Օրբելյանն ու Ղարիբյանը հայտնվել են օրենքի հակառակ կողմերում

Օրբելյանն ու Ղարիբյանը հայտնվել են օրենքի հակառակ կողմերում

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան հրաման է ստորագրել՝ Կոնստանտին Օրբելյանին ազատել օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից։

Մինչեւ հրավիրված մամլո ասուլիսը, այդ մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը։ Թե ինչով է պայմանավորված ազատման հրամանը, Օրբելյանը խորհուրդ տվեց նախ Ղարիբյանին դիմել, հետո նշեց, որ առաջին իսկ օրից Ղարիբյանն անում է ամեն ինչ, որ ինքը հեռանա թատրոնից։ Օրբելյանն ասում է, որ երբեւէ չի ունեցել կոնֆլիկտ կամ տարաձայնություններ Ղարիբյանի հետ։ Գուցե դժգո՞հ է իր աշխատաոճից։ «Ոչ, նրա պատճառաբանությունն այն է, որ ինձ ոչ օրինական ձեւով են նշանակել, դրա մասին նա խոսում է առաջին օրվանից, բայց դա իր որոշելիքը չէ, այլ՝ դատարանի, թե ինձ անօրինակա՞ն են նշանակել, թե՞ ոչ։ Ես միայն կարող եմ ասել, որ ինձ օրինական են նշանակել, եւ իմ նշանակման դեպքում կառավարության հատուկ որոշում է եղել, ո՛չ Հասմիկ Պողոսյանը, ո՛չ Արմեն Ամիրյանն անօրինական ձեւով ինձ չեն նշանակել, բայց Նազենի Ղարիբյանն անընդհատ պնդում է, որ ինձ անօրինական են նշանակել»,- վրդովված ասաց Օրբելյանը։ 

Արդեն կեսօրին օպերային թատրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օրբելյանը հեգնեց, թե գուցե Նազենի Ղարիբյանը չգիտի, որ իրենք մեկ օր առաջ ստացել են «Արտավազդ» մրցանակ «Չիպոլինո» բալետային ներկայացման համար՝ «Լավագույն ներկայացում» անվանակարգում. «Թեպետ նա կարող է չիմանալ, զարմանալի չէ․․․ իսկ ընդհանրապես, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բավականին բան ենք արել՝ նոր ներկայացումներ, հյուրախաղեր, եւ ոչ մի պետական գումար չեմ ծախսել դրանց համար»։
Թե ինչ է լինելու հետո, Օրբելյանը կարծում է ու նաեւ ակնկալում, որ թատրոնի կոլեկտիվը նույնպես իր կարծիքը հայտնի այդ առնչությամբ։  

Ինչ վերաբերում է հայերենի իր չիմացությանը, որի մասին շատ է մատնանշվել, ապա Օրբելյանը կարծում է, որ դա հիմք չէ, եւ կառավարության 2017թ․ հուլիսի 29-ի թղթերի մեջ հայերենի իմացության մասին ոչ մի տող չկա. «Կոնկրետ իմ դեպքում եւ կոնկրետ Օպերայի տնօրենի պաշտոնի համար»։ Հարցին, թե գուցե անձնակա՞ն խնդիր կա Ղարիբյանի հետ, Օրբելյանը դարձյալ կատակեց․ «Գուցե ես նրա դուրը չեմ գալիս»։ 
Նա ընդգծում է՝ Ղարիբյանի փաստարկներն օրինական չեն, եւ թատրոնը նրան դատի է տալու։ Ազատման հրամանն էլ տրված է ապրիլի 1-ով։ «Գուցե սա էլ ապրիլմեկյան կատակ է»,-ասում է Օրբելյանն ու նշում, որ պարբերաբար Ղարիբյանին հրավիրում են ներկայացումների, բայց նախարարի պաշտոնակատարը միայն մեկ անգամ է եկել թատրոն՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում։ 

Օպերայի տնօրենն առանձնահատուկ ընդգծեց, որ երեկ երեկոյան իրեն է զանգահարել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցն ու իր զարմանքը հայտնել․ «Լիլիթ Մակունցն ինձ սարսափահար զանգահարեց երեկոյան ժամը 10-ին եւ իր զարմանքն էր հայտնում Նազենիի հրամանի առնչությամբ, ինչ խոսք, հաճելի էր լսել դա...»։
Այն, որ մի քանի ամիս առաջ Լիլիթ Մակունցը նույնպես կողմ էր, որ թատրոնի տնօրենի եւ գեղղեկավարի պաշտոններն առանձնացվեն, եւ տարբեր մարդիկ զբաղեցնեն, Օրբելյանն ասաց․ «Հիմնականում այդ հարցով Նազենին էր զբաղվում, ես այդպես եմ հասկացել..., բայց հիմա Լիլիթն այլ դիրքորոշում ունի, եւ նա, օրինակ, ինձ շնորհավորեց Գրեմիի առաջադրման առիթով։ Նա երեւի հասկացավ, որ ես պատահական մարդ չեմ եւ շատ նվիրված եմ այս վայրին»։       
Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նույնպես օպերային թատրոնում էր: Ասաց, որ իրեն անհանգստացնում է վիճակը մշակութային դաշտում, մասնավորապես՝ օպերային թատրոնում։ «Օրբելյանն աշխատող, ներդրումներ բերող, հայկական մշակույթը վեր բարձրացնող անհատականություններից է»,-կարծում է Մկրտչյանը։ Ինչ վերաբերում է ոչ օրինական հրամանին՝ 2 պաշտոնների համատեղության մասով, ապա արվեստի կառավարման մեջ, ըստ նրա, պետք չէ թղթով առաջնորդվել, այլ միայն գործով։ 

Օպերային թատրոնի արտիստներից նույնպես ներկա էին հանդիպմանը եւ նշեցին, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարը ոչ մի անգամ չի եկել եւ չի ծանոթացել իրենց հետ։ Օպերային երգչուհիներից մեկի կարծիքով, սա ոչ թե հիմնավորված, այլ անձնավորված վերաբերմունք է Օրբելյանի հանդեպ. «Մի քանի հոգու ամբիցիաների պատճառով չի կարող տուժել մի ամբողջ կոլեկտիվ»։ Թե ովքեր են այդ մարդիկ, խոստացան բացահայտել արդեն այսօր՝ ժամը 16։00-ին հրավիրված ժողովի ժամանակ, որին հրավիրեցին նաեւ Նազենի Ղարիբյանին։ 

Ազատման հավանական պատճառ չե՞ն համարում Օրբելյանի բացակայությունները, հատկապես որ Օպերայի ներսից պարբերաբար դժգոհություններ հնչել են այդ առիթով։ Արտիստները չհամաձայնեցին։ «Մեստոր Գերգիեւն էլ է հաճախ բացակայում Մարիինյան թատրոնից, ի դեպ, նա էլ տնօրեն եւ գեղղեկավար է թատրոնում, եւ դա է պատճառը, որ այդ թատրոնը ծաղկում է»,- կարծում են արտիստները եւ ակնարկում բողոքի հնարավոր ցույցերի մասին, եթե իրենց ձայնը նախարարությունը չլսի։

   Օրվա ընթացքում մշակույթի նախարարության իրավաբանական վարչությունից պարզաբանեցին իրավիճակը, մասնավորապես այն, որ Կոնստանտին Օրբելյանն օպերայի թատրոնում միաժամանակ երկու պաշտոն էր զբաղեցնում՝ տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի: Իսկ ՊՈԱԿ-ների մասին օրենքն արգելում է, որ տնօրենը միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնի կամ կատարի այլ վճարովի աշխատանք: Ուստի, մշակույթի նախարարի պաշտոնակատարը, հաշվի առնելով այդ փաստը, որ այստեղ կա օրենքի խախտում, նույն օրենքի հիման վրա դադարեցրել է Օրբելյանի լիազորությունները  տնօրենի պաշտոնում: Այնուհետեւ Նազենի Ղարիբյանը մամուլում մեկնաբանեց իր հրամանը՝ նշելով, որ դրա համար հիմք են հանդիսացել նաեւ Օրբելյանի՝ հայերենի չիմացությունը եւ Երեւանից նրա հաճախակի բացակայությունները։