Էլ ի՞նչ ես ուզում տամ, որ խաղաղ ապրեմ

Էլ ի՞նչ ես ուզում տամ, որ խաղաղ ապրեմ

Եթե ուշադիր լինենք մեր շրջապատին, կտեսնենք, որ ինչպիսին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն  է, բնության մեջ այդպիսիք չկան։ Հետևենք անտառներում ու այլուր շրջող գազաններին, նրանք ունեն իրենց փոսորակները ու կյանքի գնով պաշտպանում են այն։ Մեղուներին նայեք ու նրանց նմաններին, նրանք պաշտպանում են իրենց փեթակները ու թույլ չեն տալիս, որ  թշնամու գրոհ լինի։ Վերջերս մի հետաքրքիր բան նկատեցի։ Մեր բազմահարկ բնակելի շենքերի շուրջ ամեն ամառ կաչաղակների մեծ երամ է սավառնում, օդը սևանում է։  Մի քանի մետրի վրա այլ բազմահարկեր կան, բայց նրանք մեր շենքերի շուրջ են սավառնում։ Դա է իրենց տունը, որովհետև շենքերի պատի ծերպերում բույն են դրել, ձագ հանել, ու ձագուկներին  թռչել սովորեցրել։ Այդ շենքերը նրանց տունն է դարձել, նրանց «հայրենիքը» և նրանց ոչ մի ուժով քշել չես կարող։ Ձկներին հետևեք, նրանց վտառներն իրենց տարածքն ունեն, գիտեն ջրի խորությունը, կազմը, համը,  և իրենք թույլ չեն տալիս, որ այլ վտառներ ներխուժեն իրենց տարածքը։

Շատ եմ լինում Հաղթանակի զբոսայգում, մոտիկ է մեզ։ Մի զարմանալի բան եմ նկատել։ Զբոսայգու որոշ ծառերի վրա սկյուռիկներ կան, որոնց հասցրել եմ ճանաչել՝ գույնով ու չափով։ Նրանք իջնում են ծառերի տակ, համարյա թռչում են ծառերի շուրջ, այնքա՜ն արագավազ են ու զգայուն,  խլշկոտելով նայում իրենց շուրջը։ Մի փոքրիկ շրշյունից փախչում ու իրենց ծառն են բարձրանում, նրանք այնտեղ են իրենց հանգիստ, ապահով զգում՝ իրենց «հայրենիքում» , տանը, իրենց զավակների մոտ։ Ես չեմ ուզում բարձրանալ մինչև հասարակական մակարդակ, որտեղ գիտակից մարդը իր հողը, տունը, հայրենքը պաշտպանելու համար մարտեր է մղում, արյուն  թափում, որովհետև դա իր նախնիների ժառանգությունն է, իր երեխայի ճիչը, մոր օրհնանքը․․․ Մենք մեզ պատկանող հայրենիքը արյունով են պահել, փայփայել ու պաշտպանել։ 

Բնության մեջ կա՞ թեկուզ  մեկը, ով իր հայրենիքը, իր հողը ուրանում է։ Պարզվում է, որ կա, ով իր անկամության պատճառով  թշնամուն հանձնած դրախտավայրերը հայտարարում է, որ մերը չէ ու հետ է քաշվում՝ էստի համեցեք անելով։ Հետ քաշվելով, մեր տունն է մտցրել թշնամուն ու ասում է, որ էլ ի՞նչ ես ուզում տամ, որ խաղաղ ապրեմ․․․ Թշնամին, իհարկե, ծիծաղում է մտքում, զարմանում, որ իրեն թույլ են տվել տուն մտնել ու հարցնում են՝ էլ ի՞նչ տամ, որ ինձ չսպանես․․․ , որ խաղաղ ապրեմ։ Թշնամուն մի բան է մնում, պարզ ասել՝ ինձ պետք է դուրս գաս քո  ժառանգած տնից, որը պաշտպանելու փոխարեն մի բուռ ցորենի նման հատիկ- հատիկ բաժանում ես․․․ Քո տեսակը, որ կոչվում է անհայրենիք տեսակ, եզակի է բնության ու հասարակության մեջ։