Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է Հարավային Կովկասում․ Վլադիմիր Պուտին

Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է Հարավային Կովկասում․ Վլադիմիր Պուտին

Ինչպես հայտնի է, այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ մամուլի ասուլիսի ընթացքում կպատասխանի լրագրողների հարցերին, որոնք կարող են առնչվել ցանկացած թեմայի, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական եւ միջազգային պրոբլեմատիկային առնչվող։ Հավատարմագրվել է 1702 լրագրող, ինչն արդեն ռեկորդային թիվ է։ Հարցին, թե արդյոք Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո Մոսկվան կվերականգնի հարաբերությունները Երեւանի հետ, Պուտինը ասել է, որ չի կարծում, թե ինչ որ բան վերականգնելու խնդիր կա, քանի որ որեւէ բան չի էլ փլուզվել։ Նա շեշտել է, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ու առկա են իրավահավասար հարաբերություններ։ «Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ։ Ինչը պետք է վերականգնենք։ Մենք պետք է զարգացնենք այն, ինչը արդեն ստեղծվել է նախորդ սերունդների եւ ղեկավարների կողմից։ Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է Հարավային Կովկասում։ Այդպես եղել է պատմականորեն, կա եւ հուսով եմ կլինի»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը հստակեցրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները կքննարկվի Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, ով հաջորդ շաբաթ լինելու է Ռուսաստանում։