Գնացել է դեղի, ձեռքի հետ գողացել է խնամքի միջոց

Գնացել է դեղի, ձեռքի հետ գողացել է խնամքի միջոց

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է դեղատնից խնամքի տարբեր միջոցներ հափշտակելու գործ։ Ըստ մեղադրանքի՝ Հայկ Հենրիկի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. նոյեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, գնացել է Աբովյան քաղաքի Հանրապետության 4/49 հասցեում գտնվող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ դեղատուն, որտեղից տեղում հանկարծակի ծագած դիտավորությամբ գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է զգալի չափի՝ 5300 ՀՀ դրամ արժողությամբ 1 հատ «Դարմա Էկո լասյոն» ապրանքանիշի խնամքի միջոց:

Բացի այդ, Հ,Վարդանյանը 2018թվականի նոյեմբերի 27-ին ժամը 13:00-ի սահմաններում, դեղահաբ գնելու նպատակով գնացել է վերոնշյալ դեղատուն, որտեղ կրկին հանկարծակի ծագած դիտավորությամբ գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակելով 1060 ՀՀ դրամ արժողությամբ «Լաբարատորիա պրիրոդի» ապրանքանիշի բերանի խոռոչի ողողման հեղուկը, դուրս է եկել դեղատնից, սակայն դեղատամ աշխատակցուհի Արմենուհի Բաքարյանը, նկատելով հափշտակության փաստը, վազել է Հ.Վարդանյանի հետևից և նրան ձայն տալով հորդորելով է ետ վերադարձնել վերոնշյալ հեղուկը, սակայն Հ. Վարդանյանը, գիտակցելով, որ գույքի հափշտակությանն ուղղված իր արարքը նկատվել է Ա.Բաքարյանի կողմից, հանցավոր նպատակը ավարտին հասցնելու համար վերջինիս ներկայությամբ շարունակել է հափշտակությանն ուղղված իր գործողությունները և դիտավորությամբ, բացահայտ, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակելով հեղուկը, փախել է։