«Հնարավոր է չեղյալ համարել Արցախի Հանրապետությունը լուծարելու ակտը»

«Հնարավոր է չեղյալ համարել Արցախի Հանրապետությունը լուծարելու ակտը»

«Արցախի Սահմանադրությամբ կառուցակարգը հետևյալն է` ԱՀ ԱԺ պատգամավորները 1/5–րդով դիմում են Արցախի գերագույն դատարանին Արցախի նախագահի հրամանագիրը անվավեր, հակասահմանադրական և ուժը կորցրած ճանաչելու դիմումով։ Եթե մենք ունենում ենք Արցախի Հանրապետության գերագույն դատարանի որոշումը, դրանով կանգնեցնում ենք այս հակասահմանադրական ակտը»։ Այս մասին քիչ առաջ «Արցախի Հանրապետության լուծարումը հակասահմանադրական է․ Արցախի նկատմամբ մեր իրավունքների ամրագրումը, որպես քաղաքական առաջնային օրակարգ» թեմայով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ պնդելով, որ հնարավոր է ու պետք է քայլեր ձեռնարկվեն Արցախի նախագահի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու համար։

«Հայ ժողովուրդը Արցախ պետության բաղադրամասերից կորցրել է տարածքը, սակայն գոյություն ունի վտարանդի կառավարության ինստիտուտ, և պետք է իրավական դաշտում արվեն քայլեր Արցախի նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու համար։ 

Թեպետ չկա Արցախի տարածքը, բայց դեռևս գործում է Արցախի Հանրապետության սահմանադրությունը, քանի որ այն ընդունվել է հանրաքվեով, և այն կարող է դադարել միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովուրդը հանրաքվեով նոր սահմանադրություն ընդունի։ Եթե Արցախ պետության հակասահմանադրական ճանապարհով լուծարելու գործընթացը մնա ուժի մեջ, կստացվի ՀՀ–ի կողմից ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին»,- պնդեց նա։