Գեներալ, հերոս ձերբակալելու ստարտը Նիկոլն է տվել․․․

Գեներալ, հերոս ձերբակալելու ստարտը Նիկոլն է տվել․․․

Ինչքան էլ մռայլ, սև լինի երկինքը, ինչքան էլ դա երկար տևի, մի օր բացվում է ու պարզ երևում է, թե տարերքը ինչ ավերածություն է գործել։ Կեղծ հեղափոխության դեղնա- կապտագույն, կարմրագույն գույները հետ են քաշվել ու պարզ երևում է, թե նա ինչ ավերածություն է բերել հայ ժողովրդին։ Բոլորդ տեսնում եք և անիմաստ է թվարկել այն արհավիրքը, որ 2018-ից հետո եկավ հայ ժողովրդի, Արցախի, Հայաստանի գլխին։ 

Ես բոլորովին այլ բանի մասին եմ խոսելու։ Ինքը շատ կարևոր, բնորոշիչ է, բոլորդ էլ տեսել, անցել եք այդ ճանապարհով, բայց այն ժամանակ վարդագույն ակնոցներ ունեիք ու գունախառնում էր տեղի ունեցել։ Եթե առաջ քաղաքագետները, փորձագետները, վերլուծաբանները, լրագրողները հարցականով էին գրում, խոսում, որ Նիկոլ Փաշինյանը գործում է թշնամու հետ համատեղ, այսօր այլևս այդ հարցականը չկա։ Ետ են քաշվել ամպերը ու ամեն ինչն իր տեղն է ընկել։ Նիկոլ Փաշինյանն ընկալվում է որպես հայ ժողովրդին, Հայաստանին հակառակ կողմ։ Այդ հակառակ կողմին յուրաքանչյուրն իր բառով է բնութագրում՝ կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս, թշնամի, դավաճան․․․ Ես օգտագործում եմ հակառակ կողմ բառը։ Հայաստանին հակառակ կողմ։ 

Հիմա որտեղ բացում՝ թշնամու կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին են գրում, խոսում։ Ձերբակալեցին նաև գեներալ Լևոն Մնացականյանին, հերթով մյուս հերոսներին, գեներալներին, հրամանատարներին, ազգային գործիչներին էլ կձերբակալեն։ Հայաստանում ախ ու վախ են անում, մեղադրում թշնամուն, անտեսելով մի կարևոր բան։ Ադրբեջանի հիմնական նպատակը մեր հերոսներին, գեներալներին չեզոքացնելը, ստորացնելն է։ Նիկոլ Փաշինյանը, երբ իշխանության եկավ, նրա առաջին քայլը գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելն էր։ Հիմա պարզ տեսնում ու հասկանում եք չէ՞, ոչ դա եղել է Ադրբեջանի ուղղորդմամբ։ Հայ ժողովրդի հույզերի, զգացումների վրա խաղալով՝ Մանվելին, այսինքն հայ զինվորին, գեներալին այնքան նսեմացրեց, ստորացրեց, ժողովրդի մեջ այնպիսի ատելություն գեներացրեց հերոսների, գեներալների հանդեպ, որ այսօր Բանակը, հերոսը առոչինչ է դարձել։ Հաջորդը՝ Խաչատուրովն էր, հետո՝ որդին, մյուսները․․․ Այն, ինչ անում է Ադրբեջանը, հասկանում ես, բայց այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, չի տեղավորվում մարդու ուղեղում։ Նորից եմ կրկնում՝ գեներալ, հերոս ձերբակալելու ստարտը Նիկոլն է տվել։ Այսօր Ադրբեջանն իր քայլերով բացում է այն մեծ խորհրդավորությունը, թե ինչու՞ է Նիկոլը ձերբակալում մեր հերոսներին, ազգային գործիչներին ու գեներալներին։ Նրանք գործում են համատեղ։ Փաստերը կան, 2018-ից է սկսված գեներալների ու հերոսների ձերբակալությունը։ Ու սկսվել է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ձեռքով։ Կարևոր չէ հրահանգ տվողն ով է։ Թշնամին կարող է հրահանգել, կարևորը կատարողն է։ Եռաբլուրի պղծումն էլ պատահական չէր, ինչպես ներկայացնում էին։