Քադիրովը նորից քննադատել է լրատվամիջոցներին

Քադիրովը նորից քննադատել է լրատվամիջոցներին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը առաջարկել է այլընտրանք՝ լրատվամիջոցներում հանցագործություն կատարած անձանց մասին գրելիս ազգության նշումն արգելող օրինագծին։ Նա այս օրինագծի հակառակորդներին եւ քննադատներին առաջարկել է յուրաքանչյուր հանցագործություն կատարած անձի մասին գրելիս նշել ազգությունը։ Ըստ Չեչնիայի ղեկավարի, այդ ժամանակ նոր կլինի իրավահավասարություն, համահունչ այն ազգային քաղաքականության հետ, որը վարում է Ռուսաստանը։

Նշենք, որ Չեչնիայի խորհրդարանը Քադիրովի նախաձեռնությամբ, պատրաստել եւ Ռուսաստանի Պետդումա է ուղարկել օրինագիծ, որով արգելվում է լրատվամիջոցներով հրապարակել հանցագործություն կատարած անձանց ազգությունը, քանի որ դրանով վիրավորանք է հասցվում այդ ազգության մնացյալ օրինահարգ քաղաքացիներին։ Այս օրինագծի հանդեպ, սակայն վերաբերմունքը միանշանակ չէ, քանի որ այն հիշեցնում է գրաքննություն եւ այս մասին ահազանգում են եւ լրագրողները եւ քաղաքական գործիչները։

Քադիրովը հայտարարել է, որ այնպիսի տպավորություն է, որ կան քաղաքացիների միայն երկու կատեգորիա՝ կովկասցիներ եւ ազգություն չունեցող անձինք։ Նա օրինագծին ընդդիմացողներին քննադատել է հայտարարելով, որ նրանց բերած խոսքի ազատության մասին թեզերը կիրառվում են միայն այն դեպքում, երբ հանցագործությունների մեջ ներգրավված են չեչեններ, ինգուշներ եւ դաղստանցիներ։ Քադիրովը առաջարկել է, որ եթե բոլորը կարծում են, որ անհրաժեշտություն կա նշելու ազգությունը, ապա պետք է բոլոր պարագաներում էլ նշել, եւ ոչ թե միայն կովկասցիների դեպքում։