Հաճելի է, որ բոլորը մտածում են, թե մենք իշխանություն ունենք
ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Զուրաբյանը երեկ մասնակցում էր Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումներին, մենք ՀԱԿ-ի վերջին շրջանի պասիվության եւ անելիքների մասին զրույց ունեցանք Զուրաբյանի հետ։ Ի դեպ, զրույցի հենց սկզբում նա կասկածի տակ դրեց խորհրդարանում ընդդիմության գոյության փաստը․ «Ո՞ւր է ընդդիմություն, իրենք ի՞նչ ընդդիմություն, ես լուրջ չեմ ընդունում»։ Ընդդիմության «գործի» մասին Զուրաբյանի պատկերացումներն այլ են․ «Ընդդիմության գործը շատ ավելի լուրջ է, շատ ավելի կարեւոր եւ ճիշտ ուղղություններով կարելի է քննադատել»։
- Պարոն Զուրաբյան, ասում եք, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, իսկ ՀԱԿ-ը ո՞ր դաշտում է, վերջին մեկ տարվա ընթացքում երբեմնի ամենառադիկալ ուժի՝ ՀԱԿ-ի կարգավիճակն այնքան էլ հասկանալի չէ՝ ո՛չ ընդդիմադիր եք, ո՛չ իշխանություն, դուք ո՞ր դաշտում եք։
- Ճշմարտության, մենք ճշմարտության դաշտում ենք՝ ինչպես միշտ։
- Իսկ քաղաքագիտական առումով, գուցե, այլընտրա՞նք եք։
- Գիտեք, մենք անպայման չպիտի մեզ ինչ-որ տեղ տեղավորենք, ասենք՝ մենք սա ենք կամ նա, մենք ինչ որ անում ենք, ելնում ենք պետության շահից՝ ճշմարտության ելակետն ունենալով, եթե այս իշխանությունները, որոնց հետո ի վերոջ մենք հեղափոխություն էինք սկսել 2007 թվականին, ինչ-որ բան անում են հանուն հեղափոխության իդեալների, մեր ընդհանուր իդեալների իրականացմանը, մենք, բնականաբար, ե՛ւ աջակցում ենք, ե՛ւ հանդես ենք գալիս խորհուրդներով։ Եթե իրենք ձախողում են այդ գործը, բնականաբար, մենք իրենց քննադատում ենք, որովհետեւ հեղափոխությունը եւ դեմոկրատիան մեկինը չէ, այս իշխանությանը չէ, դա ամբողջ ժողովրդինն է, մենք էլ ենք պահանջատեր այդ հարցում։
- Պարոն Զուրաբյան, Ձեր եւ Նիկոլ Փաշինյանի ճանապարհներն ինչ-որ պահից բաժանվեցին՝ հայտնի պատճառներով, դուք ասում եք՝ մենք ճանապարհ ենք անցել, հեղափոխությունը սկսել դեռ 2007-ից, արդյոք իշխանափոխությունից հետո ձեր մոտեցումները կրկի՞ն համընկնում են։
- Հեղափոխությունը լրիվ մաքրեց անցյալում տեղի ունեցած բոլոր հակասությունները, հիմա զրոյից սկսված պատկեր է, ժողովուրդն իր ալիքով լվաց բոլոր հնարավոր տարաձայնությունները։ Բայց ոչ ոք չպիտի մտածի, որ հեղափոխությունը բոլոր հարցերը լուծել է, դրանից հետո պիտի հանգստանալ։ Հեղափոխության ուժն էլ կարող է սխալվել, կարող է հետո շեղվել։ Մեր գործը տեսնում ենք դրա մեջ, որ հեղափոխության իդեալը, ժողովրդավարությունը Հայաստանում կայանալու այս գործընթացը չձախողվի։ Եթե դրա համար պետք է աջակցել այսօրվա իշխանություններին, մենք աջակցելու ենք, եթե պետք է անխնա քննադատել, մենք հենց այդպես էլ վարվելու ենք։
- Դատելով ՀԱԿ-ի պահվածքից՝ կարող ենք ասել, որ իշխանությունը սխալներ չի անում գոնե մինչեւ այս պահը, ձեզանից քննադատություն կարծես չենք լսել։
- Ո՞նց չի արել, ոչ միայն արել է, մենք այդ սխալները նշել ենք, ես բազմիցս բավականին լուրջ քննադատություն եմ ներկայացրել, հիմա ես չպիտի նստեմ հիշեմ, ինվենտարիզացիա անեմ, թե ինչն է քննադատել, բայց բազմիցս է քննադատել։
- Պարոն Զուրաբյան, դատարանները պաշարելու Նիկոլ Փաշինյանի կոչից հետո անգամ անդրշիրիմյան կուսակցությունները հայտարարություններ տարածեցին, դուք լռություն եք պահպանում։ Ընդունելի՞ էր այդ կոչը, հակաօրինական, հակասահմանադրական գործընթաց չէ՞ր արդյոք։
- Ընդունելի չէր, բայց չի կարելի հավասարության նշան դնել կամ նույն հարթության մեջ քննարկել Ռոբերտ Քոչարյանի արածը՝ սահմանադրական կարգը տապալելու քայլը ու սա, չի կարելի։ Ռոբերտ Քոչարյանի արածը ճակատագրական նշանակություն է ունեցել հազարավոր մարդկանց, քաղաքացիների ճակատագրերի համար, վնաս է հասցվել, կյանքեր են խլվել, մարդիկ են վիրավորվել, տուժել եւ այլն։
- Իշխանությունը պատրաստվում է անցումային արդարադատություն կիրառել, ընդունելի՞ է այն ձեզ համար։
- Անցումային արդարադատության իշխանության կոնցեպցիան այնպես չի ընկալվում, այնպես չեն ուզում իրականացնել, ինչպիսին որ այն պետք է լինի։ Անցումնային արդարադատության գաղափարն առաջինը մենք ենք առաջ բերել՝ դեռ հեղափոխությունից անմիջապես հետո։ Ցավոք սրտի, չգիտես ինչու, երկար ժամանակ չէին ուզում դրանով զբաղվել, չնայած որ անհրաժեշտություն էր, հիմա զբաղվում են ուշացած, եւ մեր պարտքն է նաեւ բացատրել, թե որն է անցումային արդարադատությունը։ Դրա գլխավոր իմաստը սեփական պետության հետ քաղաքացու հաշտությունն է։ Եթե պետությունը տարիներ շարունակ զբաղվել է քաղաքացու իրավունքների ոտնահարմամբ, անցումային արդարադատությունը կոչված է այդ խզումը, օտարումը պետության եւ քաղաքացու միջեւ հաղթահարել։ Հազարավոր մարդիկ են Հայաստանում իրավազուրկ դարձել, սպանել են, վիրավորել, աշխատանքից հեռացրել, տարբեր բռնաճնշումների ենթարկել, այս մարդկանց իրավունքներն ո՞վ է վերականգնելու։ Ամբողջ աշխարհում անցումային արդարադատության գլխավոր գործիքը ճշմարտության եւ հաշտության հանձնաժողովի ստեղծումն է, դա հատուկ պետական մարմին է, որը գույքագրում է ամբողջ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը եւ գործուն միջոցներ ձեռնարկում, որ մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնվեն։ Մենք առաջարկում ենք նաեւ այդ հանձնաժողովի ձեւավորման սկզբունքը, այն պետք է լինի միջգերատեսչական հանձնաժողով, որում ներգրավված կլինեն ե՛ւ կառավարության ներկայացուցիչներ, ե՛ւ ԱԺ, ե՛ւ արդարադատության, ե՛ւ դատախազության ու ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
- Իշխանության տեսլականը ո՞րն է այս հարցում։
- Իրենք չեն խոսում այդ ճշմարտության հանձնաժողովի մասին։ Մինչդեռ այդ հանձնաժողովը առանցքն է անցումային արդարադատության։
- Ի դեպ, պարոն Զուրաբյան, շատերի մոտ այն տպավորությունն է, որ տերպետրոսյանական ժամանակներն են վերադարձել՝ Փաշինյանի դեմքով։ ՀԱԿ առանցքային գործիչներդ հանդիպո՞ւմ եք Փաշինյանի հետ, կա՞ ազդեցություն իշխանությունների վրա։
- Գիտեք, հաճելի է, որ բոլորը մտածում են, թե մենք իշխանություն ունենք, իշխանություն ունենք, պատասխանատվություն չենք կրում ոչ մի բանի համար, իրականում դրանք անլուրջ խոսակցություններ են։
- Իսկ ՀԱԿ-ն ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի, օրինակ՝ հաջորդ ընտրություններին մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ։
- Ես միշտ կողմնակից եմ մասնակցության։
Կարծիքներ