Սյունիքով Հայաստան-Իրան ուղղակի կապը պետք է մնա անխափան․ Վարդան Ոսկանյան

Սյունիքով Հայաստան-Իրան ուղղակի կապը պետք է մնա անխափան․ Վարդան Ոսկանյան

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի թե՛ ընթացքում, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում բավականին ակտիվ է հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Այս օրերին, երբ քննարկվում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները, իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը փետրվարի 1-ին հրապարակեց քարտեզ, որը վերաբերում է իրանական «Հյուսիս-հարավ» անունը կրող միջանցքին։

Համաձայն այս ծրագրի՝ միջանցքը Չինաստան Ժողովրդական Հանրապետությունը կապում է Հնդկաստանի Հանրապետությանը, Պակիստանի Իսլամական Հանրապետությանը և Իրանին։ Ակնկալվում է, որ Իրանը կավարտի Գիլան նահանգի հյուսիսային Ռաշթ և Ասթարա քաղաքների միջև երկաթուղու 170 կիլոմետրը՝ Եվրոպայում Ռուսաստանի Դաշնության ու Ֆինլանդիայի Հանրապետության հետ կապ ապահովելու համար:

Ըստ իրանցի փորձագետների՝ ներկայումս նավերը Հնդկաստանից Սուեզի ջրանցքով ՌԴ են տեղափոխվում 40 օր, իսկ Հյուսիս-հարավ միջանցքի դեպքում ճանապարհը կկրճատի 14 օրվա: Երկաթուղային միջանցքը պատրաստվում է միացնել Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Կովկասի տարածաշրջանի երկրները Պարսից ծոցին ու Հնդկաստանին։

Բացի այդ, Ռուսաստանի, Ադրբեջանի Հանրապետության և Իրանի նախագահները 2020 թվականին այս միջանցքի կառուցումն ավարտելու մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Հյուսիս-հարավ միջանցքը դիտարկվում է որպես Հնդկաստանի, Իրանի, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների տարանցման ճանապարհային, երկաթուղային ու նավային ուղիների 7200 կիլոմետր երկարությամբ ցանց:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական Վարդան Ոսկանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դա վաղուցվա ծրագիր է, որում կա նաև Իրանի հարավ-արևելյան Չաբահար նավահանգստի դերը, որը Պակիստանի սահմանին մոտ հատվածում է։

Հունվարի 30-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսին, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ասել էր, որ «Նախչըվանի շատ կենսական նշանակություն կունենա խաղաղ Կովկասի ապագայի համար»։ Բացի այդ, նա այցելություն էր կատարել Նախիջևանի Ջոլֆայի երկաթուղային կայարան։ Իրանի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ «տարածաշրջանային համագործակցությունը հնարավորություն կտա Իրանի և տարածաշրջանային այլ երկրների համագործակցել այնպիսի տարածքներում, ինչպիսիք են տարանցումը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»:

Ոսկանյանն ասաց, որ նախկինում Իրանը նախատեսում էր, որ միջանցքը պետք է ունենա երկու ճյուղավորում՝ մեկը Ասթարոյով, Կասպից ծովի հարավով միանա Ադրբեջանին ու գնա դեպի Ռուսաստան, իսկ մյուսը՝ իրանական կողմից միանա ՀՀ սահմանին՝ Մեղրիի հատվածին, Հայաստան-Իրան երկաթուղին էլ կառուցվի, դրա միջոցով ելք ունենա Սև ծով։

Քարտեզում նշված է, որ, կարծես թե, երթուղին Ղազախով անցնի, հետո՝ Թեհրանով ու մտնի Օմարի ծոց ու Հնդկաստանով հասնի Չինաստան։ 44-օրյա պատերազմի օրերին Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին՝ որպես հատուկ բանագնաց, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան ու Թուրքիա այցելություններին ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը։ Սակայն, ի վերջո, հրադադար հաստավեց ռուսական միջամտությամբ, իսկ ԼՂ հակամարտությունը համապարփակ կարգավորումը դեռ մնաց։

