Եռաբլուրում տղայիս քարը համբուրելով նրա հոտն եմ առնում
Ընդամենը փաստերն եմ արձանագրում։ Գարիկ Գալեյանը միայն զոհվածի հայր չէ։ 44-օրյա պատերազմում ծանր վիրավորվել է։ Առ այսօր նրա գլխում բեկորներ կան։ Որդու կորստի ու անարդարության ցավը նրան հասցրել է ինֆարկտի։ Պատերազմից հետո երկու ինֆարկտ է տարել, հինգ ստենտ ունի դրած։ Ուրիշ երկրներում նման խոցելի վիճակում գտնվող մարդուն պետությունը կշրջապատեր անսահման հոգատարությամբ, գլխի վրա կդներ։ Կարող է իշխանությունն իր դատարաններով հազար ու մի պատճառ բերել, թե ինչու է այս կամ այն գործիչը, մարդը ձերբակալվել, նույնը կարող են բերել նաև Գարիկ Գալեյանի հանդեպ, բայց դրվագներ կան, որոնք ամեն ինչի մասին պատմում են։ Բավական է միայն հիշել , թե 2023 թվականին զոհվածի հայրն ինչ է ասել դատախազին ու հասկանալ ողջ իրադրությունը․
«Դուք Եռաբլուրում եղե՞լ եք երբեւէ: Չասեք, որ չեք կարողանում գնալ, որովհետեւ չեք կարողանում տեսնել այդ տեսարանը: Դուք երեխաներ ունե՞ք: Իսկ արյան հոտը զգացե՞լ եք դուք երբեւէ: Իսկ երեխային, հերիք չի, որ տվել եք պետությանը, որ պիտի գնա, ծառայի ու սպասես վերադառնա ու հայրենիքդ դավաճանեն… ու երեխայիդ ման գաս մորգերում… ո՞ր մեքենան, «Սպայկայի» ո՞ր դուռը բացես, որ երեխայիդ դին գտնես: Թե՞ վերցնում եք էս քրեական օրենսգիքը, միայն դրանից եք հոտ քաշում… Իսկ Եռաբլուրում ես տղայիս քարը համբուրելով՝ իր հոտն եմ առնում: Չէի ուզի, որ դուք էլ այդ ճակատագրին արժանանաք: Իսկ իմ պայքարը հավերժ է: 5000 տղա են սպանել ու դեռ մինչեւ այսօր ոչ ոք պատասխան չի տվել: Հարգելի դառախազ, դու երբեւէ քեզ հարց ե՞ս տվել՝ բա ո՞վ է այն դավաճանն այս երկրում, որ երկիրն այս օրի է հասել»։
Ուշադրություն դարձրեք․ «Եռաբլուրում ես տղայիս քարը համբուրելով՝ իր հոտն եմ առնում»։ Սա ողբերգություն է, ծնողի համար ամենախոցելի կետը ու հատկապես զոհվածի հորը զրկել են Եռաբլուրում իր տղայի քարը համբուրելուց, հոտն առնելուց։ Ակամայից հիշում եմ, երբ Սասուն Միքայելյանը ձերբակալված էր և նրա եղբայրը մահացել էր։ Ես մասնակցել եմ այդ թաղմանը ու տեսել, թե ինչպես ոստիկանների ուղեկցությամբ Սասուն Գրիգորյանը ներկայացավ, որ եղբորը վերջին հրաժեշտը տա։ Ու դա Նիկոլի մերժած Սերժ Սարգսյանի օրոք էր։ Հիմա ի՞նչ։ Տնային կալանքի տակ գտնվող, մի քանի ինֆարկտներ տարած ու ստենտավորված հորը այդ ձևո՞վ եք պատժում։ Նրան զրկու՞մ եք «Անդուռ, անլուսամուտ բնակարան» մտնել, որտեղից առնում է իր տղայի հոտը։ Գարշելի է։
Հիշեցնենք Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»։
Կարծիքներ