Հայերի մասնակցությունը երկրորդ աշխարհամարտին

Հայերի մասնակցությունը երկրորդ աշխարհամարտին

Երկրորդ աշխարհամարտին աշխարհի այլ ժողովուրդների շարքում մեծագույն մասնակցություն ունեցան նաև հայերը: Պատմության մեջ չի եղել համանման մի պատերազմ, որտեղ հայերը այդքան մեծ ներգրավվածություն ունենան: Նախադեպն այդ իհարկե կապված է Երկրորդ աշխարհամարտի համընդգրկուն բնույթի հետ, չէ՞ որ պատերազմն այդ պարառել էր գրեթե ամբողջ մոլորակը: Ի դեպ` հայերը կռվում էին ինչպես «Դաշնակիցների», այնպես էլ «Առանցքի» երկրների կողմից: Իհարկե «կռվել» ձևակերպումը մի փոքր պայմանական բնույթ է կրում, քանի որ պատերազմին մասնակցությունը հիմնականում եղել է ոչ թե կամավոր, այլ տվյալ երկրի զինապարտության օրենքի համաձայն: Այսինքն` հայերը լինելով Խորհրդային Միության քաղաքացիներ պարտավոր էին զինվորագրվել և մասնակցել պատերազմական գործողություններին` ինչպես մնացյալ խորհրդային ժողովուրդները: Այդ նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկվեն նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի բանակներում կռվող հայերը: Իրավիճակն այլ էր ֆաշիստական Գերմանիայի կողմից կռվող հայերի դեպքում: Դրանք հիմնականում կամավորներ էին և համալրում էին Հայկական լեգեոնի շարքերը: Այս զորամիավորման նպատակը մեկն էր` ռազմական գործողություններում Գերմանիայի հաջողության հասնելու դեպքում հասնել Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի կազմում գտնվող Արևմտյան Հայաստանի ազատագրմանը: Իհարկե սա անհեռանկարային ծրագիր էր և գաղափարի հղացումից շատ չանցած հօդս ցնդեց: 

Այսինքն` մեծ հաշվով Երկրորդ աշխարհամարտը հայ ժողովրդին, որպես էթնիկական ամբողջական միավորի, որևէ էական ձեռքբերում չտվեց, մի կողմում հայերը մասնակցում էին որպես տվյալ երկրի քաղաքացիներ, իսկ մյուս կողմում՝ որպես կամավորներ, անհեռանկարային ծրագրեր էին առաջ քաշում, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Ի դեպ` ԽՍՀՄ կազմում հայերի մասնակցության և զոհերի թվաքանակները խիստ չափազանցված են: Ճիշտ է, մասնակցության թիվը պատկառելի է, բայց ոչ այնքան, որքան որ ներկայումս պաշտոնապես հաղորդվում է: Սա իհարկե քննարկման բոլորովին այլ նյութ է: Այս ամեն ինչից զատ հատկապես ֆենոմենալ ընկալում ունի այն փաստը, որ ցեղասպանությունից ընդամենը չորս տասնամյակ անց հայ ժողովուրդը կարողացավ այդքան մեծ թվով մասնակցություն ցուցաբերել համաշխարհային պատերազմին: Կիսով չափ ոչնչացված ազգը Կարմիր բանակին տվեց 5 մարշալ, 6 տասնյակից ավելի գեներալներ և հազարավոր սպաներ ու զինվորներ: Չհաշված որ ռազմաճակատ չմեկնած Խորհրդային Հայաստանի մնացյալ բնակչությունը, ենթարկվելով մոբիլիզացիայի, մեծագույն ներդրում ունեցավ թիկունքի աշխատանքներում, որը նույնպես պատերազմում հաղթելու առաջնային գրավականներից մեկն էր:

Որքան էլ զարմանալի թվա, բայց պատերազմում իր փոքրիկ, բայց շոշափելի ներդրումն ունեցավ նաև Հայ Առաքելական եկեղեցին: Վերջինիս միջոցներով կառուցվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, փոխարենը խորհրդային իշխանությունները փոխեցին իրենց թշնամական վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ և թույլատրեցին կաթողիկոս ընտրել: Հիշեցնենք, որ տակավին պատերազմից առաջ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը Մայր Աթոռի վեհարանում խեղդամահ էր արվել և դրանից հետո խորհրդային իշխանությունները թույլ չէին տալիս կաթողիկոս ընտրել: Իհարկե եկեղեցու կողմից Կարմիր բանակին տրամադրված օգնությունը պետք է բացատրել կաթողիկոսի տեղապահ Գևորգ արք. Չորեքչյանի ճկուն քաղաքականությամբ: Նա այդ օգնությունը կազմակերպել էր ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի համակրանքը շահելու նպատակով, որից հետո դարձավ կաթողիկոս:

