Ո՞ւր կորան մեր սուրբ երազանքները 

Ո՞ւր կորան մեր սուրբ երազանքները 

Գիր ու գրականություն սիրող, արվեստ ու մշակույթ պաշտող տաղանդավոր հայ ժողովուրդը հանկարծ հայտնվեց հոգսերի ծանր բեռի տակ։ Երեսուն տարի, հանուն Արցախի, մեր ժողովուրդն ապրել է գլուխը կախ, ապրել է ամեն նեղություն իր վրա կրելով եւ տանելով, հույս ու հավատ փայփայելով, որ կգան լավ օրեր, եւ մեր ժողովուրդը դուրս կգա հոգսերի ծանր բեռի տակից։ Սակայն երեսուն տարին էլ կարծես բավական չէր, որ մենք դուրս գայինք նեղություններից եւ տառապանքներից։ Մարդկանց այսօր հուզում է ե՛ւ ներկան, ե՛ւ ապագան, իսկ անցյալը, երբ դեռ լրիվ չի անցել, եղավ կորստաբեր ե՛ւ երկրի, ե՛ւ ժողովրդի համար։ 

Ո՞ւր է այն ճանապարհը, որ մեզ փրկելու է աղետից, մեզ տանելու է դեպի անվտանգ ու ապահով կյանք։ Մեր հույսն ու հավատը եղել է հայոց բանակը, նրանով ապրել ու շնչել ենք, նրանով հաղթահարել մեր կյանքում ունեցած դժվարություններն ու հոգսերը։ Մեզ պետք է ուժեղ եւ հզոր բանակ, չէ՞ որ մենք գտնվում ենք թշնամու հետ կողք-կողքի։ Ամեն ինչ չի կարելի հասցնել զրոյական կետի։ Բանակը մեր կյանքի եւ անվտանգության երաշխավորն է, մեր բոլոր օրերի պահապանը, մեզ երջանիկ եւ հպարտ քաղաքացի դարձնողը։ Հայաստանը չպետք է դարձնել աշխարհից կտրված ու անպաշտպան, չպետք է թույլ տալ, որ մեր ոտքերի տակից փախչի մայր հողը։

Գոհար Հովհաննիսյան