Պատվաստանյութն ընտրելիս էժանությամբ առաջնորդվելը սխալ է

Պատվաստանյութն ընտրելիս էժանությամբ առաջնորդվելը սխալ է

Առողջապահության նախարարությունն օրերս դիֆերամբներ էր ձոնել AstraZeneca պատվաստանյութին։ Կարելի՞ է եզրակացնել, որ կանգ են առել Օքսֆորդի համալսարանի մշակած այս նյութի վրա։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում չէր բացառել դա։ Մինչդեռ նախկին նախարարը Արսեն Թորոսյանը պատվաստվել էր «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութով: Սա առնվազն տարօրինակ է, քանի որ եվրոպական մի շարք երկրներ հրաժարվել են կիրառել AstraZeneca-ն՝ թրոմբոզի հաճախակի դեպքերի պատճառով։ Նման խնդիրների վերաբերյալ հայտարարել են Գերմանիան, Նիդերլանդները, Իռլանդիան, Դանիան, Էստոնիան, Իտալիան։ Ավստրալիայում 49-ամյա բուժքույրը մահացել էր պատվաստվելուց 10 օր անց, նրա 35-ամյա գործընկերոջ մոտ զարգացել էր թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա։ Ախալցխայում 30-ամյա բուժքույրն ընկել էր կոմայի մեջ։ 

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի գները ԵՄ երկրներում տատանվում են 5-74 եվրոյի սահմաններում՝ պահանջվող 2 չափաբաժնի համար։ Ամենաթանկը «Մոդեռնան» է, որի 2 չափաբաժինն արժե 50-74 դոլար։ Իսկ ամենաէժանը AstraZeneca-ն է՝ 5 եվրո։ CureVac-ի գինը 20-24 դոլար է։ Ռուսական «Спутник V»-ն եւս արժե մոտ այդքան։

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում առողջապահության նախարարը հայտնել էր, թե գինը պատվաստանյութի ընտրության հարցում դեր կունենա այլ գործոնների թվում։ Առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանին հարցրինք՝ ճի՞շտ է էժանի հետեւից գնալը։ «Եթե իմ կարծիքն եք հարցնում, ամեն դեպքում, պետության գերակա շահը ոչ թե էժանի հետեւից գնալն է, այլ նաեւ որակի ապահովման, որովհետեւ խնդիրը վերաբերում է բնակչությանը, առավել եւս՝ այնպիսի մի նուրբ ոլորտի, որը կոչվում է պատվաստում․․․ Ես դեմ եմ պատվաստանյութի, առողջապահության վրա ցանկացած տնտեսման։ Առավել եւս եթե խոսքը վերաբերում է AstraZeneca-ին, որովհետեւ եվրոպական մի շարք երկրներ այդ պատվաստանյութին վերաբերվում են թե՛ վերապահումներով, թե՛ սկեպտիկ։ Մինչդեռ «Սպուտնիկը» համարվում է լավագույն միջոցներից մեկը»,- ասաց Միրիջանյանը եւ վստահություն հայտնեց, որ եթե Հայաստանն այսօր մեկ խմբաքանակ ռուսական պատվաստանյութ ձեռք բերի, երկրորդը մեզ կտրամադրեն։

Խոսեցինք նաեւ Անահիտ Ավանեսյանի հետ՝ առաջնորդվել են այն փաստով, որ այս դեղամիջոցն ամենաէժա՞նն է։ «Տեսեք, ունենք մասնագիտական խորհուրդ, որը դիտարկում է պատվաստանյութերի վերաբերյալ մի շարք գործոններ։ Դա ե՛ւ գինն է, ե՛ւ թե գրանցման ինչ գործընթացում է այն, արդյոք հավանության արժանացե՞լ է միջազգային մասնագիտական կառույցների կողմից, արդյոք արդյունավետության եւ այլ չափանիշներով համապատասխանո՞ւմ է մեր առաջ քաշած կետերին, եւ մատակարարման ժամկետներն ինչպիսին են, պայմանները եւ, իհարկե, գինը։ Համապարփակ բոլոր գործոնները հաշվի առնելով՝ տալիս է եզրակացություն, թե արդյոք ընդունելի՞ տարբերակ է»։

