Կադրային մղձավանջ

Կադրային մղձավանջ

Եթե փորձենք կարճ բնութագրել Նիկոլ Փաշինյանի կադրային բանկը, խայտառակ պատկեր կստանանք։ Մի մասը 90-ականների ամենակաշառակեր ու վարկաբեկված պաշտոնյաներն են, որոնց վրա մի մատ փոշի էր նստել, եւ նրանց երբեք չէին հիշելու, եթե Փաշինյանը չհիշեր, փոշին թափ չտար ու չբերեր առաջին պլան՝ իրեն ծառայելու։ Նրանք պատրաստ են ոչ միայն ծառայել, այլեւ կրծել բոլոր նրանց կոկորդը, ովքեր կասեն՝ վարչապետի աչքի վերեւը հոնք կա։

Մյուս խումբը կենսագրություն չունեցող, գործազուրկների, խոպանչիների բանակն է, որոնք այստեղ-այնտեղ մի կտոր հաց էին վաստակում՝ մինչեւ այն պահը, երբ Հայաստանում հեղափոխություն եղավ, եւ իրենց առաջարկեցին գալ ու պաշտոն զբաղեցնել։ Մարդը, որը մի անիմաստ հիմնարկում շարիկ էր գլորել կամ մի տեղից ապրանք առել՝ մյուս տեղում իրացրել, հանկարծ դարձավ փոխքաղաքապետ, պատգամավոր, փոխնախարար։ 4 տարի է անցել՝ սրանք իրենց բախտին դեռ չեն հավատում, չեն հասկանում, թե ինչպես Նազարի հեքիաթն իրականություն դարձավ։

Մյուս խումբն իր նեղ շրջապատն է, որն իր հետ քայլել էր, կուսակցություն ստեղծել, բայց միշտ երկրորդ պլանում եղել եւ իմացել, որ եթե փորձի կեսքայլ առաջ գալ, առաջնորդը կոչնչացնի իրեն․ նա ինքնուրույն, սեփական կարծիք ու սկզբունք ունեցող մարդկանց տանել չի կարողանում։ Ուստի սրանք՝ տանը ճնշված երկրորդ, երրորդ երեխայի բարդույթով, ատամները կրճտացնելով, շարունակում են թիմի անդամ լինել, բայց բազում վիրավորանքներ են կուտակել այս տարիներին իրենց ներսում։ Եվ վերջապես՝ կանանց գվարդիան, որի կազմը պարբերաբար փոխվում է, բայց որակը չի փոխվում։ Լենա Նազարյան, Լիլիթ Մակունց, Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Ծովինար Վարդանյան, Անահիտ Ավանեսյան, Քրիստինե Գրիգորյան եւ քինդեր-սյուրպրիզը՝ Աննա Վարդապետյան։