Թեկնածու չառաջադրելով ահազանգ ենք հնչեցնում` կանգնե՛ք, ժողովուրդ, ուշքի՛ եկեք

Թեկնածու չառաջադրելով ահազանգ ենք հնչեցնում` կանգնե՛ք, ժողովուրդ, ուշքի՛ եկեք

Ընդդիմությունը որոշեց չառաջադրել հանրապետության նախագահի թեկնածու, որպեսզի չլեգիտիմացնի այդ գործընթացը։ Չնայած ընտրություններից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձությունները լեգիտիմացրել է, բայց այս մեկը չեն ուզում լեգիտիմացնել՝ թողնելով, որ ՔՊ-ն միանձնյա իր թեկնածուին անցկացնի։ Այս որոշումը միանշանակ չի ընկալվել հենց ընդդիմության շարքերում։ Թեկնածու չառաջադրելուն դեմ են եղել ոմանք, բայց որոշումը կայացվել է, եւ հարգել են այդ որոշումը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ, իր կարծիքով, պետք է  այլընտրանք առաջարկեին ոչ միայն ԱԺ-ին, այլ նաեւ հասարակությանը։ Չառաջադրեցին, որովհետեւ «ընդհանուր որոշում կայացվեց», իսկ կայացնողը «Հայաստան» դաշինքն էր, քանի որ առաջադրողն իրենք էին՝ որպես երկրորդ ամենամեծ ուժը խորհրդարանում։ Նա չբացառեց․ «Գուցե նաեւ թեկնածուի խնդիր կար, որովհետեւ իմ պատկերացումը հետեւյալն է՝ նախագահի թեկնածուն պետք է լինի բոլորի կողմից ընդունված, բարձր հեղինակություն ունեցող կոնսենսուսային տարբերակ, որը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը»։ Դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է՝ նախագահի թեկնածու չեն առաջադրում, որ չլեգիտիմացնեն գործընթացը, բայց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ են առաջադրում, Թովմասյանն ասաց․ «Ես կիսում եմ Ձեր տեսակետը»։

«Հայաստան» խմբակցությունից մեր դիտարկումներին հակադարձում են` նախագահի թեկնածու ու ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրելը տարբեր բաներ են։ Դաշնակցական Արթուր Խաչատրյանը թեկնածու չառաջադրելը բացատրում է նրանով, որ իմաստ չունի, կանխատեսելով ելքը, մասնակցել իշխանության կազմակերպած շոուին եւ լեգիտիմացնել այն։ Իսկ ՀՌՀ անդամի թեկնածություն ինչո՞ւ առաջադրեցիք։ «Որովհետեւ ընդդիմությունն ունի քվոտա, եւ այդ քվոտայի շրջանակներում դու կարող ես ՀՌՀ անդամի թեկնածություն ներկայացնել, իսկ նախագահի թեկնածուի դեպքում քվոտայի խնդիր չկա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ քվոտայի շրջանակներում են հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ առաջադրել։ Նկատեցինք, որ եթե խոսքն ինստիտուտների չլեգիտիմացման մասին է, ապա մի մասով լեգիտիմացնում են, մյուս մասով՝ ոչ. Խաչատրյանն ասաց՝ ԱԺ-ն չեն կարող չլեգիտիմացնել, պարզապես նախագահի ընտրության հարցում ՔՊ-ն շոու է բեմադրել։ Իսկ կա՞ ընդդիմության շարքերում մարդ, որը բարձր հեղինակություն է վայելում եւ կարող է հավակնել նախագահի պաշտոնին, Խաչատրյանն ասաց․ «Իհարկե, կա, բայց դու էդ հեղինակություն վայելող մարդուն չես կարող բերել էստեղ՝ իմանալով, որ էդ մարդը կանխավ չի անցնելու։ Գալ՝ հանուն ոչնչի, ի՞նչ իմաստ ունի»։ Հարցրինք․ նույն տրամաբանությամբ՝ ի՞նչ իմաստ ունի ԱԺ-ում մնալը։ «Ո՞նց՝ ինչ իմաստ ունի, դու ներկայացնում ես քո այլընտրանքային մոտեցումները»։ Դե, նախագահի թեկնածու առաջադրելով էլ ներկայացնում եք ձեր այլընտրանքային մոտեցումն իշխանական թեկնածուի նկատմամբ։ Խաչատրյանն անդրդվելի էր․

«Դու կարող ես քո մոտեցումը ներկայացնել առանց անձնավորելու։ Հանրապետության նախագահը պետք է լինի մարդ, որը բարձր է, որն ունի հեղինակություն, որի խոսքը լսում է թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը։ Իսկ Վահագն Խաչատրյանը իշխանության մաս է։ Ավելին ասեմ՝ մարդը նույնիսկ հայտարարեց, որ հլու-հնազանդ ինչ ասես՝ անելու է։ Էդ տիպը մեզ համար ընդունելի չէ»։
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն էլ փորձեց նույն տրամաբանությամբ բացատրել, թե ինչու չեն առաջադրում նախագահի թեկնածու եւ ինչու են առաջադրում ՀՌՀ անդամի թեկնածու։ «Դրանք տարբեր բաներ են, այդ թեկնածուների առաջադրումը պետք չէ նույն հարթության վրա դիտել, որովհետեւ նախագահի թեկնածուն ի սկզբանե պետք է համահայկական ընկալումով մեկը գտնվեր, որը հենց էդ խնդիրը պետք է համահայկական դերակատարություն ունենա։ Նա պետության գլուխն է, որը նաեւ պետք է փորձի այդ խաթարված եռամիասնությունը վերականգնել՝ Արցախ, Հայաստան եւ Սփյուռք։ Բայց մարդիկ, փոխանակ էդ պրոցեսը սկսեն, փոխանակ փնտրտուքով գան հասնեն դրան, թե ով է էն անձը, որ էդ հարցը կարող է լուծել, միանգամից որոշել են, որ դա պիտի լինի ՔՊ-ի որոշումով»,- ասաց Ռուստամյանը։

Ապա բացատրեց, որ հենց դրա համար է որոշված, որ համահայկական թեկնածուն պետք է 3/4-ով ընտրվի, իսկ ՔՊ-ն որոշել է օգտվել տեխնիկական հնարավորությունից, որ 3/4 չունեն, բայց ունեն 3/5, ուրեմն երկրորդ փուլով կընտրվի։ Այսինքն՝ ուզում էին, որ իշխանությունը գար ընդդիմության հետ նստեր մի սեղանի շուրջ եւ քննարկե՞ր՝ ինչ թեկնածու արժի առաջադրել, Ռուստամյանն ասաց․ «Այո, նա պետք է ձգտեր, որ 3/4-ով անցնող թեկնածուի մասին խոսք լիներ, եւ դա պետք է անի իշխանությունը»։

Իսկ իրենց համար ընդունելի կլինե՞ր իշխանության այլ թեկնածու, որը ՔՊ-ից չլիներ եւ իր ասած չափանիշներին համապատասխաներ։ «Իհարկե, մեզ համար ընդունելի կլիներ, եթե իսկապես էդ ընկալումով լիներ մեկը, որը կարող էր էդ խնդիրը լուծել՝ նկատի ունենալով էն կարգավիճակը, որ նախագահը պետք է ունենա՝ միավորող, իսկ էսօր մեր ազգի համար հենց միավորման խնդիրն է ամենագլխավոր հարցը, մենք պառակտված վիճակում ենք, ու սա պետք է առիթ դարձնեինք միավորվելու»։ Նկատեցինք, որ եթե ասում են՝ նախագահի թեկնածուին բերելու են ու 3/5-ով ընտրեն, ապա նույնկերպ իրենց բերած ցանկացած նախագիծ կարող է մեծամասնությունը մերժել, այդ դեպքում ո՞րն է իրենց առաքելությունը խորհրդարանում: Ռուստամյանն ասաց․ «Մեր գլխավոր առաքելությունն այստեղ եղել եւ մնում է նույնը՝ մենք էստեղ ոչ թե խոսում ենք միայն իշխանություններին ուղղելով մեր խոսքը, այլեւ՝ ժողովրդին։ Ժողովուրդը պետք է այս ամբիոնից լսելով՝ ծանրութեթեւ անի եւ հասկանա՝ որն է իր համար ճիշտ ճանապարհը»։

Բայց նույնկերպ ժողովուրդը կարող էր ծանրութեթեւ անել եւ հասկանալ, որ իշխանությունն ընդդիմության ներկայացրած լավ թեկնածուին մերժեց։ Ռուստամյանն այստեղ էլ փորձեց համոզել, թե իրենք ճիշտ են վարվել, որ թեկնածու չեն առաջադրել: «Հիմա մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ, ծանրութեթեւ արա այն հանգամանքը, որ ունենք մի իշխանություն, որն ուղղակի միանձնյա, օգտվելով իր մեծամասնությունից, փորձում է նաեւ համահայկական խնդիրները լուծել միանձնյա, եւ սա բերելու է կործանման։ Մենք ահազանգ ենք սրանով հնչեցնում, որ կանգնե՛ք, ժողովուրդ, ուշքի՛ եկեք»,- ասաց պատգամավորը։

Այդ դեպքում մանդատներ վերցնելու եւ ԱԺ-ում աշխատելու իմաստը ո՞րն է, եթե գիտեն, թե ում հետ գործ ունեն։ «Մենք գիտենք, բայց ժողովրդի մեծ մասը չգիտի՝ դեռ գնում ընտրում է։ Մեր իմանալը քիչ է, պետք է մյուսներն էլ, ովքեր որ հլը չեն հասկացել, իրենք էլ իմանան»,- եղավ պատասխանը։