Իսկ այն, որ մի շարք երկրներ ժամանակավորապես արգելել են այս պատվաստանյութը՝ հաշվի առնելով բարդությունները… Նախարարն ասաց՝ այո, կան այդպիսի երկրներ, ՀՀ ԱՆ-ն շատ ուշադիր հետեւում է, «մինչեւ որ պարզվի՝ պատվաստումներ ստացած մի շարք քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի ազդեցություններն արդյոք կապ ունե՞ն պատվաստանյութի հետ, թե՞ ոչ։ Եվ հիմա գնահատման գործընթացում ենք, կապի մեջ ենք եվրոպական դեղագործակալության, ԱՀԿ -ի հետ եւ ամենայն ուշադրությամբ հետեւում ենք, թե ինչ եզրակացություններ կկազմվեն, եւ ըստ այդմ՝ կառաջնորդվենք»։ Եթե մասնագիտական կառույցները կասեցնեն այդ պատվաստանյութի օգտագործումը՝ իրենց ուսումնասիրությունների հիման վրա, ԱՆ-ն իր որոշումները կկայացնի ըստ այդմ։ Նախարարության քաղաքականությունն է՝ «Հայաստանում ապահովել մի քանի պատվաստանյութերի առկայություն, հասանելիություն»։ 

Եվրոպական երկրներում մի քանի պատվաստանյութից մարդն ընտրություն է կատարում․ կլինի՞ նման բան Հայաստանում, նախարար Ավանեսյանն ասաց․ «Կլինի դրա վերաբերյալ հավելյալ դիտարկում մեր կողմից եւ մանրամասն կներկայացվի, թե ինչ քաղաքականությամբ, որ խմբերի համար․․․»։ 

Համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանն էլ ասում է․ պատվաստանյութի որակական հատկանիշների վերաբերյալ դատողություն անել՝ էժանությունից կամ թանկությունից ելնելով, սխալ է, «որովհետեւ շատ ավելի կարեւոր պարամետրեր կան, որ պետք է հաշվի առնել։ Ես, իհարկե, տնտեսագիտական նյուանսների մեջ շատ խորացած չեմ, բայց որպես շարքային սպառող ու նաեւ բժշկության հետ առնչություն ունեցող, կարող եմ ասել, որ երբեմն շատ ավելի ցածր ինքնարժեքով դեղամիջոցը կամ վակցինան էլ կարող է շատ լավ արդյունավետություն ունենալ։ Ամեն ինչ կախված է արտադրողից, պայմաններից։ Պետք է ուսումնասիրել, թե ինչ մեթոդի հիման վրա է աշխատում վակցինան»։ Նա այնքան էլ միանշանակ չի մոտենում թրոմբոզների մասին տեղեկություններին․ «Քանի՞ հոգու մոտ է առաջացել, հետազոտություններ են անհրաժեշտ։ Ինչ վերաբերում է, որ Գերմանիան արգելել է, ապա էս պահին արգելել է, բայց երաշխիք չկա, որ 10 օր հետո որոշումը չեն փոխի։ Իրենք արգելում են հետաքննության ժամանակահատվածի համար, որպեսզի պարզեն՝ այդ մահերը կամ խնդրահարույց դեպքերը կապ ունե՞ն պատվաստման հետ»։ 

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ․ յուրաքանչյուր մարդ պետք է ինքը գնահատի ռիսկը։ Եթե չի հիվանդացել, վարակվելու, հիվանդությունը ծանր տանելու ռիսկ ունի, ապա ճիշտը չարյաց փոքրագույնն է՝ պատվաստվելը։