Ամասիայում ապագան՝ առանց ՔՊ-ի

Ամասիայում ապագան՝ առանց ՔՊ-ի

Շիրակի մարզի խոշորացվող Ամասիա համայնքը, որը կունենա 25 բնակավայր,  մեկ  շաբաթ է, ինչ  ընտրված համայնքապետ ունի։ 71-ամյա համայնքապետ Ջեմմա Հարությունյանից համագյուղացիները նախկինում էլ դժգոհ չէին․«Ինչըխ  կհիշենք` մեր տիկին Հարությունյանն է, սորվել ենք իրեն, ինքն էլ մեզ լավ գիդե․․․․» ։ Համայնքում կրքերը, կարծես, հանդարտվել են ։ Թեպետ դեռ կան անհաշտ քաղաքացիներ, որոնց համար այդպես էլ անհասկանալի է, թե ինչպես եղավ, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ն Ամասիայում հաղթեց, բայց արդյունքում պարտվեց։

Հիշեցնենք, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու 31 թեկնածու  ինքնաբացարկի դիմում  ներկայացրեց, նրանք պահանջում էին նոր ընտրություններ՝ չհաշտվելով փաստի հետ, որ իրենց թեկնածուն համայնքապետ չի ընտրվելու, քանի որ ավելի երիտասարդ է գրեթե հավասար ձայներ հավաքած  «Արփի-Ամասիա դաշինքի» թեկնածուից՝ Ջեմմա Հարությունյանից:Ինչպես ակնկալվում էր,  նոր ընտրություններ չանցկացվեց, իսկ ՔՊ-ականների գրանցումը` իրենց դիմումների համաձայն համարվեց  ուժը կորցրած։  Ի դեպ, նորընտիր ավագանու նիստին Ջեմմա Հարությանին աջակցել են նաև ընտրված ՀՀԿ ավագանու անդամները։ Թեպետ հայտարարվեց, թե ՀՀԿ-ն չի համագործակցելու «Արփի-Ամասիա դաշինքի»-ի հետ, այնուամենայնիվ, ձեռք մեկնեց՝ կողմ քվեարկելով Հարությունյանի թեկնածությանը:

Արդեն ընտրված համայնքապետի խոսքով` ի սկզբանե Հանրապետականը չեզոք դիրքերում էր, եւ հենց դա էր պատճառը, որ իրենց կողմից առաջարկություն եղավ համագործակցել  ՔՊ-ի հետ, սակայն եղավ այն,  ինչ՝  տեսանք: Ամասիացիները  կատակում են․«  Ինչխոր կտեսնիք՝  մեր համայնքում ապագա կա, բայց առանց ՔՊ-ի» ։ Ուշագրավ է, որ նախկին, բայց միաժամանակ  նորընտիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանի ընտանիքին է պատկանում Բանդիվան կաթնամթերքի գործարանը, «Հին Արենի» գինու գործարանը, որոնց  աշխատատողների գերակշռող մասը Ամասիայից են ու հարակից գյուղերից: