Շաման՝ Երևանի փողոցներում․ ինչպե՞ս է ազդում վիրուսը հոգեկան առողջության վրա

Շաման՝ Երևանի փողոցներում․ ինչպե՞ս է ազդում վիրուսը հոգեկան առողջության վրա

Կիևում մերկ տղամարդը դուրս է եկել փողոց՝ բողոքելու ընդդեմ կորոնավիրուսի, ինքնամեկուսացված ամուսինները սպանում են միմյանց կենցաղային վեճի հողի վրա։ Երևանի փողոցներում էլ հայտնվել է շաման, որը Հյուսիսային պողոտայում թմբուկով քշում է կորանավիրուսը։  Գիտնականները վաղուց են տեսել կապը զանգվածային հիվանդացության ու պսիխոզի միջև ու հատկապես՝ շիզոֆրենիայի միջև։ 1919-ին, օրինակ, երբ մոլեգնում էր «Իսպանուհին», և 500 միլիոն մարդ հիվանդացել էր գրիպով, Բոստոնի հոգեբուժարանը լեփ-լեցուն էր հիվանդներով, որոնք գրիպի համավարակի անհետանալուց հետո կրկին դարձել էին հոգեպես առողջ։ Այդպիսի բռնկումներ եղել են նաև 1889-ին, երբ գրիպի համաճարակի ֆոնին մարդկանց ահավոր շատ սկսել են այցելել դեպրեսիվ ու ինքնասպանություն գործելու մտքեր։

Ինչպես է կորոնավիրուսային կարանտինի մեկ ամիսն անդրադարձել Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վրա։ ԱՆ-ի միջոցով թույլտվություն ստանալուց հետո Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի  (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) ղեկավար Սերգեյ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում հիվանդների աճ չեն ունեցել։ «Բացարձակ, ոչ մի տարբերություն` անցած տարվա հետ համեմատած, չունենք, հակառակը, երևի հիմա շրջաններից գալը մի քիչ ավելի դժվարացել է, բայց մենք ինչպես աշխատել ենք, այնպես էլ շարունակում ենք»:

Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այս պահին հիվանդանոցում ունեն 380 հիվանդ, նախկինում էլ այդքան է եղել։ Խաչատրյանի խոսքով՝ իրենց մոտ գալիս են թե՛ հիվանդության սուր, թե՛ քրոնիկ փուլում։ 

Պարոն Խաչատրյանին հարցրեցինք նաև՝ արդյոք հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները ռիսկի խմբու՞մ են։ Ասում է՝ այնքանով, որքանով նրանք նաև բազմաթիվ այլ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ են։ Խաչատրյանն ասում է, որ վարակը հոգեբուժարան ներս չթողնելու համար նախքան արտակարգ դրության իրավական ռեժիմի հայտարարումը խզել են հիվանդների կապն արտաքին աշխարհի հետ՝ սահմանափակելով այցելությունները։
Առայժմ ամեն ինչ նորմալ է։ «Թու, թու, թու, աչքով չտամ»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը։ Հարցին էլ, թե իրենց հիվանդները տեղյա՞կ են հակակորոնավիրուսային հիգիենայից, նա ասաց․ «Պատկերացրեք, որ իրենք օրական 20-25 անգամ ձեռքերը լվանում, մշակում են, մեկը 36,8 ջերմություն է ունենում, անմիջապես մեկուսացնում ենք»։

Հոգեբուժարանում օրերս կահավորվել է մի կարանտինային սենյակ, որտեղ նոր ընդունվող հիվանդները 14 օր կարանտինի նման մի բան են անցնում, ապա տեղափոխվում ընդհանուր հիվանդասենյակներ։