Եթե նույնիսկ Արցախը ժամկետային զինծառայողներ չունենա, կամավորականները հերիք են, որ Արցախը ունենա բանակ․Արտաշես Մխիթարյան

Եթե նույնիսկ Արցախը ժամկետային զինծառայողներ չունենա, կամավորականները հերիք են, որ Արցախը ունենա բանակ․Արտաշես Մխիթարյան

Տևական պասիվությունից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահական նստավայրում հյուրընկալել է տեղահանված բնակավայրերի բնակիչներին ու հայտարարել․ «Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից: Մեր պայքարը խաղաղ բանակցային եղանակով շարունակվելու է, որ ետ բերենք մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»։

 «Կամավորական շարժում» ՀԿ-ի խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանին հարցրեցինք՝ Արցախում նման հարց քննարկվո՞ւմ է, թե՞ պարզապես ընդունեց տնից զրկված հադրութցիներին։ Զինվորականը համոզված է, որ Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայանությամբ «կամ ոնց ուզում եք անվանեք», Լեռնային Ղարաբաղի տարածքները վերականգնվելու են։

«Բոլոր սահմանագծումները, սահմանափաչումները, որ արվում են հիմա՝ Հայաստանում՝ Սյունիքում բոլորն այն մասին են հուշում, որ ուզում են վերադառնալ  Սովետական Միության գծած սահմաններին։ Եվ ես չեմ կասկածում, որ Արցախում էլ պետք է լինեն Սովետական Միության օրոք սահմանները։ Իհարկե՝ իմ ցանկությամբ՝ մենք պետք է վերականգնենք Արցախի Հանրապետության սահմանները՝ համաձայն Սահմանադրության»։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ հերքեց Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրով անցնող ճանապարհից հայկական զինված ուժերն իբր հանելու և այդ ճանապարհահատվածն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը: 

«Թեման հերթական անգամ է շրջանառության դրվում ու հերթական անգամ ստիպված եմ ասել, որ ապատեղեկատվություն է, որի տարածողները շատ լավ գիտեն, որ այսօր էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են այդ ճանապարհից»,-ասել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Այնուամենայնիվ, 44 օրվա պատերազմի ընթացքում, նաև հետո, հասարակությունը սովորեց չհավատալ պաշտոնական տեղեկատվությանը։  Իսկ Արտաշես Մխթիարյանը հավատո՞ւմ է և կամ ինչ տեղեկատվություն ունի։ Ասաց, որ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին հավատում է։ «Երբ ինքը Մատաղիսի շտաբի հրամանատարն էր, ես այդ զորամասի շտաբի պետն էի։ Ես հավատում եմ Արզումանյան Միքայելին, նա երբեք այս դավաճանական իշխանությանը իշխանահաճո քայլեր չի կատարի։  Ինքը տղամարդ է, ու անելու է էն, ինչ պետք է հայրենիքին։ Մի մոռացեք, որ նա նաև «Ասկոլկի» զինվորն է եղել»,-ասաց զինվորականը։

Վիտալի Բալասանյանի այն հայտարարության հետ կապված, որ «Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր»։ Արտաշես Մխիթարյանը ավելացնում է․«Եթե նույնիսկ Արցախը ժամկետային զինծառայողներ չունենա, Արցախի կամավորականները հերիք են, որպեսզի Արցախը ունենա բանակ։ Ու դրանցից մեկը ես կլինեմ»։

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հանդես էր եկել  հայրենասեր, հայրենատեր մարդկանց համախմբման կոչով՝ հիշեցնելով, որ հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով։

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ցույցերին ամենաակտիվ մասնակցությունը բերող Արտաշես Մխիթարյանի համար Սասուն Միքայելյանի կոչը ոչինչ չի նշանակում։ Ասաց․«Սասուն Միքայելյանը իրենց խայտառակել է դեռ 2018թ․ սեպտեմբերին, երբ հայտարարեց, որ իրենց կոչված Թավշյա հեղափոությունը ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը։  Էդ ժամանակվանից ինքը իրա տապանաքարի վրա գրեց՝ դավաճան։ Եվ դավաճանեց ինքը իր սպարապետին՝ Վազգեն Սարգսյանին, երբ իր համախոհների հետ հայտարարեց, որ 30 տարվա մեջ մենք բանակ չենք ունեցել ու էս 2 տարվա ըթնացքում է բանակ ստեղծվել»։