Ռազմագերիների հարազատները հոգեբանական ավելի լավ վիճակում են, քան անհայտ կորածներինը

Ռազմագերիների հարազատները հոգեբանական ավելի լավ վիճակում են, քան անհայտ կորածներինը

Հարյուրից ավելի ռազմագերիների ու նաեւ անհետ կորածների հարցերով զբաղվում են բազմաթիվ կառույցներ ու ինստիտուտներ․ ՊՆ համապատասխան հանձնաժողովը, Կարմիր խաչը, Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, ինչպես նաեւ այս հարցերով մասնագիտացած ՀԿ-ներ ու փաստաբաններ։ «Իրավական ուղի» կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ,  զբաղվում է այս պատերազմի ժամանակ ռազմագերի վերցված շուրջ 40 անձանցով եւ նրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հաղորդումներ՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ։ «Զբաղվում ենք ֆիքսված անձանցով, որոնց վերաբերյալ ունենք ապացույցներ, որ ադրբեջանցիների մոտ են եղել՝ ողջ վիճակում»,- ասաց Արտակ Զեյնալյանը։ Դրանք այն ենթադրյալ ռազմագերիներն են, որոնց հարազատներն ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել ու ճանաչել են նրանց եւ լիազորել են, որ իրենց շահերը ներկայացվեն ՄԻԵԴ-ում։ 
Հարցին, թե վստա՞հ են, որ այդ զինվորներն ու կամավորները ողջ են, պրն Զեյնալյանը պատասխանեց․ «Դե, մի մասի վերաբերյալ ստացել ենք հավաստիացում, նրանց հնարավորություն է տրվել զանգել ընտանիքի անդամներին, մի մասի վերաբերյալ Կարմիր խաչից ունենք տվյալներ, մյուս մասի վերաբերյալ սպասում ենք, որ Ադրբեջանը պատասխանի Եվրոպական դատարանին»։ Իսկ Ադրբեջանը, որպես կանոն, պատասխանում է, թե լավ են վերաբերվում ռազմագերիներին։ Եվ սա այն դեպքում, երբ անգամ ՀՀ շարքային քաղաքացուն հասանելի են ռազմագերիների կամ գերիների գլխատման, խոշտանգման տվյալներ։ Արցախի ՄԻՊ-ը, օրինակ, հաղորդել էր Տող գյուղում քաղաքացիական անձի գլխատման մասին։ Արտակ Զեյնալյանն ասում է՝ ունեն փաստեր, որ ռազմագերիներից շատերը խոշտանգվել են։ Հարցին, թե ինչ հոգեբանական վիճակում են գերեվարվածների հարազատները, նա արձագանքեց՝ ավելի լավ, քան անհայտ կորածներինը։  
«Իրավական ուղի» կազմակերպության ղեկավար Սիրանուշ Սահակյանը մեզ տեղեկացրեց, որ անհապաղ միջոցների կիրառման վերաբերյալ դիմումների մի մասը բավարարվել է։ «Իսկ այն, որ մի մասը բավարարված չէ, պայմանավորված է այն հանգամանքով, որ այս երկու օրերին ենք ներկայացրել, սպասում ենք դատարանի արձագանքին»։

Հարցին, թե ինչ հույսեր կան, որ ռազմագերիները կվերադարձվեն ոչ հաշմված, ողջ-առողջ, պատասխանեց․ «Նախ, առաջինը, որ իրավական մակարդակում կան պաշտպանության երաշխիքներ, ռազմագերիներն ու գերիները համարվում են հատուկ պաշտպանության տակ գտնվող անձինք, եւ նրանց խոշտանգելը կամ կյանքի դեմ ոտնձգելը համարվում է պատերազմական հանցագործություն։ Պատերազմական հանցագործությունների համար գործում է ունիվերսալ յուրիսդիկցիա, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ու պարտականություն ունի հետաքննել եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Նաեւ՝ այդ հանցագործությունների կատարման համար վաղեմության ժամկետներ չեն գործում եւ այլն»։ Իսկ որտե՞ղ են ռազմագերիներն ու գերիները՝ Բաքվո՞ւմ, իրենց վերահսկողության տակ անցած շրջաններո՞ւմ։ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ, նախ՝ այս մասին տեղեկությունը հրապարակայնացման ենթակա չէ, եւ երկրորդ՝ այնպես չէ, որ բոլորի գտնվելու վայրի վերաբերյալ տվյալներ ունեն։

