Ես հրաժարական չեմ տա և դատի եմ տալու

Ես հրաժարական չեմ տա և դատի եմ տալու

Տարեվերջի վերջին աշխատանքային շաբաթվա ուշ երեկոյան հրատապ ասուլիս հրավիրած ԵՊՀ ռեկտորը հայտարարեց, որ հրաժարական չի տա։ «Այստեղ արդեն հեղինակության խնդիր է՝ համալսարանի, նրա ղեկավարության, անձամբ իմ և ես գնալու եմ մինչև վերջ, այս պայքարի մեջ ինձ ներքաշել են իրենք և իրենք էլ պիտի պատասխան տան»,- ասաց Արամ Սիմոնյանը։

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ դիմելու են համապատասխան իրավական գնահատականի պահանջով: «Դատի ենք տալու վերահսկողական ծառայության և նրա ղեկավարին այս հայտարարություններից բխող հետևանքների պատճառով հասցված մեր վնասը փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ իր հրատապ ասուլիսին ԵՊՀ ռեկտորը մանրամասնեց բուհում Պետական վերահսկողական ծառայության կողմից սկսված ստուգումների մասին։

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշել էր ԵՊՀ-ում 800 մլն․ դրամի չարաշահումների մասին։ Այդ կապակցությամբ Արամ Սիմոնյանը հայտարարեց հետևյալը․ «Արդեն հինգ ամիս է, այս տարվա հուլիսից Պետական վերահսկողության ծառայությունը համալսարանում իրականացնում է լայնամասշտաբ, իր նախադեպը  չունեցող ստուգումներ։ Ըստ Արամ Սիմոնյանի՝ ծառայության առաջին գրությունը ստուգումների մասին թվագրված է հուլիսի 7-ին, իսկ երկրորդ գրությամբ՝ հոկտեմբերի 1-ին երկարացվել է ստուգումների ժամկետը։ Իսկ երրորդը՝ նոյեմբերի 30-ից մինչև հունվարի 31։

«Ես այսօրվա երկրորդ կեսին ստացել եմ ստուգումների արդյունքները, որոնց մեծագույն մասի հետ մենք համաձայն չենք, որովհետև դրանց մեծ մասը դեկլարատիվ պնդումներ են, ոչ մի կապ չունեն ռեալ վիճակի հետ»,- հայտարարեց Արամ Սիմոնյանը։

Նա նշեց, որ ԵՊՀ ղեկավարությունը, ռեկտորը չեն իրականացրել մի գործարք, որի վճարումը կայացել է, բայց աշխատանքը չի արվել։ Ասաց՝ թող գան, ապացուցեն, ինքն էլ կընդունի։
Արամ Սիմոնյանն ասաց, որ ունի ուսանողների աջակցությունը, որոշ չափով՝ դասախոսների, վերջին հաշվով՝ ընտրված ռեկտոր է մինչև 2020 թվականի մայիսը և իրեն կարող է անվստահություն հայտնել միայն հոգաբարձուների խորհուրդը։

ԵՊՀ ռեկտորն ասաց, որ ծառայության ղեկավարը իրեն վերապահել է վարչապետի լիազորություններ, որովհետև միայն նա իրավունք ուներ վերահսկողության արդյունքներն ուղարկել Դատախազություն։ Սա, ըստ նրա, արվում է միտումնավոր՝ վարկաբեկելու ԵՊՀ-ն և փորձելով պղտոր ջրում ձուկ որսալու համար։