«Մաքսհուր»-ը պստիկ է, բայց ճստիկ է

«Մաքսհուր»-ը պստիկ է, բայց ճստիկ է

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պետությանն առանձնապես մեծ չափերի՝ մոտ 500 մլն դրամ վնաս պատճառելու հետ կապված։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, միջամտել է դիզվառելիքի տրամադրման համար հայտարարված մրցույթին եւ այնպես արել, որ մրցույթում հաղթի «Ֆլեշ» ընկերությունը, որը պատկանում է իր ընկերոջը՝ Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։ Մինչդեռ 17 մլն լիտր վառելիքի ներկրման համար հայտարարված մրցույթում ավելի ցածր գին առաջարկել է «Մաքսհուր» ընկերությունը, ում ապօրինաբար դուրս են թողել մրցույթից։

Մենք տեղեկություններ ստացանք, որ, ճիշտ է, թեեւ «Մաքսհուրն» ավելի ցածր գին է առաջարկած եղել, սակայն հօգուտ «Ֆլեշի» որոշումը, որը հաստատվել է կառավարության նիստի ժամանակ, պայմանավորված է եղել այլ պատճառներով։ Նախ, քանի որ գյուղատնտեսական սեզոնը կարճ է եղել, եւ ժամկետները՝ սեղմ, արագ ներկրման եւ մատակարարման համակարգ «Մաքսհուրը» չի ունեցել, եւ չէր կարող ծրագիրն իրականացվել ժամանակին։ Նման փորձ եւ համակարգ ունեցել է միայն «Ֆլեշ» ընկերությունը։ Բացի այդ, ըստ որոշ լուրերի, «Մաքսհուր» ընկերությունն ինքն է հրաժարվել տենդերից։

Այս տեղեկությունները ճշտելու համար կապվեցինք Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի հետ, ով հարցը լսելով՝ հայտարարեց, որ այս գործի առնչությամբ մեկնաբանություններ ներկայացնելն այս պահին նպատակահարմար չի համարում։ Չի կարող «մտնել մեղադրանքների մանրամասների մեջ»։ Նա միայն նշեց, որ այս ընթացքում նոր քննչական գործողություններ չեն իրականացվել։

Մենք պարզեցինք նաեւ, որ Տպագրիչների 8 հասցեում տեղակայված «Մաքսհուր»-ը, որն այժմ չի գործում, պատահական ընկերություն չէ, ժամանակին մասնակցել է բոլոր փողաբեր մրցույթներին։ Տարբեր գերատեսչությունների հետ, օրինակ, այս ընկերությունը կնքել է ընդհանուր 429,392,807 միլիոն դրամի 33 պայմանագիր եւ գործել է մինչեւ 2018-ի ապրիլ ամիսը։ Այսինքն՝ մինչեւ թավշյա հեղափոխությունը։ «Մաքսհուր» ընկերության վերջին մրցույթով՝ նա պետք է 87 հազար դրամի «ռեգուլյար» բենզին մատակարարեր «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ին։ Ավելի վաղ՝ 2018-ի հունվարին, Քաջարանի համայնքապետարանի, ՀՀ պետական պահպանության ծառայության, Շիրակի, Արարատի, Սյունիքի, Տավուշի մարզպետարանների ու ՊԵԿ-ի, Ծաղկաձորի, Իջեւանի համայնքապետարանի, Ոստիկանության, Սահմանադրական դատարանի, Հաշվեքննիչ պալատի ու Ազգային ժողովի կարիքների համար բենզին ու դիզվառելիք է մատակարարել։ Իսկ 2017 թվականի ապրիլի 20-ին՝ ՀՀ նախագահի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի կարիքների համար։ Ընդ որում, 2017-ի հունվարին այս ընկերությունը ՀՀ ԱԺ կարիքների համար վառելիքի ձեռքբերման նապատակով գումարային առումով իր ամենամեծ գործարքն է կատարել։ Ավելին՝ օդում կախված լուրերի համաձայն, այս ընկերությունը պատկանել է ոչ անհայտ ՀՀԿ-ական օլիգարխ Հարություն Փամբուկյանի եղբորը՝ Արմեն Փամբուկյանին։ Մասնավորապես, երբ տարիներ առաջ Երեւանում բենզինը թանկացել էր, այս ընկերությունը դիտարկվում էր որպես շուկայի երկու հիմնական խաղացողներից՝ «Սիթի պետրոլ գրուպ»-ից եւ «Ֆլեշ»-ից (այս երկուսը տնօրինում էին շուկայի 85%-ը) հետո երրորդը։ Ապա գալիս էին «Միկա լիմիտեդ» եւ «Ռան օյլ» ընկերությունները։