Իրանագետը նշեց, որ բավականին երկար քննարկվող միջանցքի այս ծրագիրը վերաբերվում է հատկապես Չինաստանի կողմից առաջարկված Նոր Մետաքսի ուղու խոշորածավալ ծրագրին, Իրանի կենտրոնական դիրք ունենալուն, և իրանցիներն այդ ուղղությամբ աշխատել են։ «Ըստ իրանական կողմի՝ երկաթուղային հաղորդակցությունն Իրանի տարածքով պետք է ունենար 3 ճյուղավորում՝ ուղիներ, որոնք մեկը մյուսի հանդեպ պետք է ունենային այլընտրանքային բնույթ։ Առաջինն անցնելու էր «մայրցամաքային» Ադրբեջանի տարածքով, երկրորդը՝ Հայաստանով, երրորդը՝ Թուրքիայով։ Այժմ արդեն փաստացիորեն կարելի է խոսել միասնականորեն թուրք-ադրբեջանական տարածքի մասին, նույնիսկ հիմա գաղափարախոսական մակարդակով է փորձ արվում արձանագրել։ Եթե նախկինում շրջանառվում էր «Մեկ ժողովուրդ, Երկու պետություն» կարգախոսը, այժմ թուրք-ադրբեջանական ազգայնականների կողմից շրջանառվում է «Մեկ ժողովուրդ, մեկ պետություն» կարգախոսը, ինչի տակ նկատի ունեն թուրքերին և ադրբեջանցիներին, Թուրքիան և Ադրբեջանը»,- պարզաբանեց Վարդան Ոսկանյանը։

Հատկանշական է, որ Թուրքիան և Ադրբեջանը բավականին շահագրգռված են Նախիջևանով ու Մեղրիով անցնող երթուղով, որը նաև քաղաքական առումով է ձեռնտու երկու պետություններին՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների, ժողովուրդների բաղադրիչը։

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչի խոսքերով՝ իրանական շահերի տեսանկյունից գոյություն ունի երկու այլընտրանք՝ միասնական թուրք-ադրբեջանական ու հայկական, իսկ ինչ վերաբերվում է ապաշրջափակման վերաբերյալ իրանական մոտեցմանը, ապա իրանցիներն այդտեղ տեսնում են թե՛ շահավետ կողմեր, թե՛ որոշակի մարտահրավերներ և ռիսկեր։ «Մասնավորապես իրանական պաշտոնական դիրքորոշումներն արձանագրում են, որ ընդհանուր առմամբ Իրանը կողմ է հաղորդակցման ուղիների բացմանը, բայց դեմ է միջանցքի գոյությանը, որի տակ հասկացվում է Նախիջևանը, «մայրցամաքային» Ադրբեջանին կապող միջանցքը, անշուշտ այդ «միջանցք» բառից փորձ է արվում խուսափել, բայց եթե իրավակարգավորումները լինեն այնպիսին, որ դա փաստացիորեն ունենա միջանցքի կարգավիճակ, ապա դա չի բխում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի շահերից»,- շեշտեց Ոսկանյանը։

Իսկ մյուս կողմից, ըստ փորձագետի, իրանցիները համարում են, որ դեպի Սև ծով ելքն ապահովելու համար իրանյան ու նախիջևանյան Ջուլֆաներից սկսվող, այնուհետև Երասխով Հայաստան մտնող և դեպի Վրաստանի սևծովյան նավահանգիստներ գնացող երկաթուղային հաղորդակցությունը բխում է Իրանի տնտեսական շահերից։ «Մյուս կողմից Հայաստանի և նաև Իրանի համար խնդիր է, որ եթե ապաշրջափակում կոչվող ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով, որոնց վերաբերյալ շատ տեղեկատվություն չկա, կյանքի կոչվի, ապա կարող է ստեղծել ռիսկային իրավիճակ Սյունիքի մարգիլացման տեսանկյունից, որովհետև Իրանի և Հայաստանի միջև անմիջական տրանսպորտային կապ ապահովող հատվածի լուսանցքային դառնալու վտանգ կա։ Հետևաբար հայ-իրանական երկկողմ օրակարգում շատ հստակ պետք է արձանագրվի, որ ցանկացած նման ծրագրի կյանքի կոչման դեպքում Սյունիքով Հայաստան-Իրան ուղղակի կապը պետք է մնա անխափան։ Նման կապը Սյունիքի տարածաշրջանի համար ապահովում է զգալի տնտեսական օգուտներ։ Ենթակառուցվածքների օգտագործումը բերում է զուգահեռ տնտեսական օգուտների, որն ինչ-որ չափով ամուր է պահում Սյունիքի բնակչությանը։ Տարածք, որի նկատամբ թուրք-ադրբեջանական նկրտումներն ակնհայտ են»,- պարզաբանեց իրանագետը։

Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս տարվա հունվարի 27-ին Հայաստանում Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել էր, որ «Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ է»։

Ըստ Ոսկանյանի՝ Զարիֆի այս հայտարարությունը նշանակում է, որ իրանցիներն իրենց ունեցած գործիքակազմի ողջ շրջանակներում դեմ են, և, կարծեք թե, գործողությունների կգնան, եթե նման վտանգ առաջանա․ «Այսինքն՝ եթե Հայաստանի տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնա։ Բնական է, որ իրանական կողմը դա չի բարձրաձայնում, բայց, կարծում եմ, որ առաջին հերթին նկատի ունի հենց Սյունիքի մարզը, որը դիտարկում են ոչ միայն որպես արդբեջանա-թուրքական միասնական հյուսիսային շրջափակման բեկում, այլ նաև պանթյուրքականության դեմ կարևորագույն պատվար։ Այսինքն՝ այս հատվածում ունենք Իրանին հետ համընկնող շահեր։ Եվ Հայաստանում իրենց իշխանություն համարողները եթե դա գիտակցեն, ապա կարելի է Իրանի հետ լուրջ համագործակցություն ծավալել»։

Հարցին՝ «Իրանի կողմից այս քարտեզով առաջ քաշած մտադրությունը որքանո՞վ ընդունելի կլինի թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի համար», իրանագետը պատասխանեց․

«Հյուսիս-հարավ միջանցքի բաղադրիչներից մեկը, որը պետք է անցնի «Ադրբեջանի Հանրապետություն» կոչվողի տարածքով, ունի կարևոր մի խոչընդոտ։ Թեև ադրբեջանական կողմը վերջին տարիների ընթացքում իր երկաթուղային ցանցը Կասպից ծովի առափնյա շրջաններով թեև հասցրել է մինչև իրանական Ասթարա, կամուրջ է կառուցել գետի վրա, բայց իրանական կողմից՝ Ռաշթից դեպի Ասթարա ընկած հատվածը, կառուցված չէ։ Ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ ինքը 500 միլիոն դոլար հատկացրել է, կհատկացնի այդ հատվածի շինարարությանը, բայց, կարծես թե, չի հատկացրել։ Համենայնդեպս, շինարարական աշխատանքներն այն տեմպերով, որ նախատեսվում են, չեն իրականացվում։ Ուստի այդտեղ կա բաց, որն ադրբեջանական կողմի համար, կարծում եմ, բարդ կլինի լրացնելը՝ հաշվի առնելով, որ ֆինանսական զգալի միջոցներ Բաքվի բռնապետը նախատեսում է հատկացնել այսպես կոչված վերակառուցման ծրագրերին Արցախից օկուպացված տարածքներում։ Մյուս կողմից՝ Ադրբեջանն ունի ֆինանսական հատկացումների խնդիր՝ հաշվի առնելով այն կորուստները, որոնք կրել է Արցախյան վերջին պատերազմի ընթացքում։ Այսինքն՝ ավելացնում է ռազմական բյուջեն՝ հիմնականում այդ կորուստները համալրելու նպատակով։ Իրանը շահագրգիռ է, որպեսզի իրենց պետությունը դառնա տրանսպորտային հանգույց չինական խոշորածավալ ծրագրի շրջանակներում։ Իրանի թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական շահը պահանջում է ստանձնել այդ հանգույցի դերակատարությունը»։

- Չին-պակիստանական մերձեցումը, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների այցելությունները Պակիստան, համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ կապված Ղարաբաղի, Կիպրոսի, Արևելյան Միջերկրական ծովի խնդիրների հետ։ Այս ամենը, որ համադրենք, Իրանն ինչ-որ ռիսկեր տեսնո՞ւմ է այսպիսի մերձեցումներից։

- Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան մերձեցման ծրագիրն ընթանում է էրդողանական վարչակազմի գաղափարախոսական 3 առանցքներից մեկի՝ համաիսլամականության, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ համասյուննիականության, պանիսլամիզմի ու պանսյուննիզմի քաղաքականության արդյունքում։ Պակիստանը սյուննիական իսլամի կարևոր կենտրոններից մեկն է։ Մյուս կողմից էլ Իրանի համար Պակիստանի հետ հարաբերությունները նույնպես կարևոր են, չնայած Իրանը շիական պետություն է և մի շարք հակասություններ կան Պակիստանի հետ։ Այսուհանդերձ, Իրանն իր բոլոր հարևանների հետ, փորձում է պահպանել բարիդրացիական հարաբերություններ։ Եվ խոշոր հաշվով խոչընդոտներ չկան պակիստանա-իրանական հարաբերություններում, եթե հաշվի չառնենք շիա-հազարացիների պարբերաբար իրականացվող կոտորածները, որոնք կարելի է նույնիսկ ցեղասպանություն բնութագրել Պակիստանի ներսում։

Ինչ վերաբերում է հայ-պակիստանական հարաբերություններին, գիտեք, Պակիստանն այն պետությունն է, որը նույնիսկ չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Բայց այստեղ կարելի է աշխատել, ընդ որում կարելի աշխատել երկու ուղղությամբ՝ մտրակի ու քաղցրաբլիթի քաղաքականությամբ։ Մենք գիտենք, որ Պակիստանն իր երկու հարևանների՝ (հատկապես) Հնդկաստանի և Աֆղանստանի հետ ունի խոշոր խնդիրներ։ Պակիստանի չեզոքացումը հակահայկական համատեքստում կարող է ընթանալ Աֆղանստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ։ Երկրորդ հատվածը կարող է վերաբերել նույն շիաների կամ շիա-հազարացիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների համատեքստում։ Հայաստանը ներկայացված է ցեղասպանություն ուսումնասիրող և դատապարտող զանազան միջազգային կառույցներում և կարող է խոսափող հանդիսանալ նաև հազարացիների համար։ Կարող է նաև օգտագործել որպես Պակիստանի վրա ճնշման գործիքակազմի մի մաս։

Ինչ վերաբերում է քաղցրաբլիթին, ապա ակնհայտ է, որ Պակիստանի հետ՝ որպես մուսուլմանական Հնդկաստանի կամ Հնդկաստանի մուսուլմանական հատվածի ժառանգորդ, կարող ենք կառուցել հարաբերություններ՝ հաշվի առնելով այն դերակատարությունը, որ ունեցել է հայությունը հենց մուսուլմանական կառավարիչների օրոք։ Հայերը կարևոր դերակատարություն են ունեցել թե՛ տնտեսական հատվածում, թե՛ ռազմական հատվածում՝ հակաբրիտանական պայքարի համատեքստում։ Կա նաև ևս մեկ կարևոր հանգամանք, որ մասին մեզանում գրեթե չեն խոսում։ Գիտեք, Պակիստանից ժամանակին անջատվել, անկախացել է Բանգլադեշը՝ մուսուլմանական Հնդկաստանի հատվածներից մեկը։ Եվ Բանգալդեշը Պակիստանի հետ ունի, այսպես ասեմ, ոչ նորմալ հարաբերություններ։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով Բանգլադեշում մամուլի այն հրապարակումները, որոնք լինում են պարբերաբար՝ Հայաստանի և հայերի հանդեպ վերաբերմունքը բավականին դրական է։ Ուստի, կարծում եմ, պետք է օգտագործել Բանգլադեշի հետ հարաբերությունների սերտացման հնարավորությունը, որպեսզի Հայաստանը կարողանա իր համար ստեղծել բարեկամական պետությունների դաշինք հարավ-արևմտյան Ասիայում, որը որոշակիորեն կկարողանա հավասարակշռել Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքը։