Եթե Հայաստանը բանակցում է, ուրեմն ընդունում է Լավրովի օրակարգը

Եթե Հայաստանը բանակցում է, ուրեմն ընդունում է Լավրովի օրակարգը

Իշխանության գալու հենց առաջին օրերից արտաքին քաղաքակա ֆրոնտում դժվարություններ ունեցող Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե Հայաստանը զրոյից արտաքին քաղաքականություն է ստեղծում։ «Կներեք, գուցե լավ չհնչի, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ստեղծվում է: Դրանք բոլորովին տարբեր բաներ են: Ուրիշ բան է մի երկիր, որը բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել է որպես Ճ կլասի երկիր, եւ ուրիշ բան է, որ կա երկիր, որ ասում է, որ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ եւ իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել եւ վերաբերվել հարգանքով, ինչպես մենք մեր գործընկերների նկատմամբ ցուցաբերում ենք բացառիկ հարգանք։ Մենք ակնկալում ենք, որ նույն վերաբերմունքը կլինի նաեւ մեր դիրքորոշումների նկատմամբ եւ հավաստիացնում եմ՝ այդպես էլ կա»,-ոչ ավել, ոչ պակաս ասել էր Փաշինյանը՝ ոմանց զարմանքը հարուցելով։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերաբերյալ էլ ասել էր, թե՝ ինչ-որ պետք է բանակցում ենք։ Հայաստանում այս «աննախադեպ» հայտարարությունը բավականաչափ մեկնաբանել են որպես հիմնազուրկ և անհարգալից հենց Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտ Արտաքին գործերի նախարարության նկատմամբ։
Երեկ որոշեցինք լսել ռուսական փորձագետներին։ Մոդեստ Կոլերով․«Սրանք ընդամենը խոսքեր են, քանի որ արտաքին քաղաքականությունն ամբողջովին կախված է աշխարհագրությունից։ Իսկ այն հնարավոր չէ ստեղծել զրոյից»։ Կոլերովը մեզ հետ զրույցում հայտարարեց նաև, որ Լավրովին չպատասխանելը ըստ էության նշանակում է, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցոթյուններից։ «Եթե Հայաստանը շարոնակում է նախկինի նման մասնակցել բանակցություններին, նշանակում է՝ ընդունում է այն օրակարգը, որը կա սեղանին։ Այլ օրակարգ չկա»,-հավելեց քաղաքագետը։ Սա ՌԴ -ի կողմից վերջնագի՞ր է, մեր այս հարցին ի պատասխան՝ պարոն Կոլերովն ասաց՝ սա հիշեցում է։

Ռուսաստանցի լրագրող, արտաքին քաղաքական թեմաներով երկար տարիներ գրած Վադիմ Դուբնովն էլ «Հրապարակի» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի լռության մասին ասաց, որ զարմանալի բան չկա, ասելու բան էլ չկա, քանի որ այդ բոլոր տարիներին փուլայինի սխեման դրված է եղել սեղանին։ «Դեռ Սերժ Սարգսյանի օրոք։ Այնպես որ, ըստ իս ոչ մի բան չի փոխվել կողմերի մոտ՝ նաև հեղափոխությունից հետո, որովհետև այն որևէ կերպ չանդրադարձավ բանակցային գործընթացին։ Այլ բան է, որ սա չի քննարկվում։ Եվ այս տարընթերցումների ու նման կրքերի պատճառը իմ կարծիքով այն է, որ քննարկումն ընթանում է, իսկ քննարկումը՝ ոչ»։ Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ հայակենտրոն նոր քաղաքականության մասին ռուսաստանցի փորձագետն ասաց, որ վստահ չէ, թե այդ բառը ճիշտ է թարգմանված։ Երբ պնդեցինք, որ ճիշտ է, նա ակնհայտ հեգնանքով ասաց՝ «գուցե այստեղ կա ինչ-որ մի երկրորդ հատակ, որն ուղղակի ինձ հասու չէ»։