Ոմանք անհանգստացա՞ծ են իմ հավանական նշանակումից

Ոմանք անհանգստացա՞ծ են իմ հավանական  նշանակումից

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը վերջին շրջանում շատ ակտիվ է՝ հարցազրույցներ է տալիս, հանդես է գալիս իշխանությունների ձեռնարկների պաշտպանությամբ։ Թվում է՝ դատարանների դռներն արգելափակելու վարչապետի նախաձեռնությունը նա՝ որպես իրավաբան, որպես նախկին օմբուդսմեն, պետք է դատապարտեր, սակայն Հ1-ի եթերում այնպես պաշտպանեց, որ անգամ «Իմ քայլի» պատգամավորները կնախանձեին։

Թերեւս նաեւ սա է պատճառը, որ լուրեր են շրջանառվում, թե նրան շուտով պաշտոն է առաջարկվելու։ Երեկ՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո, այդ լուրերն ուժգնացան։ Ըստ խոսակցությունների, իշխանությունը կարող է ԲԴԽ ղեկավարի պաշտոնում նշանակել Կարեն Անդրեասյանին, թեեւ մեկ այլ աղբյուր պնդում էր, որ շուտով հրաժարական է տալու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որի աշխատանքից իշխող ուժը դժգոհ է, եւ հենց այս աթոռն են պահում նախկին օմբուդսմենի համար։

Հիշեցնենք, որ նրան նախկին իշխանությունները գրեթե ուժով հեռացրին պաշտոնից՝ հրաժարական պարտադրելով, իսկ նա չպայքարեց։ Հեռացավ եւ փորձագիտական աշխատանքով զբաղվեց, նրա անվան հետ է կապվում shabat.am կայքը։  

Մեզ հետ զրույցում Կարեն Անդրեասյանը հերքեց այդ լուրերը, իսկ արդարադատության նախարարի մասով ասաց․ «Ինչի Արտակ Զեյնալյանին ի՞նչ է եղել որ, հրաժարակա՞ն է տվել»։ Ապա հանդիմանեց, թե մարդը պաշտոնավարում է, իսկ լրագրողներն արդեն նրան պաշտոնից ազատում, դեռ մի բան էլ՝ ուրիշին են տեղը «դնում»։

Իսկ որպես ԲԴԽ նախագահի ենթադրյալ թեկնածու էլ, ասաց․ «Առաջին անգամ Ձեզնից եմ լսում։ Նման բան չեմ լսել եւ կարծում եմ՝ դրանք սոսկ խոսակցություններ են։ Դրանք ընդամենը սպեկուլյացիաներ են, միգուցե մարդիկ անհանգստացած են կամ ուզում են։ Մեր նպատակն իմ անձը ինչ-որ մեկի հետ կապելը չէ, այլ ամենակարեւորը՝ դատական համակարգի զտումը»։ Ինչ վերաբերում է իշխանական քարոզչամիջոցներով վերջին օրերին հաճախակի հանդես գալուն, ապա Կարեն Անդրեասյանը նկատում է՝ տասնյակ հարցազրույցներ է տվել շատուշատ լրատվամիջոցների, եւ պետք է շատ հատուկ ցանկանալ՝ նման մտահանգումների գալու համար։