Հիբրիդային պատերազմների շրջանում վեկտոր փոխելը չափազանց վտանգավոր արկածախնդրություն է

Հիբրիդային պատերազմների շրջանում վեկտոր փոխելը չափազանց վտանգավոր արկածախնդրություն է

Փաշինյանի վերջին հայտարարությունների և դրանցից բխող հետևանքների մասին զրուցել ենք միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ:

-Մյունխենի անվտանգային կոնֆերանսից հետո Հայ-ռուսական հարաբերությունները կարծես սրման նոր փուլ մտան: Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ դժգոհելով ՀԱՊԿ-ից՝ ՀՀ-ի նկատմամբ իր պարտավորությունները չկատարելու համար, հայտարարեց, որ ՀՀ-ն սառեցրել է ՀԱՊԿ-ին իր հարաբերությունները: Ի պատասխան ՀԱՊԿ-ից հայտարարեցին, որ ՀՀ-ից անդամակցությունը կառույցին սառեցնելու կամ որեւէ այլ հայտ չեն ստացել: Արդյո՞ք հնարավոր է միակողմանի սառեցնել ռազմական դաշինքին անդամակցությունը:

- 2022 թվականի դեկտեմբերից ՀՀ իշխանությունները դե ֆակտո սառեցրել են Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ակնհայտ է,  որ ՀՀ իշխանությունները մտադիր են փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը՝ նպատակ ունենալով հետագա մերձեցումը արևմտյան երկրների հետ։ 2024թ․ այդ գործընթացը կշարունակվի, և նոր Սահմանադրության ընդունումը կարող է արագացնել այն, քանի որ մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ նոր հոդվածներ կարող են հայտնվել Սահմանադրության մեջ։ Օրինակ, Սահմանադրության մեջ կարող է հայտնվել Հայաստանի արտադաշնակցային կարգավիճակի վերաբերյալ հոդված, որը իրավական հիմք կհանդիսանա Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին հայ-ռուսական համաձայնագրի չեղարկման և ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար։ Սա, իհարկե, հարված կհասցնի ՀԱՊԿ-ի իմիջին և Ռուսաստանի հեղինակությանը, բայց նաև կհանգեցնի հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ վատթարացման՝ դրանից բխող բոլոր հետևանքներով Հայաստանի անվտանգության համատեքստում։

-ՀԱՊԿ-ից դժգոհությունները նորություն չեն, բայց մինչ այս Փաշինյանը հայտարարում էր, որ այդ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից, ոչ թե Հայաստանը՝ ՀԱՊԿ-ից: Հիմա խոսում է կառույցին անդամակցության սառեցման մասին: Ի՞նչ փոխվեց և ինչո՞ւ հիմա:

-Վերջին մի քանի տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել։ ՀՀ իշխանությունները, ինչպես նաև նրանց օտարերկրյա «մենթորները», կարծում են, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում տևող պատերազմով, իսկ Հայաստանում չկա միասնական ընդդիմություն, որը կարող է ընդդիմանալ ներկայիս իշխանությունների քաղաքական կուրսին, ամենահարմար ժամանակն է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխվի դեպի Արևմուտք։ Կարող ենք շրջվել, որքան ուզում ենք՝ հիմա դեպի Արևմուտք, հետո նորից դեպի Արևելք, բայց Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ ոչ Արևմուտքը, ոչ Արևելքը պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության հարցում, և այս պարբերական «շրջադարձերը» միայն նպաստում են նոր աղետների՝ հայ ազգի համար։ 

-Նկատենք, որ այս հայտարարություններն արվում են Ադրբեջանի՝ Պակիստանից 1,6 միլիարդ դոլարի հարձակողական զենք գնելու ֆոնին: Այդ ֆոնին նման հայտարարություններն ի՞նչ վտանգներ են պարունակում, եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանի՝ ՀՀ-ի վրա հնարավոր հարձակման մասին Փաշինյանի հայտարարությունները:

-2020-ի պատերազմից և 2023-ի Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը շարունակում է քաղաքական և դիվանագիտական ​​ճնշում գործադրել Հայաստանի ներկայիս իշխանությունների վրա՝ նոր միակողմանի զիջումների հասնելու համար։ Զուգահեռաբար Ադրբեջանը ակտիվորեն զենք է գնում Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներից ոչ թե ռազմական պահեստներում պահելու, այլ Հայաստանի դեմ օգտագործելու համար, եթե քաղաքական և դիվանագիտական ճնշումները արդյունք չտան։ Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ ագրեսիան կարող է սկսվել այս տարվա մարտ-ապրիլ կամ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Կկարողանա՞ հայ ժողովուրդը ներկայիս իշխանությունների օրոք դիմակայել այս մարտահրավերներին։

-Այս տեմպերով ո՞ւր է գնում Հայաստանը, և ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել տեսանելի ապագայում:

- Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չունի ոչ մասնագիտական հմտություններ, ոչ էլ պրագմատիկ մտածողություն՝ ապահովելու անվտանգությունը և առաջ մղելու հայկական պետության շահերը պատմական այս դժվարին ժամանակաշրջանում, երբ իրականում վերակառուցվում է աշխարհակարգը։ Ավելին, լինելով կոնֆորմիստ՝ Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչները փորձում են իրենց աշխարհայացքը պարտադրել ողջ ժողովրդին, որպեսզի Հայաստանի բնակիչները վերածվեն անսկզբունք հասարակության՝ պասիվ կերպով հարմարվելով առկա կարգին և հրաժարվելով ազգային արժեքներից: Ի դեպ, հենց դրանով է պայմանավորված Փաշինյանի մտադրությունը ընդունել նոր Սահմանադրություն, որում որևէ անդրադարձ չի լինելու Անկախության հռչակագրին՝ ժամանակակից հայկական պետության պատմական, քաղաքական, իրավական և գաղափարական հիմքին։ Կարծում եմ, կարիք չկա բացատրել, թե ինչ է տեղի ունենում, երբ ձեր ոտքերի տակից անհետանում է ամուր հիմքը: Ի դեպ, արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փորձերը աշխարհակարգի վերափոխման շրջանում, երբ հիբրիդային պատերազմներ են տեղի ունենում առաջատար պետությունների միջև, նույնպես Փաշինյանի վարչակարգի չափազանց վտանգավոր արկածախնդրությունն է, որն անշուշտ բացասական ազդեցություն կունենա ՀՀ անվտանգության վրա։ Ցավոք, դեռ շատ մարդիկ պատրաստ չեն ընդունել Հայաստանում առկա իրողությունները և դրանց պատճառները, բայց դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը։ Հարց է՝ Հայաստանում ապրող մեր հայրենակիցները պատրա՞ստ են դիմակայել այդ մարտահրավերներին, թե՞ ավելի հեշտ է զանգվածային անտարբերություն ցուցաբերել, ինչը հանգեցնելու է նոր ցավալի մարդկային ու տարածքային կորուստների։

Իզաբելա Սուլթանյան