Խաղաղություն ուզողը Զելենսկի չի բերի Հայաստան
Ադրբեջանը ստահոդ հայտարարություններ տարածելու մեջ չի զլանում։ Անընդհատ թմբկահարվում է, որ Հայաստանը Տավուշից, Գեղարքունիքից, Սյունիքից, Արարատից գնդակոծում է իրենց դիրքերը։ Արցախում էլ նույն սխեմայով էին աշխատում։ Հայաստանը Արցախի վիճակից , առանց չափազանցության, հինգ պակաս է։ Պատերազմից էլ ավելի սարսափելի բան կա։ Ոչ մեկը կույր չէ, տեսնում է, որ այս իշխանությունը մերը չէ։ Վստահություն, հավատ չկա։ Սա է ամենասարսափելին, որ այս իշխանությունը բերել է ժողովրդի գլխին։
Պատերազմող երկրում սպասել, թե որ պահի է իշխանությունը քեզ, քո երկիրը տալու թշնամու բերան, արդեն իսկ պարտության սկիզբ է։ Նման դեպքում չվստահել առաջնորդ կոչվածին, աղետալի է։ Իսկ որ դա փաստ է, վկայությունը սոցիալական հարթակներում իշխանության հասցեին ուղղված, մեղմ ասած, «քար ծակող» որակավորումները, անվիճելի է։ Մի հասարակ օրինակ բերեմ։ Առաջ, երբ տաքսուց օգտվում էի, իսկ ես շատ եմ օգտվում, երկուսից մեկն էր Փաշինյանին հայհոյում։ Ասում էին մեղք է, դե ինչ անի։ Չէին պատկերացնում, որ եթե նա ոչինչ չանի , ավելի լավ կլինի երկրի վիճակը։ Հենց նրա անելուց ենք հասել այդ վիճակին։
Վերջին շրջանում տաքսու վարորդ չեմ հանդիպում, որ Նիկոլ չհայհոյի։ Հայհոյում են իրենց երկիրը հանձնելու, իրենց այս օրին հասցնելու, իրենց երեխեքին կոտորել տալու, Արցախի հայաթափման, հայ ազգի նվաստացման համար․․․ Ու դա համատարած է։ Ուր ուզում ես մտիր, նույն վիճակն է։ Հազվադեպ մարդ կգտնես, որ կողջունի նրա քաղաքականությունը, նմաններն արդեն սև կետի նման աչք են ծակում և գլուխները փորձում են թաքցնել հողի տակ, որովհետև անզոր են հանրային հեղիղի դեմն առնել։ Համբերության բաժակը լցվել է, բայց ինչ որ աներևույթ ձեռք, որն արդեն երևութական է, փորձում է նրան փրկել գահավիժումից, փորձում է նրան «ոտքի վրա պահել», որ ավարտին հասցնի այն, ինչ կատարվում է։ Իսկ ինչու՞ են ուզում պահել նման ղեկավարին, ինչու՞ որևէ արտաքին կողմ նրան չի հեռացնում։ Ավելի քան պարզ է, բոլոր կողմերին ձեռք է տալիս, որ ունենան Նիկոլ Փաշինյան։ Այդ անուն ազգանունն արդեն ամեն ինչ ասում է, պետք չէ ուրիշ բան ավելացնել։ Պատերազմից հինգ պակաս հայկական կողմը կամ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը Ներքին Հանդի դեպքերի առթիվ մեղադրում է մեր զինվորին։ Սա պատահականությու՞ն է, թե՞ նոր պատերազմի սադրանք, Ադրբեջանի ձեռքերի արձակում։
Մեր 4 զոհված զինվորի մասին լռում է, ինչպես նաև լռում է մեր տարածքում գտնվող ադրբեջանական զորամիավորումների մասին։ Ադրբեջանցին մեր տարածքից կրակում է մեզ վրա։ Ադրբեջանական կողմին խանումի նման ,, բազմեցրել է բազմոցին,, ու խաղաղություն է քարոզում, ասելով, որ ․ «Մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի և վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից, իհարկե, (նոր) պատերազմը (Ադրբեջանի հետ) շատ հավանական է»։ Կապիտուլյացիայի պայմանագիր էլ էիր ստորագրել, ու՞ր է։ Ո՞վ է հիշում դրա մասին։ ՈՒ՞ր է Բերձորի միջանցքը, ու՞ր է Արցախը․․․ Ու՞ր է արցախցին։ Սիրտդ նոր պայմանագի՞ր է ուզում, ի՞նչ պիտի անի այդ թղթի կտորը։ Իշխանությունդ կերկարացնի՞․․․ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց նաև հասկանում ենք, որ քո ասած խաղաղությունը իրական չէ, սուտ է, ինչպես բոլոր այն բաները, որոնք խոստացել ես ու սուտ է դուրս եկել։ Խաղաղություն ուզողը Զելենսկի չի բերի Հայաստան։ Դա տեղով մեկ պատերազմ է։ Խաղաղություն ուզողը Սահակաշվիլի չէր խաղացնի։ Չավելացնեմ մյուս աննյութ, կախիչիդ նման պոկվող փաստարկներդ։
Կարծիքներ