Պատերազմին մեծագույն մասնակցություն ունեցան նաև հայկական դիվիզիաները: Խորհրդային բանակների կազմում դրանք մասնակցել են գրեթե բոլոր կարևորագույն ռազմական գործողություններին, իսկ 89-րդ դիվիզիան Կովկասից հասել է մինչև Բեռլին: Ներկայումս տարաբնույթ հերոսապատումներ են պատմում Բեռլինում «հայկական քոչարիի» և այլ արկածների մասին: Չխորանալով արդեն իսկ հայտնի պատմական փաստերի մեջ, միայն նշենք, որ ինչպես հայկական դիվիզիաներում, այնպես էլ այլ զորամիավորումներում ծառայող հայ զինվորականների մեջ տիրապետող էր այն գաղափարը, որ նրանք կռվում են հանուն հայրենիքի՝ Խորհրդային Հայաստանի և առհասարակ Խորհրդային Միության: Այսինքն` Խորհրդային Հայաստանը հայերի համար դիտարկվում էր որպես հոգևոր հայրենիք: Բացի այդ, պետական քարոզչությունը տեղեկատվություն էր տարածում թուրքական զորքերի հավանական ներխուժման մասին: Դեռևս թարմ էր ցեղասպանության հիշողությունը, իսկ այս հանգամանքը էլ ավելի էր մեծացնում հայ զինվորականների` պատերազմին մասնակցելու ցանկությունը։ Հատկապես, որ օդում շրջանառող լուրեր կային, թե խորհրդային ղեկավարությունը մտադիր է Գերմանիայի հետ պատերազմը ավարտելուց հետո ներխուժել Թուրքիա: 

Սա Արևմտյան Հայաստանի և Խորհրդային Հայաստանի միավորման ակնկալիք էր առաջացնում: Իհարկե դժվար է ասել, թե որքանով են վերոհիշյալ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, արդյո՞ք Թուրքիան իսկապես պատրաստվում էր հարձակվել Խորհրդային Միության վրա և հակառակը, բայց ԽՍՀՄ-ի զինապարտ հայ քաղաքացիներին առաջին հերթին առաջնորդում էր նաև հենց այս գաղափարը:

Այլ էր իրավիճակը հայազգի մարշալների և գեներալների պարագայում: Դժվար թե հնարավոր լինի պնդել, թե Խորհրդային Հայաստանը նրանց համար հոգևոր հայրենիք էր, նրանք վաղուց արդեն կտրվել էին զուտ հայկական իրականությունից և Կարմիր բանակի կադրային զինվորականներ էին: Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խանփերյանցը, Իսակովը և մյուսները կռվում էին ծառայողական պարտականություններից ելնելով և ինչու չէ նաև հանուն կարիերայի: Այս տեսանկյունից այդքան էլ տեղին չէ այդ մարդկանց Հայաստանում ներկայումս պաշտամունքի և հպարտության առարկա դարձնելը: Ի հակադրություն դրան, հարգանքի և մեծագույն պատվի պետք է արժանանան Խորհրդային Հայաստանի վետերանները, որովհետև նրանք հենց հայկական իրականության մի մասնիկն են:

Երկրորդ աշխարհամարտից անցել է ավելի քան 70 տարի, բայց դրա շուրջ ծավալվող թեժ բանավեճերը դեռևս չեն լքել մարդկությանը: Դրան մասնակցած ժողովուրդներից ու պետություններից յուրաքանչյուրն ունի սեփական մոտեցումները: Կան նաև այնպիսի երկրներ, որտեղ հասարակությունները երկփեղկված են ու պառակտված, իսկ այդ մասնատվածության շուրջ ծավալվող բանավեճերը ձևավորվում են նաև հենց Երկրորդ աշխարհամարտի շուրջ: Ասվածի վառ ապացույցն է Ուկրաինան: Պատմական և առաջին հերթին քաղաքակրթական տեսանկյունից պառակտված ուկրաինական հասարակության տարբեր հատվածները (Արևելյան և Արմտյան հատվածները) տարասեռ վերաբերմունք ունեն պետության ապագայի, զարգացման հեռանկարների, երկրի պատմական անցյալի և առաջին հերթին հենց պատերազմի ու խորհրդային տիրապետության վերաբերյալ:

Հայ հասարակության մեջ իհարկե համանման քաղաքակրթական երկփեղկվածություն գոյություն չունի: Հայաստանը մոնոլիտ պետություն է, բայց այնուամենայնիվ Երկրորդ աշխարհամարտի և խորհրդային տիրապետության վերաբերյալ մոտեցումներում խիստ ընդգծված տարբերություններ կան: Իհարկե խնդրո առարկան չափազանց զգայուն է: Տակավին կենդանի են պատերազմին մասնակցած վետերանները և չի կարելի ստվերել պատերազմին նրանց մասնակցությունն ու կատարած սխրանքները: Մյուս կողմից էլ նոր սերունդն է, որը անկախությունն ու ազատությունը դիտարկելով որպես կարևոր արժեք խորհրդային իրականության վերարժևորման մեջ աներևույթ վտանգ ու սպառնալիք է տեսնում: Իհարկե տիրապետող է ինքնիշխանությունն ու ազատությունը կորցնելու մտավախությունը: Սա սերունդների օրինաչափ բախում է, որը ժամանակի հետ համընթաց կբերվի հավասարակշռության դաշտ: Վերջաբանի փոխարեն միայն կարող ենք նշել, որ անկախ ամեն ինչից Խորհրդային Հայաստանը և Երկրորդ աշխարհամարտը Հայաստանի պատմության բաղկացուցիչ մասնիկն են, հայ ժողովրդի պատմական դրամայի օրինաչափ արարը, որից հրաժարվել չենք կարող, բայց չենք էլ կարող այն վերարժևորել որպես պատմական և համակեցական կատարելության միջավայր՝ ստվերելով անկախության արժեքը: Այս տեսանկյունից տեղին է քաղաքացիական տիրույթում շրջանառվող այն առաջարկը, որ հայ հանրությունը պետք է դադարի ԽՍՀՄ-Գերմանիա բախումը դիտարկել որպես Հայրենական Մեծ պատերազմ: Այն հայրենական է ռուս ժողովրդի համար, իսկ մեր հայրենականը Ղարաբաղյան պատերազմն է: