Լարված իրավիճակ Զովունի գյուղում․ գյուղացիները բողոքի ցույց են անում համայնքապետարանի շենքում

Լարված իրավիճակ Զովունի գյուղում․ գյուղացիները բողոքի ցույց են անում համայնքապետարանի շենքում

Կոտայքի մարզի Զովունի համայնքում լարված իրավիճակ է. զովունեցիները հավաքվել են գյուղապետարանի շենքում եւ պահանջում են, որպեսզի խոշորացված համայնքի ղեկավարը չեղյալ հայտարարի իր կողմից կայացված որոշումը, որով աշխատանքից, իբր թերացում ունենալու պատճառով, ազատվել է Զովունիի գյուղապետ Վրույր Սիմոնյանը։ Նրանք նաեւ նշում են, որ չեն պատրաստվում ընդունել Եղվարդի քաղաքապետի եւ Կոտայքի մարզպետի որոշումը՝ Սիմոնյանի վերաբերյալ, եւ որ եթե խնդիրը չլուծվի, ապա դիմելու են Փաշինյանի կիրառած մեթոդին՝ ճանապարհներ են փակելու։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցող բողոքի ակցիային, նշեց․ «Ի սկզբանե ասեմ, որ ես որևէ մեկին որեւէ բան չեմ հորդորել։ Զովունի գյուղը գույքի, հողի հարկի, առհասարակ՝ տեղական տուրքի վճարների շատ վատ նշաձող ունի այս պահին, ինչը վարչական շրջանի ղեկավարի պարտականությունն է։ Զովունի գյուղի անմիջապես հարեւանությամբ՝ Հրազդանի կիրճում, տասնյակ մեքենաներով շինաղբ է թափվում ամեն օր, եւ շրջակա միջավայրի պահպանությունը, աղբահանությունը դարձյալ վարչական շրջանի ղեկավարի ուղիղ պարտականությունն են։ Մի շարք էլի հարցեր կան, որոնք ես վեր եմ հանել մեր համայնքի ղեկավարների առջեւ, եւ խոշորացված համայնքի ղեկավարներն իրենց համայնքներում իրենց քաղաքականությունն ու լիազորությունն են իրականացնում։ Թե Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավարն ինչ որոշում կկայացնի՝ վիճակը շտկելու համար, դա ինձ քիչ է հետաքրքրում։ Ինձ պետք է, որ մեր համայնքներում լինի աղբահանության բարձր ցուցանիշ, մեր համայնքները լինեն մաքուր, ապօրինի հողօգտագործումներ չլինեն, ապօրինի կառուցապատումներ չլինեն»։

Մարզպետը նաեւ նշեց, որ վարչական ղեկավարի պաշտոնը նշանակովի է, եւ դա համայնքի ղեկավարն է որոշում․ «Այլ բան է, որ կարող է գյուղացիների հետ լսումներ անել, նրանց կարծիքը հաշվի առնել։ Եթե 15 հոգի դուրս են գալիս փողոց եւ ասում են՝ մեր շրջանակի մեր բարեկամը լինի, բայց եւս 200 հոգի վստահում է գործող իշխանություններին»։

Պետրոսյանի խոսքով՝ ինքը տեղյակ չէ, թե ով է փոխարինելու Վրույր Սիմոնյանին, այդ հարցը չի էլ քննարկել։