Հիշեցնենք, որ անհայտ կորածների ու գերեվարվածների հարազատները նախօրեին իրենց երեխաների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար փորձել էին կանգնեցնել վարչապետի ավտոշարասյունը։ Նիկոլ Փաշինյանին հաջողվել էր խույս տալ՝ շնորհիվ ոստիկանների, որոնք եթե անգամ ուժ չէին կիրառում, շատ կոպիտ հեռացնում էին ծնողներին։
ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն այս թեմայով ասում է․ «Ես չեմ ասում, խելոք մարդիկ են ասել, որ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ։ Եվ այդ տեսարանը հենց դրա ապացույցն էր։ Ես պետք է ասեմ, որ այդ օրվա մասին ես կռահել եմ դեռ 2018 թվականին։ Ասեմ ինչու․ երբ քո քաղաքական հակառակորդների նկատմամբ ցուցադրում ես արհամարհանք, ձեռ առնելով ես խոսում, դա չի բնութագրում այն անձանց, ում մասին խոսում ես, դա բնութագրում է այն անձին, որն իրեն այդպես թույլ է տալիս վարվել։ Եվ դրանից հետո անպայման գալիս է պահը, երբ քո ազգի ներկայացուցիչն ինչ-որ բանի հետ համաձայն չէ, ու նա դառնում է այդ իշխանավորի համար հակառակորդ, եւ նրա նկատմամբ էլ կիրառվում են նույն մեթոդներն ու ձեւերը»։

Տիկին Ալավերդյանն ասում է, որ իշխանությունը երկար չի կարող որդեգրել այս կեցվածքը՝ խուսափել ու խուսանավել մարդկանցից, որոնք իրենց զավակների վերաբերյալ պատասխաններ են պահանջում։ «Ես 30 տարուց ավելի է՝ աշխատում եմ այդ մարդկանց հետ, որոնք ամենածանրագույն խմբերից են, որովհետեւ, կներեք, ո՛չ մեռած են, ո՛չ թաղած են նրանց հարազատները։ Ուստի ես իշխանություններից ուղղակի պահանջում եմ՝ վերին աստիճանի նրբանկատություն ցուցաբերել այդ անձանց նկատմամբ»,- ասում է Լարիսա Ալավերդյանը։ Իսկ ինչ վերաբերում է «որքան» հարցին, ապա ՀՀ նախկին ՄԻՊ-ն ասում է․ «Այնքան, որքան ժամանակ այս իշխանությունը չի հասկանում, որ պատասխանատվություն վերցնել՝ չի նշանակում աթոռին նստած մնալ ու ասել՝ ես պատասխանատու եմ։ Պատասխանատվությունն այն է, որ ինքն է հրաժարվում՝ հասկանալով, որ չի կարողացել ապահովել այն խնդիրները, որոնք ծառացած են թե՛ մինչեւ գերի ընկնելը եւ թե՛ հիմա՝ գերի ընկնելուց հետո»։ Լարիսա Ալավերդյանը նաեւ հայտարարում է՝ «գիշերվա կեսին» իր ստորագրությունը կապիտուլյացիայի ակտի վրա դրած Նիկոլ Փաշինյանը զլացել է անգամ մի քանի օր խնդրել՝ «որ ես մարտերի վայրերից դուրս հանեմ այդ մարդկանց, որ այդ պահին գտնվում էին թշնամու տարածքում»։ Իսկ սա, իրավապաշտպանի գնահատմամբ, հանցագործություն է։