Ինչ է ուզում ասել Ադրբեջանը՝  գազատարը վերականգնելով

Ինչ է ուզում ասել Ադրբեջանը՝  գազատարը վերականգնելով

Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ եւ գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում էին բանակցություններ, որոնց ներգրավված էին Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները։ Եւ ահա այսօր՝ մարտի 15-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ վնասված գազատարը ադրբեջանական կողմը սկսել է վերականգնել։ Իհարկե, տեղեկատվական շտաբը կարեւորել է Հայաստանի կառավարության դերակատարությունն էլ, սակայն, եկեք ավելի իրատեսորեն նայենք հարցին։

Եթե Հայաստանի կառավարությունն իրենից որեւէ արժեք ներկայացներ Բաքվի համար, ապա վերականգնումը կիրականացներ հայկական կողմը, թեկուզ եւ ռուս խաղաղապահների հսկողությամբ՝ անցնելով ադրբեջանական ենթակայության տակ գտնվող տեղամաս։ Սակայն այդպես չի եղել։ Հետեւաբար, կարող ենք ասել, որ վերականգնման հարցը լուծվել է ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում։ Ու այն, որ ադրբեջանական կողմն է վերականգնում Հայաստանից Արցախ գնացող գազատարը, ունի լուրջ մեսիջ եւ սիմվոլ։ Ըստ էության, Ադրբեջանն ուղիղ հասկացնում է, որ եթե տեղի է ունեցել գազատարի վթար, կապ չունի՝ մարդկային գործոնը դրանում դեր խաղացել է, թե ոչ։

Դա առաջացրել է Ղարաբաղի՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող կոմպակտ հայաբնակ շրջաններում մարդկանց նորմալ կենսագործունեության համար առաջնային պայմաններից մեկի խաթարմանը, ուստի հենց ինքն է լուծելու առաջացած հարցերը, որովհետեւ այն մարդիկ, որոնք ապրում են Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում, իր քաղաքացիներն են։ Այսինքն, եւս մեկ անգամ շեշտում է, որ միջազգային իրավական առումով, Ղարաբաղը Ադրբեջան է, ինչը ճանաչում է նաեւ Ռուսաստանը եւ կճանաչի այնքան ժամանակ այդպես, քանի դեռ Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել։ Ուստի պաշտոնական Ստեփանակերտից Երեւանի ուղղությամբ ավելորդ ռեւերանսների կարիք բացարձակապես չկար։ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության տողատակերն արդեն իսկ պարզեցնում են ողջ եղելությունը։