Կաթողիկոսի ելույթը գնահատական-քննադատություն էր ներկա իշխանություններին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և պաշտոնատար այլ անձինք: Վերջինս առիթն օգտագործելով իր ելույթում խոսեց հայրենիքում տիրող անհամերաշխությունից, Արցախի և Հայաստանի երերուն խաղաղությունից:
Թեմայի շուրջ զրուցել և մեկնաբանություն ենք ստացել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցից:
«Վեհափառն, ըստ էության, օբյեկտիվ գնահատական տվեց երկրում ստեղծված իրավիճակին` անհանդուրժողականություն, բևեռացում, երկփեղկում։ Ցավոք, «սիրո և համերաշխության հեղափոխությունը» հենց այսպիսի հետեւանքներ է հարուցել երկրում։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր «կենսունակությունն» ապահովում է հենց ներհասարակական, ներազգային բարիկադներ կառուցելու միջոցով։ Սա փաստ է, որն արձանագրվել է Վեհափառի կողմից։ Շատ բնական է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը այս խոսքը հնչեցրեց 5-րդ նախագահի ինագուրացիայի օրը, որովհետև եթե Վահագն Խաչատուրյանին չհաջողվի դառնալ ազգային համաձայնության, հանրային երկխոսության ու կոնսոլիդացիայի սիմվոլ, ապա նրա նախագահությունը, մեծ իմաստով, ձախողված կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Սուրենյանցը:
Քաղաքագետը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ վաղուց է ճանաչում Վահագն Խաչատուրյանին և նրա մարդկային, մասնագիտական որակների մասին դրական կարծիք ունի:
«Վահագն Խաչատուրյանը, համաձայնել է նախագահ դառնալ քաղաքական մի համատեքստում, երբ Նիկոլ Փաշինյանը նրա փոխարեն ձեւակերպել է 5-րդ նախագահի «առաքելությունը» ապահովել «քաղաքական ներդաշնակություն»: Եթե վերանանք գեղեցիկ ձեւակերպումներից, Փաշինյանի «քաղաքական ներդաշնակությունը» իշխանության կենտրոնացումն է մեկ մարդու, այսինքն իր ձեռքերում։ Այս «առաքելությունը» պետք է իրականացնի նոր նախագահը` պայմանական նոտարի կարգավիճակով։ «Մեկ մարդու իշխանության» թեզը հակոտնյա է հանրային, համազգային համերաշխության թեզին»,-ասաց քաղաքագետը:
Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Վեհափառի այսօրվա խոսքի տխուր գնահականն ավելի շեշտված կդառնա, իսկ պոզիտիվ սպասումը նոր նախագահից, նրա գործունեությունից` իրականություն չի դառնա։
Կարծիքներ