Ընդդիմությունը լուրջ շանսեր ունի հասնել իշխանափոխության, եթե․․․

Ընդդիմությունը լուրջ շանսեր ունի հասնել իշխանափոխության, եթե․․․

Հայաստանյան ներկա իրավիճակի, Մոսկվայում երեկ կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման եւ համատեղ հայտարարության մասին Hraparak.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

-Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել եռակողմ փոխգործակցությունը։ Երկու երկրների առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ 30 կետից բաղկացած։ Ըստ Ձեզ՝ ո՞ր կետից պետք է մտահոգվենք, ինչն է այդտեղ վտանգավոր։

- Այդ հայտարարության մեջ մի քանի կետեր կան, որոնք կարևոր եմ համարում։ Օրինակ, հայ-ադրբեջանական այդ կարգավորումը, սահմանների դելիմիտացիան, ճանապարհների կոմունիկացիայի ապաշրջափակումը և «3+3» ֆորմատի վերաբերյալ կետը։ Նախ, ես չգիտեմ 30 կետանոց համատեղ հայտարարությունը իրականում համատեղ էր, թե համատեղ չէր։ Այդ կետերի շուրջ նախապես բանակցություններ եղե՞լ են, թե՞ ուղղակի ռուսական կողմն էր ներկայացրել։ Որովհետև այդ կետերում ընդհանուր առմամբ կային ռուսական կողմի պատկերացումները, որ պետք է այդ գործընթացներից դուրս մղել Արևմուտքին, պետք է խնդիրը դիտարկել «3+3» ֆորմատով։ Այսինքն, այն, ինչ իրենց պետք էր՝ կար, ինչ՝ հայկական կողմին էր պետք, ավելի կոնկրետ 2 կետեր՝ դրանք չկային։ Առաջինը՝ խոսք չկար Արցախի, արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման մասին։ Շատ անորոշ ձևակերպում կար Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու մասին, բայց ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի մասին։ Եվ ոչ մի խոսք չկար այն մասին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը ամբողջությամբ չէ, որ կատարվել են, և կողմերը պարտավորվում են ջանքերը խորացնել, որ դրանք կատարվեն։ Հասկանալի է չէ՞, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ռազմագերիները դեռևս Բաքվում են։ Այս երկու կարևոր կետերը այդ 30 կետանոց համատեղ հայտարարության մեջ չկային։

- Այսօր ՀՀ վարչապետի հրաժարականով և Արցախի փրկության հարցով մայրաքաղաքում իրականանում են բողոքի և իրազեկման ակցիաներ։ Կհաջողվի՞ ընդդիմությանը իշխանափոխության հասնել, և արդյոք Արցախի փրկությունն այս պահին կլուծվի՞ վարչապետին գահընկեց անելով։

- Իրականում իշխանափոխության հասնելու շանսերն այս անգամ բավականին բարձր եմ ես գնահատում։ Բայց միայն այն պայմանով, որ ընդդիմությունը ոչ թե զուտ ցանկություններով, կարգախոսներով հանդես գա, այլ հստակ ծրագրեր ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում՝ Արցախը փրկելու ծրագրի իրականացումը։ Այսինքն, ինչի մասին է խոսքը։ Տեսեք, որ ասում են՝ առաջին կարևորագույն պայմանը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, ճիշտ են ասում։ Բայց պիտի ասեն նաև երկրորդ կետը։ Որովհետև, եթե դա չասեն, չեմ կարծում, թե այնտեղ կհավաքվի կրիտիկական այն զանգվածը, որը հնարավորություն կտա հասնել իշխանափոխության, կամ արտահերթ ընտրական գործընթացներ իրականացնի։ Այսինքն, այս ծրագրերը ես որ ասում եմ՝ ներկայացնեն, դա ինքնանպատակ չի։ Կոնկրետ ծրագրեր եթե չներկայացվեն՝ չեմ կարծում, թե այս շարժումը շատ մեծ թափ կհավաքի։ Իսկ եթե անգամ հավաքի, ընդդիմությանը հաջողվի առանց որևէ ծրագիր ներկայացնելու հասնել իշխանափոխության, հնարավոր է, որ մենք արդյունքում ունենանք այն, ինչ ունեցել ենք 2018 թվականի հեղափոխոխությունից հետո՝ երբ որ մարդիկ առանց որևէ հստակ ծրագիր ներկայացնելու՝ Արցախի հարցով,  եկան իշխանության և տեսանք ինչ տեղի ունեցավ։ Այ այդպես է լինում, երբ, որ մարդիկ կուրորեն գնում են ինչ-որ ուժի հետևից առանց պատկերացում ունենալու, թե ինչպես են նրանք լուծելու այդ հարցերը։ Դրա համար այսօրվա ընդդիմությունը լուրջ շանսեր ունի հասնել իշխանափոխության։