Արթուր Գևորգյանի փաստաբանը Հրանտ Անանյանն է

Արթուր Գևորգյանի փաստաբանը Հրանտ Անանյանն է

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետի փեսա Արթուր Գևորգյանի փաստաբանը Հրանտ Անանյանն է։

Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս ընթացքում դեռ իրեն  ներկայացված չէ մեղադրանքը։ Փաստաբանը պնդեց այն, ինչ Արթուր Գևորգյանն էր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել, որ փաստացի հասցեում, որտեղ բնակվում են հարազատները, որևէ ծանուցում չի ստացվել, ինչպես նաև հասանելի է եղել իր հայաստանյան համարը։ Փաստաբանը նշեց, որ սրանք միանշանակ բողոքարկման հիմքեր են․ ինչպես խափանման միջոցի, այնպես էլ հետախուզում հայտարարելու։

Անօրինական հետախուզման մեղ մեղադրվող Արթուր Գևորգյանը իրեն առաջադրված քրեական մեղադրանքին անդրադարձել էր՝ գրելով․«Որևէ անգամ ծանուցագիր չի ուղարկվել Հայաստանի իմ հաշվառման հասցե, տվյալ հասցեում ապրում է իմ մայրը, իրավապահները մուտքի դուռը անգամ չեն թակել և չեն հարցրել իմ գնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ, ավելին՝ իմ Հայաստանյան բջջային հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել, ինձ անգամ զանգով չեն հրավիրել, որ չներկայանամ: Բոլոր հետաքրքրվողները կարող են անձամբ տեսնել,որ սոցիալական ցանցերում ակտիվ եմ, նույնիսկ պարբերաբար արել են հրապարակային հայտարարություններ, սակայն այդ կապի միջոցով նույնիսկ չեմ տեղեկացվել քննչական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին: Գտնում եմ, որ ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ: Նկատի ունենալով, որ հավուր պատշաճի ծանոթ չեմ ինձ մեղսագրվող արարքին, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեմ կարող տալ, սակայն խնդիրը արդեն իսկ քննարկել և լիազորել եմ փաստաբանիս հետ այս փուլում մեզ հասանելի փաստաթղթերին ծանոթանալու համար և դրանից բխող գործողություններ անելու համար»։