Նպատակը մեկն է

Նպատակը մեկն է

Իշխանական ողջ թիմն իր ունեցած-չունեցած պոտենցիալը մոբիլիզացրել է ոչ թե Հայաստանի առջեւ ծառացած արտաքին ու ներքին քաղաքական խնդիրները լուծելու համար, այլ իր հակառակորդներին եւ իրեն քննադատողներին չեզոքացնելու։ Ինչքան կրեատիվ միտք, ինչպիսի հնարամտություն է դրսեւորել այս տարիներին փաշինյանական իշխանությունը, որպեսզի է՛լ օրենքը հարմարեցնի իրեն եւ իրեն քննադատողներին տուգանի ու դատի, է՛լ մուրճ ու մանգաղ կիրառի ու հավերժ տաք պահի նախկիններ-ներկաներ դիսկուրսը, է՛լ քարոզչական անպատկերացնելի հնարքներ կիրառի՝ պերֆեկտթիվիների ու ֆեյսբուքյան գրաքննության տեսքով։ Եվ այդ ամենի արդյունքում, իրոք, հիացմունքի արժանի հաջողություններ է գրանցել՝ պատերազմում պարտվել է, բայց պահպանել է 50 տոկոսից ավելի բնակչության աջակցությունը։

Արցախը հանձնել է, զոհեր է տվել, մեզ զրկել է անկախ Արցախի մասին երազելու հեռանկարից, բայց այդ ամենի համար մեղադրանքներն ուղղվել են նախկին՝ Արցախը պահած իշխանություններին։ Սոցիալական խնդիրների լուծման հարցում ձախողվել են, համակարգեր են փլուզվել երկրում, առողջապահական ու կրթական ոչ մի խնդիր չեն լուծել, ժողովրդի կենսամակարդակը չի բարձրացել, ճիշտ հակառակը՝ մարդկանց եկամուտները նվազել են, գնաճն ահռելի չափերի է հասել։ ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքներում քաոսային վիճակ է։ Քաղբանտարկյալներ ունենք՝ երկար կարելի է թվարկել։ Բայց փաստ է, որ կարողացել են այնպես անել, որ այս ձախողումների համար իշխանություններին մեղադրողները մեծամասնություն չեն կազմում երկրում։

Չկա հստակ եւ բարձրաձայն պահանջ, որ երկրի կառավարումը ձախողած ուժը պետք է հեռանա։ Եվ դա միայն այն պատճառով, որ այս թիմի ողջ ինտելեկտն ու պոտենցիալն ուղղված են հանրությանը մոլորեցնելուն եւ կառավարելուն։