Թող ըսեն՝ հրապարակը երբ կծախեն, էդ էլ մենք առնենք․ ով է գնել Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը

Թող ըսեն՝ հրապարակը երբ կծախեն, էդ էլ մենք առնենք․ ով է գնել Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը

Գյումրու  կենտրոնական՝ Աբովյան փողոցում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնը, որը պատկանում էր  «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին,  վերջերս վաճառվել է  շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սրմաքեշին։ Թե գործարարն այն ինչ նպատակով է գնել եւ հետագայում կառույցն ինչ է ծառայելու , դեռ հայտնի չէ։ Գյումրեցիները, սակայն,  խիստ դեմ են  «Հոկտեմբեր» կինոթատրոնը առևտրի կամ ժամանցի կենտրոն վերածելուն, ինչպես նաև՝ կինոթատրոնի՝ յուրօրինակ ճարտարապետական տեսքի որևէ փոփոխությանը։ Կինոթատրոնը քաղաքի սիրված կառույցներից է, ինչպես գյումրեցիներն են ասում՝ սիմվոլներից մեկը ։Հիմա մտավախություն ունեն, որ այն կարող է վերածվել  հյուրանոցի կամ ռեստորանային համալիրի, որն ուղղակի անթույլատրելի է։

«Թող ըսեն՝ հրապարակը երբ կծախեն, էդ էլ մենք առնենք, գոնե էդ մեզ մնա․․․»,-փոքր-ինչ վրդովված ասում են նրանք։
Ուշագրավ է, որ շվեյցարական ժամացույց արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ,  մեծահարուստ, ազգությամբ հայ գործարարը Շիրակի մարզում մեծ թվով սեփականություն է ձեռք բերել ։ Վարդան Սրմաքեշի սեփականությունն են հանդիսանում  նաև քաղաքի պատմական մշակույթային արժեքներից մի քանիսը՝ այդ թվում հայտնի  «Բաղնիքի շենքը», «Սև շենքը»  ։
 
Հիշեցնենք նաև, որ  տարիներ  առաջ Գյումրու ավագանին երկար բանավեճից հետո որոշում կայացրեց քաղաքի սեփականություն հանդիսացող  ռադիոգործարանի հանրակացարանի նախկին շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը։ 

Ըստ պայմանավորվածության, Սրմաքեշն այդ շենքի համար մեկ միլիոն դոլարի ներդրում էր կատարելու, հիմնելու էր արհեստի կենտրոն՝ համապատասխան արտադրամասերով՝ ոսկերչություն, կաշվի արտադրություն եւ այլն: Ավագանու որոշ անդամներ իրենց անվստահությունը հայտնեցին՝ ասելով, որ նույն ընկերությանն է հանձնվել մարզային հիվանդանոցի շենքը, որտեղ «Սաստեքս» կարի գործարանը հիմնելու նպատակով  ընկերությունը շինանյութերի խանութներին հսկայական պարտքեր է կուտակել։ Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ «Սաստեքս»-ի բացումից ընդամենը 6 ամիս անց գործարանը հայտնվեց սկանդալի կիզակետում եւ փակվեց:

Մեկ տարի անց, սակայն, ավագանին նոր որշում կայացրեց եւ ռադիոգործարանի հանրակացարանի նախկին շենքը ետ վերցրեց գործարարից՝ այն տրամադրելով  «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որը հրաժարվեց շենքը շահագործելուց: