Հայտնի է Թումասյանի ազատվելու պատճառը

Հայտնի է Թումասյանի ազատվելու  պատճառը

Անձնագրերի և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանն այսօր տեղեկացրել էր, որ ազատվում է պաշտոնից, որը զբաղեցնում էր 2017 թվականի օգոստոսի 22-ից։
«Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ 10.04.2020թ. դիմել և այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով իմ հանդեպ դրսևորած Ձեր վերաբերմունքը:

Հետադարձ հայացք նետելով ոստիկանությանը նվիրած կյանքիս անցած 16 տարիներին՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայից մինչև Անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ 10 տարի շարունակ թրծվեցի որպես հանրային ծառայող, անվերապահորեն ընդունել եմ, ընդունում եմ և ընդունելու եմ մի պարզ ճշմարտություն, որ այդ տարիները հաջողված են եղել իմ՝ որպես մարդ և որպես մասնագետ կայացման հարցում, ինչի համար շնորհակալ եմ Ոստիկանությանը և եթե կրկին բախտ վիճակվեր ԲՈՒՀ և մասնագիտություն ընտրելու հարցում, ապա կրկին կընտրեի հարազատ Կրթահամալիրն ու սիրելի մասնագիտությունս:

Ընդգծված սրտացավություն՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել և հնարավոր եղել իրագործել, թողնում եմ հանրության և Աստծո դատին:

Վստահեցնում եմ, որ ցանկացած հարցում ուժերիս ներածին չափով կրկին Ձեր կողքին եմ լինելու և շարունակելու եմ ծառայել երկրիս ու ժողովրդիս:

Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության և անկեղծ վերաբերմունքի համար: Աստված բոլորիս պահապան»,- գրել էր Թումասյանը:

Մեզ հայտնի դարձավ նրա ազատվելու  պատճառներից մեկը, խոսքը կանադահայ կնոջ' վարչապետին ուղղված նամակի մասին է, որում նա նշում էր, թե չի կարողանում քաղաքացիություն ստանալ: Հիշեցնենք' Փետրվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կանադահայ Մարիա Ղանաղունյանի  նամակը, որը ցանկացել էր վերականգնել ՀՀ քաղաքացիությունը, որից հրաժարվել էր 1999 թվականին ու, ինչպես իր նամակում էր ասել, ստիպված էր եղել դեգերումների միջով անցնել՝ Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունից՝ մինչև ՔԿԱԳ ու Արդարադատության նախարարություն: Նամակի հեղինակի բնորոշմամբ՝ համակարգը ձախողված էր, գործում են 1960-ականներին գրված հին բյուրոկրատական օրենքները, որոնցում կան հսկայական բացթողումներ: Խնդիրն այն է, որ կինը 1999թ.-ին ամուսնանալուց հետո փոխել էր ազգանունը, հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից և հիմա կրկին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար չուներ անհրաժեշտ փաստաթուղթը՝ ապոստիլ (Կանադայում ապոստիլ չի կիրառվում, այդ երկիրը չի անդամակցում ապոստիլյան կոնվենցիային) կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ, որը պատկան մարմիններին հնարավորություն կտար նույնականացնել նրան ու տալ քաղաքացիություն:

Նամակում Մարիա Ղանաղունյանը նաև դժգոհել էր իր այցելած կառույցների աշխատակիցներից, որոնք, ինչպես գրված է նամակում, ասել էին, թե  պետք չէր Հայաստան վերադառնալ,  ու ճիշտ կանի՝ գնա այնտեղ, որտեղից եկել է, մի աշխատակից էլ հանդգնել էր ասել, որ Փաշինյանը խաբել է բոլորին:

Նամակը ստանալուն պես վարչապետը նախ զանգահարել էր կանադահայ տիկնոջը, ապա ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանը տեղեկացրել, թե ինչ հանձնարարականներ է տվել Ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝  ծառայողական քննություն անցկացնել, պատժել, առնվազն աշխատանքից հեռացնել «բոլոր մեղավորներին»: