«Սասնա ծռեր»-ի հայտարարությունը

«Սասնա ծռեր»-ի հայտարարությունը

Ներկայիս պայմաններում, երբ ազատ մամուլը դեռեւս կայացած չէ եւ ունի պետական աջակցության կարիք, Բուզանդի 1/3 ու Իսահակյան 28 հասցեներում եւ Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օգտագործման պայմաններն ու չափանիշները վերանայելու եւ, դրա հետեւանքով՝ անհատույց օգտագործման փոխարեն վարձավճարների աճման միտումով վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ պետության մոտեցումը խիստ մտահոգիչ է:

Ուստի ներկայիս ժողովրդավարական իշխանության առաջնային խնդիրն է՝ ընդառաջ գնալ մամուլին եւ, հրաժարվելով առեւտրային տրամաբանությամբ նրանից շահույթ կորզելու մոտեցումից, համակարգային քայլեր ձեռնարկել մամուլի ազատությունն ապահովելու ուղղությամբ:
Մասնավորապես, հանուն ազատ մամուլի կայացման, պետությունը պետք է ամեն կերպով աջակցի նրան՝ արդեն որոշակի քանակական ու որակական չափանիշներին բավարարող մամուլի միջոցներին անհատույց կերպով տրամադրելով տարածք եւ այլ անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ ֆինանսավորում: Բացի այդ՝ անհրաժեշտ է հատուցել այն վնասները, որ մի շարք լրատվամիջոցներ կրել են իրենց նկատմամբ նախորդ ռեժիմների վարած հանցավոր քաղաքականության հետեւանքով:

Միեւնույն ժամանակ՝ ազգային անվտանգության առումով հրատապ եւ կարեւոր խնդիր է մամուլին զերծ պահել պետությանը եւ հասարակությանը տեղեկութային պատերազմ հայտարարած նախկին հանցավոր ռեժիմների շրջանակների, ինչպես նաեւ նրանց հովանավորող օտար ուժերի ապօրինի ազդեցությունից:

Այս խնդիրն օր առաջ հարկավոր է լուծել մամուլի ֆինանսավորման թափանցիկության ապահովման, ինչպես նաեւ անցումային արդարադատության եւ լյուստրացիայի (այդ թվում՝ տնտեսական) մեխանիզմներով ապօրինի հարստացմամբ ձեռք բերված ֆինանսական աղբյուրները փակելու միջոցով: