորձում պայքարել, ինչը ստեղծված իրավիճակում հակամետ է ՀՀ ազգային անվտանգության հիմնարար շահերին։ Սա բխում է նաեւ նրանից, որ ՌԴ-ն չկարողացավ զարգացնել սեփական քաղաքակրթական ուղեգիծը, արժեքային դաշտը, որի շուրջ եւ հանուն որի կլիներ պայքարը։ ԽՍՀՄ հաջողությունը հենց այն էր, որ ուներ իր քաղաքակրթական բանաձեւը, եւ իր պայքարը հենց այդ բանաձեւի տարածման համար էր։ Այս իմաստով ՌԴ ո՛չ դաշնակցային կապերը, ո՛չ դաշնակիցներին անվտանգության երաշխիքների տրամադրումը չունեն որոշակի ռազմավարական տրամաբանություն, ինչը եւ հանգեցրել է ՌԴ աշխարհաքաղաքական լուրջ հայեցակարգային ձախողման։

- Ադրբեջանի նախագահը մի շարք հանդիպումներ ունեցավ Իսրայելի պաշտոնյաների հետ։ ԱՄՆ եւ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Իրանի դեմ պատերազմի մասին։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին այս գործընթացների ֆոնին։

- Հայաստանի համար պատրաստված է որոշակի դեր, դա հակաիրանական դավադրության մասնակիցների կոմունիկացիան ապահովելն է։ Սակայն սա կախված է նրանից, թե Հայաստանն ի վերջո ինչպիսի անվտանգային միջավայրի կառուցման դիրքերում կկանգնի։ Որովհետեւ եթե որոշի գնալ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ճանապարհով եւ իրեն հայտարարի իբրեւ չեզոք՝ տարածաշրջանային բախումների դեպքում, ապա որպես ֆունկցիոնալ պետություն կդադարի, վերածվելով տարածաշրջանային ազդեցիկ երկրների շահերը սպասարկողի։ Եթե որոշի դառնալ տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ՝ գտնելով իրեն մերձ տարածաշրջաններում դաշնակիցներ, ապա հնարավորություն կունենա որոշակի կշիռ ունենալ տարածաշրջանում եւ սպասարկել ազգային-պետական շահեր։

- Նույնիսկ ԱՄՆ ազդեցության տակ գտնվող Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններն է կարգավորում։ Ի՞նչ նոր աշխարհաքաղաքական բլոկի ձեւավորման ենք ականատես լինում, Հայաստանը ո՞ր բլոկի ուղղությամբ պետք է շարժվի։

- Մենք բավականին բարդ ընտրության առաջ ենք կանգնած, բայց հնարավորություն եւ իրավունք չունենք հանձնվելու։ ԱՄՆ մերձավոր դաշնակից Սաուդյան Արաբիան Չինաստանի միջնորդությամբ վերականգնում է հարաբերություններն Իրանի հետ։ Նկատի ունենանք, որ Իրանը հավակնում է շիա մահմեդական աշխարհի բացարձակ առաջնորդության, իսկ Սաուդյան Արաբիան՝ սուննի մահմեդական աշխարհի, եւ բոլոր գլխավոր սրբավայրերը հենց Սաուդյան Արաբիայում են։ Չնայած Իսրայելն ԱՄՆ մերձավոր դաշնակիցն է, այնուամենայնիվ, մահմեդական աշխարհը չի մոռացել արաբա-իսրայելական պատերազմները եւ Պաղեստինի խնդիրը, ասել է թե՝ Իսրայելն այդպես էլ մնաց Մերձավոր Արեւելքի խորթ զավակը։ Արդեն իսկ խոսվում է Ռուսաստան-Իրան-Չինաստան աշխարհաքաղաքական եռյակի մասին, բայց կարծում եմ, որ Սաուդյան Արաբիան, ամեն դեպքում, ավելի կանխարգելիչ դեր ունի հնարավոր Իրան-իսրայելական հակամարտության թեժացման պարագայում։ Իմ խորին համոզմամբ, մենք այսօր հնարավորություն չունենք աշխարհաքաղաքական մեծ բլոկներին հակադրվելու, ուստի մեզ համար կարեւոր են ռեգիոնալ ռազմաքաղաքական միավորումները, որոնք հնարավորություն կտան իրական հողի վրա լուծելու մեր առջեւ ծառացած անվտանգային սպառնալիքները։ Կարեւոր են միանգամից 2 ռեգիոնալ-քաղաքական գծեր՝ Հայաստան-Իրան-Հնդկաստան եւ Հայաստան-Իրան-Չինաստան։ Այս ռեգիոնալ ռազմավարական համագործակցության հարթակները մեզ հնարավորություն են տալու տարածաշրջանային անվտանգային մեխանիզմը կառուցել բազմավեկտոր տրամաբանության մեջ։ Իրանի հանգամանքը կարեւոր է մեզ համար, քանի որ Իրանը ցամաքային կոմունիկացիոն հանգույց է ե՛ւ Հնդկաստանի, ե՛ւ Չինաստանի հետ տնտեսական, ռազմատեխնիկական եւ այլ համագործակցության տեսանկյունից։ Առանց ցամաքային ընդհանուր ճանապարհի որեւէ ռազմավարական համագործակցություն միշտ լինելու է խոցելի, եւ դա ցույց տվեց մեզ նաեւ 2020 թ․ պատերազմի ակտիվ գործողությունների փուլը։